Մատչելիության հղումներ

Հարութ Սասունյան. «Եթե չես ուզում, որ խառնվեմ, մի՛ ընդունիր այդ փողը»


«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիրն անդրադարձել է Ռիչարդ Միլսի՝ կոռուպցիայի մասին հայտարարությանն ու ՀՀԿ-ականի արձագանքին։

Հայաստանում Ամերիկայի դեսպանն իրավունք ունի խառնվելու Հայաստանի ներքին գործերին, հատկապես, շատ պարզ պատճառով, որ Ամերիկան ֆինանսավորում է այդ ծրագիրը։ «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» ծրագրի ժամանակ այսպիսի համոզմունք հայտնեց «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը։

Հիշեցնենք, Ռիչարդ Միլսը «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ կոռուպցիան խոչընդոտում է տնտեսական աճը։ «Վտանգում է մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը և անգամ` կարծում եմ, այն երկրի ազգային անվտանգությունը, որտեղ կոռուպցիա կա, քանի որ արտաքին ուժերը կարող են վերահսկել ձեր երկրի զարգացումը», - ասել էր Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը:

Իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը Վահրամ Բաղդասարյանը, արձագանքելով դեսպանի այս հայտարարությանը, խորհուրդ էր տվել դեսպանին չմիջամտել Հայաստանի ներքին գործերին։ «Մեր խնդիրներով ցանկալի է, որ զբաղվի Հայաստանի Հանրապետությունը», - ասել էր Բաղդասարյանը՝ հավելելով. - «Շատ ուրախ եմ, որ իրենք ցանկություն ունեն, որ Հայաստանում ավելի լավ լինի վիճակը, բայց նման սուր գնահատականները... և ընդհանրապես չեմ կարծում, որ կարելի է միջամտել ներքաղաքական խնդիրներին։ Կարելի է ընդառաջել»։

Սասունյանի խոսքով՝ «սխալ է այն տեսակետը, երբ որևէ մեկն ասում է, որ դեսպանը պետք չէ զբաղվի կամ դեսպանն իրավունք չունի խառնվելու»: «Դեսպանը պետք է զբաղվի՝ շատ պարզ պատճառով, որովհետև պարզ բան է, որ ամերիկյան կառավարությունը ֆինանսավորում է ծրագիրը, և եթե նույնիսկ կոռուպցիա չլիներ, եթե ֆինանսավորում է մի ճանապարհ, դեսպանին չես կարող ասել՝ «մի՛ խառնվիր», թե ճանապարհը խաբում են, կեղծում են, օրինակ՝ ասֆալտի որակը, քանակը, կամ ճանապարհը ծուռ է, խորդուբորդ է: Մարդը փող է տալիս՝ ուզում է իր փողն իր նպատակին հասնի», - ընդգծեց «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիրը։

Հարութ Սասունյանի կարծիքով, կոռուպցիան վնասում է ժողովրդի շահերը, և կոռուպցիան վերացնելը բխում է ազգի շահերից։ «Մենք այդ կոռուպցիա պետք է վերացնենք, ոչ թե որովհետև Ամերիկան պահանջում է, պնդում է, դեսպանը փող է տալիս, պետք է վերացնենք, եթե նույնիսկ Ամերիկա չլիներ, դեսպան չլիներ և փող չլիներ», - շեշտեց «Կալիֆորնիա Կուրիեր»-ի խմբագիրը։

Սասունյանը նշեց, որ երկար տարիներ աշխատելով ամերիկահայ գործարար Քըրք Քըրքորյանի հետ՝ ինքն էլ Հայաստան գալիս մանրակրկիտ հետևում էր «Լինսի» հիմնադրամի աշխատանքներին։ «Ես տարիներով ծառայել եմ պարոն Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնարկի ծրագրին, որ էստեղ գալիս էի, ես էլ դրսից գալիս էի խառնվում էի ծրագրի բոլոր մանրամասներին, ինչու՝ որովհետև մենք ֆինանսավորում ենք այդ ծրագիրը, մենք իրավունք ունենք խառնվելու: Եթե չես ուզում, որ խառնվեմ, մի՛ ընդունիր այդ փողը», - ասաց Սասունյանը։

Անդրադառնալով Քըրք Քըրքորյանի վերջին տարիների գործունեությանն ու լուրերին, թե գործարարը նեղացել էր Հայաստանից, այդ պատճառով փակեց «Լինսի» հիմնադրամը, Սասունյանն ասաց. - «Ես շատ լավ իմանում եմ, թե ինչ պատահեց, որովհետև ես այնտեղ բարձրաստիճան պաշտոնյա էի և պատասխանատու էի գործերին։ Պարոն Քըրքորյանը ոչ վշտացավ, ոչ փոքրացրեց իր օգնությունը։ Ես իր հետ խոսել եմ հարյուրավոր անգամ այս հարցերով․ ինքը որոշել էր տասնյակ տարիներ առաջ, որ եթե մի քիչ տարիքը հասունանա, այլևս չի ուզում շարունակել առօրյա էս ծրագիրները, խնդրանքներ, որոշումներ և այլն, ուզում է, որ փակեր «Լինսի»-ն ինքը ու բոլոր փողերը դներ կտակի մեջ հետմահու, որ բաժանվեր բարեսիրության։ Էդ էր իր ծրագիրն առաջին օրից»։

Դիտարկմանը, թե շատերը մտածում են, որ Քըրքորյանը կտակով մեծ գումար է թողել Հայաստանին, Սասունյանն այսպես արձագանքեց. - «Ձեզ մեկ-երկու բան ասեմ. մեկը՝ որ պետք չէ շտապել, ուրեմն՝ որոշ դատական քայլեր կան, որ պետք է անցնի, դա որոշ ժամանակ է խլում։ Պարոն Քըրք Քըրքորյանը իր փողերը գրեթե 100 տոկոսը թողել է բարեսիրության համար»։

«Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման սեպտեմբերի 27-ի թողարկումը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG