Մատչելիության հղումներ

Երևանում կկայանա «Դովլաթովի հինգ անկյուններ» ֆիլմի փակ ցուցադրությունը


Սերգեյ Դովլաթով, Նյու Յորք, 1980թ․
Սերգեյ Դովլաթով, Նյու Յորք, 1980թ․

Սերգեյ Դովլաթովի մասին պատմող վավերագրական ֆիլմի պրեմիերային ներկա կլինեն գրողի այրին և դուստրը։

Այսօր Երևանում կկայանա «Դովլաթովի հինգ անկյուններ» վավերագրական ֆիլմի փակ ցուցադրությունը՝ պրեմիերան։ Ֆիլմը նկարահանել են «Ազատություն» ռադիոկայանի մոսկովյան թղթակից Ազա Բաբայանն ու ռուսաստանցի լրագրող Վադիմ Դուբնովը։

Գրողի մասին պատմող ֆիլմի ցուցադրությանը ներկա կլինեն Դովլաթովի այրին, դուստրը, ինչպես նաև ռուսաստանցի հայտնի ռեժիսոր Ալեքսեյ Գերման կրտսերը։

Ազա Բաբայանի խոսքով, կինոնկարը փորձ է՝ Դովլաթովի հետ միասին հասկանալ նաև այն ժամանակաշրջանը, որտեղ կայացել է գրողը։

«Կարծում եմ՝ մեր ֆիլմը այն եզակի ֆիլմերից է Դովլաթովի մասին վավերագրական ֆիլմերի շարքից, որ նրա կենսագրության ամբողջ ժամանակաշրջանն է։ Նախ նկարահանումները մենք կատարել ենք Սանկտ Պետերբուրգում, որտեղ Դովլաթովն ապրել է, իր մանկությունը, իր կյանքի մեծ մասն է անցկացրել։ Նկարահանումներ ենք արել նաև Էստոնիայում՝ Տալլիննում, որտեղ երեք տարի է ապրել Դովլաթովը՝ 1972-75 թվականներին։ Ֆիլմի մեծ մասը նվիրված է իր ամերիկյան ժամանակաշրջանին, որտեղ նա տեղափոխվել էր արդեն 1970-ականների վերջին և 11 տարի ապրել է Միացյալ Նահանգներում և որպես գրող մեծամասամբ հենց Ամերիկայում է կայացել», - պատմում է Բաբայանը։

Դովլաթովի մայրը հայ էր, իսկ հայրը` հրեա: «Իր ազգության մասին շատ քիչ էր խոսում, ասում էր, որ իր համար որևէ նշանակություն չունի իր ազգությունը, սակայն արդեն Ամերիկայում նա սկսել էր մտածել իր հայկական ակունքների մասին։ Դովլաթովի վրա մեծ ազդեցություն է ունեցել իր մայրը՝ Նորա Դովլաթյանը, ով դաստիարակել է Դովլաթովին և շատ բաներ պատմել հայերի մասին», - ասում է Ազա Բաբայանը:

Ֆիլմը առաջին անգամ է ցուցադրվում, իսկ դեկտեմբերին այն կցուցադրվի Մոսկվայում` Artdocfest հայտնի վավերագրական կինոփառատոնի շրջանակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG