Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյան․ Սերժ Սարգսյանը Հայաստանը տանում է դեպի կուսակցապետություն


«Ժառանգությունը» դեմ է Սահմանադրության ցանկացած փոփոխության, որը առաջակում է ոչ լեգիտիմ իշխանությունը, ասում է կուսակցության հիմնադիրը:

«Ժառանգությունը» դեմ է Սահմանադրության ցանկացած փոփոխության, որը առաջակում է այս ոչ լեգիտիմ իշխանությունը` «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում հայտարարեց կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:

Տևական արձակուրդից հետո նախօրեին հայրենիք վերադարձած ընդդիմադիր գործիչը այսօր առաջին անգամ հրապարակավ խոսեց սահմանադրության նախագծի մասին:

«Պարոն Սարգսյանը, ով ապօրինի նստած է իր աթոռին, փորձում է մտածել, որ ինքը ինչպես մնա պատկան առաջիկայում և ձևը գտել է, որ՝ ինձանից հետո, թեկուզ ջրհեղեղ․․․ եթե մինչև հիմա ավտորիտար էր, հիմա կլինի կուսակցապետություն: Իսկ այդ կուսակցապետությունը Հայաստան աշխարհը և Հայաստանի քաղաքացուն տանում է ոչ լավ ապագայի», - մասնավորապես, ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ընդդիմադիր առաջնորդը վաղը կուսակցության ժողով է անցկացնելու, հիմնական հարցը Սահմանադրական բարեփոխումներն են և դրանց դեմ պայքարը։ Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով, իրենց խնդիրն ավելին է, քան միայն «ոչ»-ի պայքարը․ - «Մենք պատրաստ ենք համագործակցել, սովորել սեփական սխալներից և համագործակցել այն ուժերի հետ, ովքեր ուզում են ինքնիշխան սահմանադրական Հայաստան»:

«Ազատության» դիտարկմանը, թե սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող ուժերը խոստանում են «ոչ»-ի պայքարը իշխանափոխության վերածել, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ իրենք էլ իշխանությունների հրաժարականին կողմ և իր կարծիքով, եթե Սերժ Սարգսյանը խիղճ ու ղեկավարման ձիրք ունենար՝ պաշտոնից ինքնակամ կհեռանար։

«Այո՛, մենք պահանջում ենք Սերժ Սարգսյանի և իր վարչակարգի հրաժարականը և հեռացումը հանուն Հայաստանի Հանրապետության: Այսպես շարունակելով՝ Հայաստանը գնում է դեպի անդունդ», - հայտարարեց «Ժառանգության» հիմնադիրը:

Հովհաննիսյանի խոսքով ժողովուրդը այս պայքարում միասնություն է պահանջում, և իրենք պատրաստ են համագործակցել քաղաքացիական ու քաղաքական ուժերի հետ։ Մի քանի օր առաջ «Ժառանգությունը» որոշել էր նախագահ Սարգսյանի հետ հանդիպմանը չմասնակցել, սակայն Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը օրեր անց Ազգային ժողովում հանդիպել էր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ներկայացուցիչների հետ: Դրանից հետո կուսակցության անդամները սկսել էին միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնել։ Այսօր փորձեցինք ճշտել Րաֆֆի Հովհաննիսյանի դիրքորոշումը, ով այդ օրերին Հայաստանում չէր։ Գեներալ Գուրգեն Դարիբալթայանի հոգեհանգստին եկած Հովհաննիսյանն ասաց՝ տեղը հարմար չէ․ - «Եկել եմ հոգեհանգստին գեներալի, որը մեծ ավանդ է ունեցել մեր բանակաշինության և սահմանների պաշտպանության գործում և չեմ համարում, որ այս հարցը հարիր է այս տեղանքի կամ ժամանակահատվածի»:

XS
SM
MD
LG