Մատչելիության հղումներ

Փախստականները ողբալի վիճակում են, Եվրոպան` դժվարին կացության առջև


3-ամյա Այլանի անշնչացած մարմինը Թուրքիայի Բոդրում քաղաքի ափերին
3-ամյա Այլանի անշնչացած մարմինը Թուրքիայի Բոդրում քաղաքի ափերին

Սիրիացի երեքամյա խեղդված տղան, որին ալիքները դուրս էին հանել թուրքական ափ, մեկ անգամ ևս ընդգծում է փախստականների ծայրահեղ ծանր վիճակն ու Եվրոպայում նրանց ընդունելու դժկամության հետևանքը։

Քուրդ անկենդան տղայի մարմինը պատկերող լուսանկարներն ու տեսագրությունները հուզմունքի մեծ ալիք են բարձրացրել ամբողջ աշխարհում։ Պատկերներ, որոնք դառնում են ՝՝Իսլամական պետություն՛՛ ծայրահեղական խմբավորումից խույս տալու համար իրենց հայրենիքը լքող հարյուր հազարավոր մարդկանց անելանելի վիճակի և Եվրոպայում նրանց աջակցելու դժկամության խորհրդանիշ։

Այս երեխայի հետ Սիրիայից դեպի Հունաստան փախուստի դիմելու ճանապարհին խեղդվել էին նաև նրա մայրն ու եղբայրը։

Միջազգային համաներում կազմակերպությունից Շերիֆ Էլյասեդ Ալին այս առնչությամբ ասում է.՝՝Անհնար է նայել այս լուսանկարին, ու խուսափել ինչ-որ կերպ օգնելուց։ Ինչ-որ մի բան պիտի արվի, ինչ-որ մի բան պիտի փոխվի։ Եվրոպան չի կարող այլեւս շարունակել փախստականներին չօգնելու քաղաքականությունը՛՛։

Չնայած գրեթե ամեն օր գրանցվող մահվան դեպքերին, փախստականները շարունակում են Թուրքիայի ափերից հեռանալ դեպի Հունաստան։ Միայն անցյալ շաբաթ Թուրքիա ժամանած սիրիացի փախստականներից 23 հազար մարդ է մեկնել Հունաստան։ Այս դժվարին ուղին հաջողվել է հաղթահարել Մուհամեդ ալ Մուրաթին ու նրա ընտանիքին։ Նրանք այժմ տեղավորվել են Հունաստանի Լեսբոս կղզում։

«Իմ տունը, որը կառուցելու համար ամբողջ մի կյանք չարչարվել եմ, ծախսել հավաքածս ամբողջ գումարը, թափել քրտինք ու արյուն, ոչնչացվեց մեկ վայրկյանի ընթացքում, օդանավից նետված մի ռումբի պայթյունից։ Ոչնչացել է ամեն ինչ, մեր ապագան, անցյալն ու ներկան։ Սիրիա այլեւս չկա»,- ասում է նա:

Մուհամեդի ու նրա ընտանիքի համար ճամփորդությունն ավարտված չէ։ Նրանց վերջնանպատակը Արեւմտյան Եվրոպան է, ճանապարհն անցնում է Բալկաններով ու Հունգարիայով։ Իսկ վերջինս թույլ չի տալիս փախստականներին անցնել իր տարածքով։

Հունգարիայի իշխանությունների որդեգրած քաղաքականության արդյունքում այս երկրում տեղի են ունենում բախումներ ոստիկանական հատուկ ուժերի ու փախստականների միջեւ։ Նույնիսկ լրագրողներին են պարտադրել հեռանալ տարածքից։

Հունգարիան հայտարարում է, թե դա Բեռլինի խնդիրն է, ոչ թե իր։ Սակայն, Գերմանիան, Ֆրանսիան ու Իտալիան հանդես են եկել փախստականներին ամբողջ Եվրոպայում հավասարաչափ բաշխելու կոչով։

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այս իրավիճակի առնչությամբ ասել է. «Բացի այս տղայից, ես մտածում եմ նաեւ այն զոհերի մասին, որոնց դիակներն անգամ դուրս չեն եկել ափ։ Մտածում եմ նրանց մասին, ովքեր զոհ են դառնալու մեր օգնության բացակայության դեպքում։ Այսօր եկել է օգնության ժամը»։

Մեծ Բրիտանիան հայտնվել է սուր քննադատության ներքո, սիրիացի ոչ բավարար փախստականների ընդունելու համար։ Սակայն, մինչ երեքամյա տղային հողին էին հանձնում իր հայրենի Քոբանի քաղաքում, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քամերոնը հայտարարեց, որ իր երկիրը կիրականացնի իր բարոյական պատասխանատվությունը։ Նա խոստացել է հատկացնել ևս 152 միլիոն դոլար՝ փախստականներին օգնելու համար։

Արամ Վանեցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG