Մատչելիության հղումներ

Սուրիկ Խաչատրյանի վարորդի որդին գրավի դիմաց ազատ է արձակվել


Մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատունը Գորիսում
Մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատունը Գորիսում

Երեկ երեկոյան 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել «Սդղի գյոլի» ծեծկռտուքի գործով կալանավորված, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդի որդին՝ Դերենիկ Հակոբյանը, ում մեղադրանք էր առաջադրվել աչքի տեսողությունից զրկված Հարություն Զաքարյանի եղբորը միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու համար:

26-ամյա Դերենիկն առաջիններից մեկն էր, որ կալանավորվեց այս գործով, տուժողները նաև նրա անունն էին տվել, սակայն փաստաբան Արմեն Մելքոնյանը պնդում է՝ իր պաշտպանյալին 4 ամսից ավելի անազատության մեջ են պահել չհիմնավորված ենթադրություններով:

«Որևիցե մի փաստաթուղթ, մի փաստական հանգամանք վարույթն իրականացնող մարմինը, չորս ամիս առաջ որ մտել էր, չէր ավելացրել։ Նույն չհիմնավորված ենթադրությունները, որ հնարավոր է Դերենիկ Հակոբյանը փախչի, կատարի նոր հանցանք, չունենալով որևէ հիմք։ Եթե պիտի բավարարվի կալանքի ժամկետը երկարացնելը, բայց մենք կողմ չէինք, որ բավարարվի, ապա պետք է որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվի գրավը՝ հաշվի առնելով, որ Դերենիկ Հակոբյանը նախկինում դատված չի եղել, արատավորված չի եղել, ունի բարձրագույն կրթություն, ծառայել է հայկական բանակում, ճանաչվել է գերազանցիկ զինվոր, պարգևատրվել է դրա համար, ամուսնացած է»,- թվարկեց փաստաբանը։

Վարույթն իրականացնող Քննչական կոմիտեն, մինչդեռ, դեմ է երիտասարդին գրավով ազատ արձակելու որոշմանը՝ պնդելով, որ նա կարող է խոչընդոտել գործի քննությանը։ Կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի խոսքով, դիմել են դատախազին, որպեսզի բողոքարկեն այդ որոշումը Վերաքննիչ դատարանում։

«Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի համաձայն՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառվում է, եթե կան բավարար հիմքեր ենթադրելու, որ նա կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել միջդատական վարույթում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու կամ այլ նյութեր թաքցնելու նպատակով, խուսափել քրեական պատասխանատվությունից։ Տվյալ պարագայում քննիչը ունեցել է բավարար հիմքեր նման մտահոգություն ունենալու համար»,- փոխանցեց Տռուզյանը։

Նույն գործով երկու ամիս առաջ կալանավորվեց, օրերս էլ ազատ արձակվեց Սյունիքի մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը։ Ի տարբերություն վարորդի որդու՝ մարզպետի զավակը այս գործով դատարանի առջև չի կանգնի։ Նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ մեղադրյալներից մեկի տված ինքնախոստովանական ցուցմունքներից հետո:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը առաջին օրից հետևում է այս գործի քննությանը, պնդում է՝ Սյունիքի մարզպետի և նրա վարորդի որդիները ազատ են արձակվել, քանի որ Հայաստանում մարդկանց մի խումբ օրենքից վեր է, նրանց թվում է նաև Սուրիկ Խաչատրյանը։

«Սուրիկ Խաչատրյանը ինքը չէ իրեն դրել այդ դասի մեջ, նրան տեղավորել են այնտեղ։ Տեղավորել է ՀՀ քաղաքական իշխանությունը, այն իշխանությունը, որը իշխանության է եկել Սուրիկ Խաչատրյանի և այդ խմբի մեջ գտնվողների աջակցությամբ։ Եվ նրանց աջակցությամբ ու շնորհիվ է, որ ունի իշխանություն։ Այդ իշխանությունն է, որ վճռում է այսօր` ում պահել բանտում, ում` ազատ արձակել»,- ասաց Հարությունյանը։

Իրավապաշտպանը զուգահեռներ է տանում գազային ատրճանակից օդ կրակած ու 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի գործի և այս գործի միջև՝ եզրակացնելով՝ արդարադատությունը Հայաստանում ընտրովի է իրականացվում.- «Երկու դեպքում էլ դեր է խաղացել ոչ թե արդարադատությունը, այլ հեռախոսազանգի իրավունքը, քաղաքական իշխանության վճիռը։ Այդ վճռով են որոշել դատապարտել Հայկին և ազատ արձակել Խաչատրյանի ընտանիքի անդամներին կամ մերձավորներին»։

XS
SM
MD
LG