Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն քաղաքական կոնսոլիդացիայի առկայության ապացույց է համարում քվեարկության արդյունքները


Ազգային ժողովի հայտարարությունների ժամի գլխավոր թեման երեկ դրական եզրակացություն ստացած սահմանադրական բարեփոխումների նախագիծն էր։

Ազգային ժողովի հայտարարությունների ժամը իշխանության և ընդդիմության համար միմյանց քննադատելու հերթական առիթը դարձավ։ Գլխավոր հարցը երեկ Ազգային ժողովում դրական եզրակացություն ստացած սահմանադրական բարեփոխումների նախագիծն էր։

Հանրապետականները արձանագրեցին՝ քվեարկության արդյունքները ապացուցում են՝ փոփոխությունների շուրջ քաղաքական կոնսոլիդացիա կա։

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հիշեցրեց, որ անգամ որոշ ընդդիմադիրներ են կողմ քվեարկել նախագծին։

«Չկար թեկուզ մեկ ընդդիմադիր խմբակցություն, որի ներկայացուցիչները ամբողջությամբ դեմ քվեարկեին նախագծին», - նշեց նա:

Շարմազանովին չզիջելով՝ ընդդիմությանը քննադատեց նաև հանրապետական Կարեն Ավագյանը, խորհուրդ տվեց, իր խոսքով՝ տարբեր խմբակներին, հանրության անունից հայտարարություններ չանել, ասաց, որ սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ կոնսոլիդացիան պատահական չէ։

«Քաղաքական բեմերի բանվորները որքան էլ իրենց ճղեն ու փրփրեն, մի բան արդեն փաստ է՝ երեկ Ազգային ժողովում սահմանադրական փոփոխությունների նախագիծը ընդունվեց 104 կողմ, 10 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ», - հայտարարեց Ավագյանը:

Ընդդիմադիրների պատասխանը չուշացավ, ամբիոնի մոտ շտապեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, հայտարարեց, որ խորհրդարանը կեղծիքների արդյունքում է ձևավորվել և չնայած դրան դեռ տարեսկզբին սահմանադրական փոփոխությունների դեմ եռյակ դաշինք կար, որը սակայն բռնությունների և ճնշումների արդյունքում տապալվեց։

«Այս ամենը նշանակում է, որ տեղի է ունեցել ոչ թե քաղաքական կոնսենսուս, այլ բռնաճնշումների, սպառնալիքների, շանտաժի, կաշառքի արդյունքում կատարված հակասահմանադրական քվեարկություն, որը որևէ կապ չունի հայ ժողովրդի կամքի հետ», - հավելեց Զուրաբյանը՝ կոչ անելով հրաժարվել սահմանադրական փոփոխություններից, քանի որ դա կարող է ներքին առճակատման տանել։

ՀԱԿ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը պնդեց, որ պատերազմի շեմին գտնվող երկրում նման փոփոխությունների գնալը վտանգավոր է, և այն առնվազն պետք է հետաձգել։

Ընդդիմադիրները պնդում էին, որ 104 կողմ ձայները հասարակության իրական կարծիքը չեն արտահայտում։

Պատգամավոր Արամ Մանուկյանը ոստիկանությանը քննադատեց, ասաց, որ երեկ ԱԺ-ի մոտ բողոքի ցույց անցկացնող «Ոչ»-ի ճակատի համակիրների նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել, խախտվել են նրանց իրավունքները, անգամ իրեն են փորձել բերման ենթարկել։

«Ոչ»-ի ճակատին չմիացած Տիգրան Ուրիխանյանն էլ ընդդիմության միասնական լինելու անհրաժեշտությունից խոսեց, ասաց, որ խոսելու պահը անցել է, պետք է գործեն, ժամանակ քիչ է մնացել։

«Ես կոչ եմ անում այս հայտարարությամբ այսօր սկսել կոնսոլիդացիայի նոր գործընթաց, վեր հանել նոր որակի ու նոր մակարդակի Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում ընդդիմադիր փոխգործակցությունը», - նշեց նա:

«Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանը սահմանադրական բարեփոխումների նախագիծը իշխանագողություն անվանեց և ասաց, որ այն հայաթափման ծրագիր է։

Մյուս խմբակցությունների պատգամավորները սահմանադրական բարեփոխումների նախագծին չանդրադարձան, Դաշնակցությունից Արծվիկ Մինասյանը ասաց, որ նախագծի առավելությունները հետո կներկայացնեն։

XS
SM
MD
LG