Մատչելիության հղումներ

«Ո՛չ թալանին»-ը հոսանքի թանկացումը չեղարկելու վերջնաժամկետ է ներկայացնում


Երեկվանից ակտիվ պայքարի վերադարձած «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը մինչև սեպտեմբերի 11-ի հանրահավաքը իշխանություններին էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը չեղարկելու վերջնաժամկետ է սահմանում։ Պահանջը չկատարելու դեպքում խոստանում են անժամկետ բողոքի ակցիաներ՝ չբացառելով անգամ Բաղրամյան պողոտայում նստացույց սկսելու տարբերակը։

«Այդ օրը մենք դուրս ենք գալու փողոց և մնալու ենք փողոցում, որովհետև տեսանք՝ եթե չմնանք փողոցում, իրենց համար թքած բան է մարդկանց խաբերը։ Նախագահի աթոռը զբաղեցնող մարդը շատ հանգիստ կարող է ժողովրդին խաբել»։

Ակտիվիստներին բարկացրել է կառավարության վերջին որոշումը, որի համաձայն ամսական 500 կվ/ժամից ավելի հոսանք սպառելու դեպքում փոքր ձեռներեցները կզրկվեն փոխհատուցումից։

«Մենք համոզվեցինք, որ այդ միջանկյալ լուծումներն էլ այսպես ասած միջանկյալ չեն, և ընթացքում լուծում էլ չեն, մարդիկ հայտարարում են մի բան, անում են այլ բան։ Միանշանակ ամսի 11-ին շատ ավելի հզոր հավաք ենք ունենալու»։

Մինչ հանրահավաքը նախաձեռնության անդամները իրազեկման ակցիաներ են սկսել, այցելում են ձեռներեցներին և հորդորում չստորագրել հոսանքի համար բարձր սակագին սահմանող ՀԷՑ-ի նոր պայմանագրերի տակ։

Կրպակատերերից շատերն անգամ տեղյակ չէին, որ մի քանի օրից ստիպված են լինելու օգոստոսին սպառած հոսանքի դիմաց վճարել բարձրացված սակագնով՝ 1 կվ/ժամը 49 դրամ, նրանք հիշեցնում էին՝ հունիսի 27-ին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի թանկացման ողջ բեռը։

«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամների խոսքով՝ իշխանությունները միտումնավոր են թյուրիմացության մեջ գցել հասարակությանը՝ կրքերը հանդարտեցնելու համար, մինչդեռ մի քանի օրից՝ հոսանքի վճարումների ժամանակ դեռ շատերը անակնկալի կգան։

«Դուք էլ տեսաք, որ շատ մարդիկ պարզապես տեղյակ չեն խնդրից, շատ ավելի արդյունավետ է մտնել խանութներ ու տեղեկացնել՝ ժողովուրդ, ձեր հոսանքը թանկացել է, և դուք պետք է գաք պայքարի»։

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող, Հանրապետության հրապարակում արդեն 50 օր շուրջօրյա նստացույց անցկացնող «Ոտքի՛ Հայաստան» շարժումը հայտարարում է՝ պատրաստ են «Ո՛չ թալանին» նախաձեռնության հետ միասնական պայքարի։

«Կյանքը ստիպեց մեզ, կարելի է ասել՝ իրադարձությունները զարգացան այնպես, որ երկու նախաձեռնությունն էլ տեսնում են համատեղ գործելու անհրաժեշտությունը, իրականում բացակայում է որևէ պատճառ միասնական չգործելու»,- նշեց «Ոտքի՛ Հայաստանի» անդամ Անդրիաս Ղուկասյանը։

XS
SM
MD
LG