Մատչելիության հղումներ

Կկրկնի՞ արդյոք «Ռուսթավի 2»-ը «Ա1+»-ի և НТВ-ի ճակատագիրը


«Ռուսթավի 2» հեռուստաընկերության շենքը Թբիլիսիում
«Ռուսթավի 2» հեռուստաընկերության շենքը Թբիլիսիում

Ընդդիմադիր հայացքներով հայտնի «Ռուսթավի 2»-ի ճակատագիրը խիստ մշուշոտ է։

Խոսքի ազատության սահմանափակո՞ւմ, թե՞ տնտեսվարող սուբյեկտների վեճ. արդեն մի քանի շաբաթ է ինչ Վրաստանում քաղաքական ուժերը չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ երկրի ամենաազդեցիկ լրատվամիջոցներից մեկի՝ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շուրջ ծավալված իրադարձությունների վերաբերյալ:

Այն բանից հետո, երբ օգոստոսին ալիքի նախկին սեփականատեր, գործարար Կիբար Խալվաշին դիմեց դատարան` հայտարարելով, որ Միխեիլ Սաակաշվիլիի մերձավորները 2006 թվականին իրեն ստիպել էին վաճառել հեռուստաընկերության բաժնետոմսերը, ընդդիմադիր հայացքներով հայտնի «Ռուսթավի 2»-ի ճակատագիրը խիստ մշուշոտ է։

Սաակաշվիլիի կողմնակիցները պնդում են, որ Խալվաշիի` բաժնետոմսերն իրեն վերադարձնելու պահանջով հայցը քաղաքական պատվեր է, որի նպատակն է 2016-ի աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ «Ռուսթավի 2»-ը դնել իշխանությունների լիակատար վերահսկողության տակ: Թբիլիսիի դատարանն, ի դեպ, արդեն իսկ մասամբ բավարարել է Խալվաշիի հայցը` մինչև խնդրի վերջնական լուծումը սառեցնելով ընդդիմադիր այս ալիքի բանկային բոլոր հաշիվները:

Ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժման» անդամները հոկտեմբերի սկզբից բողոքի ակցիաներ են կազմակերպում` կոչ անելով վերջ տալ «Ռուսթավի 2»-ի դեմ ծավալված ճնշումներին: Ամենաբազմամարդ բողոքի ակցիան կազմակերպվեց անցած շաբաթավերջին, Քութայիսիում` վրացական խորհրդարանի շենքի առջև:

Երեկ երեկոյան էլ «Ռուսթավի 2»-ի ուղիղ եթերում հյուրընկալվել էր Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Շատերը նրա այս քայլն ընկալեցին որպես աջակցության միանշանակ դրսևորում:

«Ռուսթավի 2»-ը, ինչպես և ցանկացած այլ լրատվամիջոց, վրացական հասարակության ձեռքբերումն է: Այն պաշտպանում է Վրաստանի քաղաքացիներին, ապահովում է երկրում ժողովրդավարության գոյությունը: Բոլոր քաղաքական ճամբարներում գտնվող գործիչներին ես այսօր կոչ եմ անում աջակցել խոսքի ազատությանը: Խոսքն, իհարկե, դատական պրոցեսին միջամտելու մասին չէ»,- ասաց Մարգվելաշվիլին:

Նույն այն ժամերին, երբ երկրի նախագահը «Ռուսթավի 2»-ի տաղավարում էր, իշխող «Վրացական երազանք» դաշինքի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի առանձնատան դիմաց կրկին հավաքվել էին հեռուստաընկերությանը իշխանություններից պաշտպանող ընդդիմության աջակիցները: Նրանցից ոմանց կարծիքով՝ «Ռուսթավի 2»-ի շուրջ ծավալված սկանդալը կարող է ավելի լայնածավալ քաղաքական պրոցեսների սկիզբ դառնալ:

«Քաղաքական բոլոր ուժերը պետք է միավորվեն Բիձինա Իվանիշվիլիի ծրագրերի դեմ: Մենք բոլորս պետք է միասնաբար պահանջենք, որպեսզի կառավարությունը հրաժարական ներկայացնի և երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն»,- հայտարարեց «Ազգային միացյալ շարժման» առաջնորդներից մեկը՝ Միխեիլ Սաակաշվիլիի երբեմնի մերձավոր զինակից Գիգա Բոկերիան:

Քաղաքական սկանդալի կիզակետում հայտնված «Ռուսթավի 2»-ը Վրաստանի հնագույն ոչ պետական հեռարձակող լրատվամիջոցներից է: Այն ստեղծվել է 1994-ին, իսկ 1995-ին արդեն՝ Էդուարդ Շևարդնաձեի նախագահության օրոք, ալիքը եթերազրկվեց: Հետագայում հեռուստաընկերությունը վերադարձավ եթեր, սակայն շարունակում էր պարբերաբար ենթարկվել իշխանության ճնշումներին:

2001 թվականին իշխանությունները «Ռուսթավի 2»-ին մեղադրեցին հարկերից խուսափելու մեջ: Այն ժամանակ ևս հազարավոր մարդիկ փողոց դուրս եկան` պահանջելով դադարեցնել ճնշումները: 2003-ին «Ռուսթավի 2»-ը դարձավ «Վարդերի հեղափոխության» թիվ մեկ աջակիցը վրացական մեդիադաշտում, իսկ Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության գալուց հետո արդեն 12 տարի է ինչ «Ռուսթավի 2»-ը ընկալվում է որպես «Ազգային միացյալ շարժում» կուսակցության գլխավոր խոսափող:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG