Մատչելիության հղումներ

Վենետիկի հանձնաժողովի նախագահը «քայլ առաջ» է գնահատում սահմանադրական բարեփոխումները


Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունում է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին
Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունում է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին։

Նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախագահը շնորհակալություն է հայտնել Վենետիկի հանձնաժողովի այն անդամներին, ովքեր բարձրորակ մասնագիտական օժանդակություն են ցուցաբերել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին:

Ջիանի Բուքիքիոն էլ հույս է հայտնել, որ հանրաքվեի անցկացման գործընթացը կլինի ազատ, արդար ու թափանցիկ, և դրա արդյունքում ընդունված փաստաթուղթը մեծ քայլ կլինի ժողովրդավարության հետագա զարգացման ուղղությամբ:

«Վենետիկի մասնագիտական հանձնաժողովի կողմից սահմանադրական բարեփոխումներն արժանացել են դրական գնահատականի: Ես շատ լավ հիշում եմ՝ 2004 թվականին Հայաստանում շատ քաղաքական կուսակցություններ, հատկապես ընդդիմությունից, կառավարման խորհրդարանական համակարգ էին ցանկանում: Բայց այդ ժամանակ դրա իրականացումը հնարավոր չէր: Այժմ կա նման հնարավորություն: Սա միտում է, որն առկա է եվրոպական բոլոր երկրներում՝ անցումը խորհրդարանական համակարգին»,- ասել է Վենետիկի հանձնաժողովի ղեկավարը։

«Այս տեսանկյունից սա քայլ առաջ է»,- շարունակել է Բուքիքիոն.- «Նախագծի մի շարք այլ գլուխներում ևս բարելավումն առկա է, մասնավորապես, մարդու իրավունքներին վերաբերող բաժնում: Այն ամբողջությամբ համապատասխանում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի չափանիշներին»,- մասնավորապես ասել է Բուքիքիոն։

Վենետիկի հանձնաժողովի ղեկավարը Հայաստան է ժամանել Սահմանադրական դատարանի կազմակերպած միջազգային խորհրդաժողովին մասնակցելու համար: Այն տեղի կունենա վաղը։

XS
SM
MD
LG