Մատչելիության հղումներ

«Ոչ»-ի ճակատն առաջին հանրահավաքն անցկացրեց Գյումրիում


Գյումրիում այսօր կայացած հանրահավաքով ու երթով «Ոչ»-ի ճակատը սկսեց իր փողոցային պայքարը նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների դեմ։

Թատերական հրապարակի հարթակից ելույթներ ունեցան Հայ ազգային կոնգրեսի, «Ժառանգության», «Հիմնադիր խորհրդարան»-ի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։

«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը սահմանադրական բարեփոխումը մերժող քաղաքացիներին առաջարկեց տեղերում ստեղծել «բջիջներ»՝ մոբիլիզացնելու «Ոչ»-ի պայքարը։

«Ցանցային դիմադրությունը չի կարող խափանվել Սերժ Սարգսյանի կողմից»,- համոզմունք հայտնեց ընդդիմադիր պատգամավորը.- «Մենք պետք է իրենց ցույց տանք մեր դիմադրությունը և անհնազանդությունը»։

ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը ևս միասնական պայքարի կոչ արեց.- «Ամենահայտնի գողերը, ամենակոռումպացված, ամենաքրեական տարրերը իշխում են Հայաստանի վրա, և հանկարծ հրեշտակ է իջել, որոշել է բարեփոխել Հայաստանը, իսկ այդ բարեփոխման տակ քանդվում է ամբողջ Հայաստանը, կառավարման ամբողջ համակարգը։ Մեր երկիրը, որ գտնվում է պատերազմական իրավիճակում, կարիք ունի պրեզիդենտի, ոչ թե Սերժի, այլ պրեզիդենտի, և Սերժը, որպեսզի իր մութ, թաքուն երազը իրականացնի, հավերժ մնա, պրեզիդենտի պոստը հանում է»։

Հանրահավաքի երկրորդ հատվածում ելույթ ունեցան «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը և Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։ Զուրաբյանը հորդորեց նոր Սահմանադրությանը «ոչ» ասելով մերժել նաև Սերժ Սարգսյանին, թալանին, արտագաղթին, օլիգարխիային, ընտրակեղծարարությանը և կերտել ժողովրդավարական Հայաստան։

«Ո՛չ Սահմանադրության այս կեղծ փոփոխություններին և այո՛ ազատ անկախ, առանց Սերժ Սարգսյանի Հայաստանի Հանրապետությանը»,- իր ելույթում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Ելույթներին հետևեց Գյումրիի կենտրոնական փողոցներով բողոքի ցույցի մասնակիցների երթը, որից հետո նրանք կրկին վերադարձան Թատերական հրապարակ։ «Ոչ»-ի ճակատի հաջորդ բողոքի ակցիան տեղի կունենա Երևանի Ազատության հրապարակում՝ հաջորդ ուրբաթ, հոկտեմբերի 2-ին։

«Ոչ»-ի ճամբարին միավորած «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը «Ազատության» հետ զրույցում չբացառեց, որ կարող են երևանյան հանրահավաքի ժամանակ բողոքի տարբեր գործողությունների դիմել։

Այսօրվա հանրահավաքի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Գյումրիի քաղաքապետարանը՝ պատասխանելով հանրահավաքի բանախոսների հայտարարություններին, թե քաղաքապետարանը խոչընդոտել է հանրահավաքի կազմակերպչական աշխատանքներին:

«Հայտնում ենք, որ քաղաքապետարանը հանրահավաքի կազմակերպիչներից հանրահավաքի անցկացման համար էլեկտրաէներգիայի ապահովման հարց չի բարձրացրել թե՛ քաղաքապետարանի, և թե՛, մեր տեղեկություններով, թատրոնի ղեկավարության մոտ: Հարկ ենք համարում նշել, որ սեպտեմբերի 16-ին հանրահավաքի կազմակերպիչներից ստացվել է իրազեկում, որում նրանք հայտնել են, որ իրենց կողմից հանրահավաքի կազմակերպման համար օգտագործվելու է շարժական էլեկտրագեներատոր։ Բանախոսների կողմից արված հայտարարությունները միտված են աղմուկ բարձրացնելու իրենց հանրահավաքների շուրջ»,- ասված է հայտարարությունում։

XS
SM
MD
LG