Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանը «ապօրինի» է որակում Առաքել Մովսիսյանին առնչվող՝ դատարանի վճիռը


Առաքել Մովսիսյան, արխիվ
Առաքել Մովսիսյան, արխիվ

Ըստ այդ վճռի, Հատուկ քննչական ծառայությունում ՀՀԿ-ական պատգամավոր՝ «բռնաբարելու» և «գլխատելու» սպառնալիքներ հնչեցրած Առաքել Մովսիսյանի դեմ քրեական գործ չհարուցելը արդարացված է համարվել:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ոչ օբյեկտիվ ու ապօրինի է որակում Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ նախօրեին կայացրած վճիռը, ըստ որի, Հատուկ քննչական ծառայությունում ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի դեմ քրեական գործ չհարուցելը արդարացված է համարվել:

Քրգործ չհարուցելու՝ ՀՔԾ-ի որոշումը բողոքարկող՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը շարունակում է պնդել, որ հանրապետական պատգամավորի՝ ամիսներ առաջ արած հայտարարության մեջ հանցակազմ կա:

Հիշեցնենք՝ Մովսիսյանը հրապարակավ սպառնացել էր «բռնաբարել ու գլխատել» բոլոր նրանց, ովքեր կհանդգնեն պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին բացասական արտահայտություններ անել:

«Միանշանակ է, որ դատական իշխանությունը պարզապես հովանավորության տակ վերցրեց քննիչի ապօրինի որոշումը, նաև, իհարկե՝ հանցավոր գործողություն կատարած՝ Ազգային ժողովի հանրապետական խմբակցության պատգամավորին»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Սաքունցը:

Իրավապաշտպանը վստահ է՝ բավարար փաստարկներ ու հիմնավորումներ էր ներկայացրել այն մասին, որ ՀՔԾ-ն բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն չի իրականացրել: Մասնավորպես, ըստ Սաքունցի, ոչ Մովսիսյանին հարցաքաննել են, ոչ էլ դատաբժշկական, դատահոգեբանական փորձաքննություններ են նշանակվել, հասկանալու համար՝ հիշյալ սպառնալիքները հնչեցնելու պահին պատգամավորն ի՞նչ վիճակում է գտնվել, գիտակցե՞լ է արդյոք իր ասածը և արդյո՞ք կարող էր իրականցնել սպառնալիքը:

Թեպետ Առաքել Մովիսյանը չէր հստակացրել, թե հատկապես ի՞նչն է իրեն այդպես զայրացրել, որ «գլխատելու և բռնաբարելու» վերբերյալ հայտարարություն է արել, այդուհանդերձ հայտնի է, որ այդ հայտարարությունից օրեր առաջ պաշտպանության նախարարի կինը դատի է տվել «Հրապարակ» օրաթերթին՝ պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար:

Իրավապաշտպանը նկատում է՝ պատգամավորի սպառնալիքից հետո նախարարի կնոջն առնչվող հրապարակումները դադարեցին: «Ուստի ՝ սպառնալիքները տեղ են հասել»,- եզրակացնում է Սաքունցը:

Նա նաև հիշեցնում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ հանրապետական պատգամավորը աչքի է ընկնում նման վարքագծով, բայց պատասխանատվության չի ենթարկվում: Այս դեպքը համեմատելով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն առնչվող դեպքերի հետ, Սաքունցը պնդում է՝ անպատժելիության մթնոլորտում սպառնալիքը մի օր կարող է գործողություն դառնալ:

«Գործ ունենք արդեն բռնության հովանավորման, բռնության՝ որպես կենսակերպի ձևավորման հետ»,- շարունակում է Արթուր Սաքունցը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը տեղեկացրեց, որ բողոքարկելու է դատարանի վճիռը՝ զուգահեռաբար սպասելով նաև ԱԺ-ի էթիկյաի հանձնաժողովի՝ նույն միջադեդպի հետ կապված որոշմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG