Մատչելիության հղումներ

Գյումրիում օծվեց Հայ կաթողիկե Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ եկեղեցին


Այսօր երեկոյան նորակառույց եկեղեցում կմատուցվի առաջին պատարագը:

Այսօրվանից Գյումրիի կենտրոնում ևս մեկ եկեղեցի կգործի: Հինգ տարի կառուցելուց հետո այսօր օծվեց Հայ կաթողիկե Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ եկեղեցին՝ դռները բացելով Շիրակի մարզի շուրջ 20 հազար կաթոլիկների առջև: Նախագահ Սերժ Սարգսյանը հատուկ եկեղեցու բացման առիթով էր Գյումրիում:

Գյումրիի կաթողիկե համայնքը մոտ 90 տարի գործող եկեղեցի չուներ, Սբ. Պատարագի մատուցումը և եկեղեցական մյուս ծեսերը կատարվում էին առաջնորդարանի մատուռում:

«Շատ կարևոր է, որովհետև մարդիկ հիմա հավատքից հեռացել են, և արդեն կյանքը դեպի վատն է գնում, իսկ եթե հավատ ունենան, արդեն ուրիշ ձևի կնայեն կյանքին։ Ես Առաքելական եկեղեցու հավատացյալ եմ, բայց հաճախում եմ Կաթողիկե, տարբերություն չկա, բայց այստեղ ավելի հանգիստ կզգամ, ավելի խաղաղ, բացատրություններն ուրիշ ձևի են», - ասաց այցելուներից մեկը։

Մեկ այլ այցելուի խոսքով էլ. - «Եկեղեցու անհրաժեշտությունը կա։ Ասույթը մենք էլ ենք ասում՝ «տեսնում են աչքով, նոր են հավատում, բայց երանի նրանց, ովքեր առանց տեսնելու են հավատում»։

Եկեղեցին օծվեց Հռոմի պապի ներկայացուցիչ կարդինալ Լեոնարդո Սանդրիի համանախագահությամբ և Հայ կաթողիկե եկեղեցու նորընտիր կաթողիկոս-պատրիարք Գրիգոր Պետրոս 20-րդ Գապրոյանի ձեռամբ:

Այսօր երեկոյան նորակառույց եկեղեցում կմատուցվի առաջին պատարագը: «Թիվը կարևոր չէ, երկու հոգի էլ լինի՝ Քրիստոսն իրենց մեջ կլինի։ Առաջ ավելի շատ կային [այցելուներ], բայց մեկնեցին՝ անգործության և դժվարությունների բերումով, բայց հույս ունեմ, որտեղ որ հիմա ապրում են, իրենց հավատքի վկայությունը կտան, կապրեն իբրև հայ և իբրև քրիստոնյա այս հեթանոսացած մեր աշխարհի մեջ», - ասաց Գրիգոր Պետրոս 20-րդը։

Եկեղեցու բացմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ներկայացուցիչներ Մայր Աթոռից:

Եկեղեցու օծումը տևեց մեկ ժամից ավելի, որից հետո Սերժ Սարգսյանը Գյումրիից ուղևորվեց Դիլիջան: Նրան հարց տալու՝ լրագրողների փորձերն անարդյունք էին:

Մինչ Գյումրիից մեկնելը Սերժ Սարգսյանը առանձնացավ քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ, զրույցը լսելի չէր, սակայն նախագահի դեմքի արտահայտությունից կարելի էր ենթադրել, որ նա ինչ-որ բանից դժգոհ էր: Թե հատկապես ինչից ՝ այդպես էլ պարզ չդարձավ. նախագահի մեկնելուց հետո քաղաքապետն էլ շատ արագ հեռացավ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG