Մատչելիության հղումներ

ԼՂ իշխանությունները խոչընդոտ են տեսնում ԵԽԽՎ զեկուցողի հետ համագործակցության հարցում


«Ազատություն»․ - Վերջերս ԵԽԽՎ քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի զեկուցող Ռոբերտ Ուոլթերը դիմել է պաշտոնական Ստեփանակերտին՝ խնդրելով աջակցել «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» զեկույցի պատրաստման նպատակով Լեռնային Ղարաբաղ այցելելու հարցում։ Ինչպիսի՞ն է ղարաբաղյան կողմի պատասխանը ԵԽԽՎ զեկուցողին։

Ալեքսանյան․ - Ռոբերտ Ուոլթերն, իրոք, սեպտեմբերի 22-ին գրավոր դիմում է հղել ԼՂՀ իշխանություններին՝ խնդրելով աջակցել Արցախ այցելելու հարցում։ Ի պատասխան պրն. Ուոլթերին ենք փոխանցել մեր դիրքորոշումն այդ հարցի շուրջ։

Կարծում ենք, որ զեկույցի վերնագիրը արտացոլում է հակամարտության միայն մեկ կողմի՝ Ադրբեջանի դիրքորոշումը, ինչը կանխորոշում է զեկույցի բովանդակությունը և եզրակացությունները։ Մեր կարծիքով, նման մոտեցումը խախտում է Եվրոպայի խորհրդի զեկույցների պատրաստման հիմնական սկզբունքները, որոնք են՝ անկողմնակալությունն ու չեզոքությունը, ինչը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ համագործակցությունը։

Բացի այդ, ակնհայտ է, որ իր զեկույցում Ռոբերտ Ուոլթերը մտադիր է նաև անդրադառնալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ռազմաքաղաքական ասպեկտներին։ Այս կապակցությամբ, մենք նշել ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցերը դիտարկվում են համաձայնեցված ձևաչափով, որն ունի միջնորդական գործունեություն իրականացնելու մանդատ՝ ճանաչված միջազգային հանրության կողմից։ Հակամարտության բոլոր երեք կողմերի հետ համաձայնեցված ձևաչափն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որն անհրաժեշտ փորձ է կուտակել, ինչը թույլ է տալիս միջնորդներին մասնագիտորեն, հետևողականորեն և ինստիտուցիոնալ հիմքերի վրա իրականացնել իրենց գործունեությունը։

«Ազատություն»․ - Կարծո՞ւմ եք, որ Եվրոպայի խորհուրդն ու ԵԽԽՎ-ն կարող են աջակցել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը:

Ալեքսանյան․ - Եվրոպայի խորհրդի նպատակն է կառուցել Եվրոպա՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության սկզբունքների վրա։ Համոզված ենք, որ հենց այդ արժեքների խթանմամբ Եվրոպայի խորհուրդը և ԵԽԽՎ-ը կկարողանան իրենց եզակի ներդրումն ունենալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։

Պատահական չէ, որ Ադրբեջանում հիմնարար ազատությունների սահմանափակման, լրագրողների և իրավապաշտպանների դեմ ճնշումներին զուգահեռ պաշտոնական Բաքվի դիրքորոշումը բանակցային գործընթացում գնալով ավելի անզիջում է դառնում, հռետորաբանությունը՝ ավելի ագրեսիվ, իսկ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման ծավալներն ու բնույթն՝ ավելի սպառնալից։

Այս իրավիճակում ժողովրդավարական արժեքներից Ադրբեջանի հրաժարվելու նկատմամբ ԵԽԽՎ անտարբեր դիրքորոշումը տարակուսանք է առաջացնում։ Զարմանալի չէ, որ Ադրբեջանի մոտ ամենաթողության կեղծ զգացում է առաջանում, ինչն արտացոլվել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավարի հայտարարության մեջ՝ «Եվրոպայի խորհուրդը պատկանում է Ադրբեջանին»։ Հատկանշական է, որ սույն արտահայտությունը հնչել է այն բանից հետո, երբ 2013 թ. ձմեռային նստաշրջանի ժամանակ Ռոբերտ Ուոլթերը տապալել է Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ պատգամավոր Շտրասերի զեկույցի ընդունումը՝ պատճառաբանելով, որ զեկուցողը հնարավորություն չի ունեցել այցելել Ադրբեջան։

«Ազատություն»․ - Վերջերս ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող մարդկանց իրավունքները պետք է պաշտպանվեն, քանի որ նրանք նույնպես Եվրոպայի խորհրդի անդամներ են։ Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունը։

Ալեքսանյան․ - Մենք կիսում ենք ինչպես տիկին Բրասերի, այնպես էլ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թ. Յագլանդի դիրքորոշումն առ այն, որ Եվրոպայի խորհրդի չափանիշները պետք է հասանելի լինեն եվրոպական տարածքի բոլոր քաղաքացիներին՝ անկախ բնակության վայրից։

ԼՂՀ-ն իր հերթին այդ ուղղությամբ հետևողական քայլեր է ձեռնարկում և արդեն միակողմանիորեն միացել է Եվրոպայի խորհրդի մի շարք կոնվենցիաների՝ ներառյալ Եվրոպական մշակութային կոնվենցիան, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան, Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան, Հնագիտական ժառանգության պահպանության մասին Եվրոպական կոնվենցիան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG