Մատչելիության հղումներ

Վարչապետը վստահ է՝ ՀԷՑ-ի նոր սեփականատերը կարճ ժամանակում կբարելավի համակարգը


Ընդդիմադիր պատգամավոր Արամ Մանուկյանը, մինչդեռ, համոզված է՝ էներգետիկ համակարգը կործանման եզրին է, իսկ խնդրի լուծումն էլ ոչ թե տնտեսական, այլ քաղաքական հարթությունում է:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ երեկոյան բացահայտեց՝ անձամբ է խնդրել «Տաշիր գրուփ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանին՝ ռուսներից գնել Հայաստանի էլեկտրական ցանցերը և այժմ վստահ է, որ նոր սեփականատերը կաշխատի թափանցիկ ու արդյունավետ:

«ՀԷՑ-ի գործարքը ես ինքս, իշխանություններով հանդերձ, խնդրել ենք մեր հայրենակից Սամվել Կարապետյանին և ես վստահ եմ՝ այդ ընկերությունը շատ կարճ ժամկետում լինելու ա առողջ և լավ ընկերություն, համոզված եմ, որ կորուստները կհասցվեն նվազագույնի, վերանայվելու են բոլոր ոչ ճիշտ, ինչպես դուք ասում եք, թալան և այլն, եթե եղել են այդպիսիք․․․»:

Վարչապետը նաև բարձր է գնահատել Սամվել Կարապետյանի պատրաստակամությունը՝ կիսել կառավարության բեռը թանկացած հոսանքը սուբսիդավորելու հարցում:

«Եվ դա աջակցություն է մեր հասարակությանը, ես կարծում եմ՝ ինչ-որ տեղ սոցիալական որոշ խնդիրներ կմեղմենք, համարում եմ գործարքը շատ ճիշտ ժամանակին և համոզված եմ, որ ինքը որպես սեփականատեր, ունի այդ ոլորտում նման փորձ, ամեն ինչ կանի, որ դառնա թափանցիկ, մեր հանրության համար հասանելի ընկերություն և աշխատի արդյունավետ ու շահավետ»:

Դաշնակցական պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը կարծում է, որ ՀԷՑ-ի գործարքի շահավետության մասին առայժմ կարող է խոսել միայն նոր սեփականատերը: Պետության տեսանկյունից, ըստ նրա, դեռ վաղ է ասել՝ շահավե՞տ էր, թե ոչ էլեկտրացանցերի վաճառքը: Հստակ է, որ համակարգում այս գործարքով ոչինչ չի փոխվի, ասում է նա՝ հավելելով․

«Սա բարդ կարգավորոմ է, շատ կարևոր է, որպեսզի էներգետիկ շուկայի բացակայության պայմաններում այդ կարգավորումը նկատի առնի ու հաշվի առնի յուրաքանչյուր քաղաքացու և տնտեսվարող սուբյեկտի, ի վերջո՝ պետության շահը: Իսկ պետության շահը, այս դեպքում, պահանջում ու պարտադրում է, որպեսզի ավելի էժան էներգառեսուրսների ճանապարհներ փնտրվեն: Հակառակ դեպքում մենք դատապարտված ենք լինելու թանկ էներգառեսուրսներով սպասարկել մեր կյանքը, ինչը կբերի ակնհայտ անրադյունավետ դրսևորումների»:

Նոր սեփականատիրոջ որոշումը՝ մեկ տարվա ընթացքում սուբսիդավորել էլեկտրաէներգիայի թանկացած մասի 50 տոկոսը, Արծվիկ Մինասյանը գնահատում է որպես բարի կամքի դրսևորում, բայց ոչ՝ խնդրի լուծում: «Բայց ինքնին՝ գնի բարձրացումն արդեն իր բացասական հետևանքները թողնում է երկրի տնտեսության և յուրաքանչյուր քաղաքացու կյանքի վրա»:

Ընդդիմադիր պատգամավոր Արամ Մանուկյանը, ով արդեն տևական ժամանակ զբաղվում է Հայաստանի էներգետիկ համակարգի ուսումնասիրությամբ, չի հավատում Հովիկ Աբրահամյանի հավաստիացմանը, թե նոր սեփականատիրոջ օրոք թալանը էլցանցերում վերանալու է:

«Մերոնք անգամ մասնավոր հիմնարկներում էլի էն սովետական մտածելակերպից դուրս չեն գալիս, ավելի շատ ասում են՝ ուտեմ, ավելի շատ գռփեմ, ավելի կոռումպացված գործունեություն վարեմ, ոչ թե ընդլայնեմ արտադրությունը: Նույնը, հիշեք էս օրը, լինելու է և՛ համալիրում, և՛ Որոտանում, և՛ ՀԷՑ-ում: Որևէ բարգավաճում, զարգացում և արտադրանքի աճի ու որակի բարելավում չի լինելու»,-ասում է Մանուկյանը:

ՀէՑ-ում կորուստների, չարաշահումների պատասխանատուները, ըստ Արամ Մանուկյանի, երբեք չեն բացահայտվի, քանի որ «հենց այն մարդիկ պետք է բացահայտեն այդ ամենը, որոնք իրականացրել են դա»: Նրա խոսքով, Հայաստանի էներգետիկ համակարգը կործանման եզրին է կանգնած: Խնդիրը ոչ թե տնտեսական, կամ էներգետիկ, այլ քաղաքական հարթակում է, ասում է նա:

«Ապրում են թիթեռի հոգեբանությամբ՝ էսօր ուտեն, վաղը ինչ կլինի, չգիտեն, որովհետև լուրջ բիզնեսմենեը, իր իսկ շահի մասին մտածող մարդը, էսպես չէր վարվի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG