Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը «պայթյունավտանգ» է որակում ղարաբաղյան հակամարտությունը


ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն այսօր Մոսկվայում ասել է, թե ղարաբաղյան հակամարտության ներկայիս իրավիճակը սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար:

«Սա բացարձակապես պայթյունավտանգ իրավիճակ է: Մի քանի միջադեպեր են տեղի ունեցել, որոնց բնույթը վտանգավոր է, հղի անկայունությամբ՝ տարածաշրջանում ու Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանին»,- ասել է Լամբերտո Զանիերը, նշելով որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պլանավորում են մոտ ապագայում հանդիպել՝ քննարկելու ստեղծված իրավիճակը:

«Կարծում եմ, սա այն պահն է, երբ միջազգային հանրությունը իսկապես պետք է ուժեղացնի ճնշումը երկու կողմերի վրա և ուշադրություն հրավիրի այս իրավիճակի քաղաքական լուծման անհրաժեշտության վրա»,- հայտարարել է Լամբերտո Զանիերը:

Նա նաև ասել է, որ ԵԱՀԿ-ում հատուկ խումբ կա, որը զբաղվում է այդ տարածաշրջանի մոնիթորինգով, բայց դա մշտական խումբ չէ, այլ հատուկ խումբ է, որը հավաքվում է անհրաժեշտության դեպքում:

«Մենք նախապատրաստել ենք մի շարք սկզբունքներ և քայլեր, որոնք անհրաժեշտ է իրականացնել, մասնավորապես՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծել»,- ասել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը՝ հավելելով,- «Մենք պետք է աշխատենք, որ երկու կողմերը կարողանան իրենց ներդրումը ունենալ այդ հարցի կարգավորմանը: Մենք հետևում ենք իրադարձությունների զարգացման դինամիկային, իսկ այն, անկեղծ ասած, մտահոգիչ է՝ հատկապես ծանր սպառազինությունների կիրառումը»,- ընդգծել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը:

Լամբերտո Զանիերը ղարաբաղյան հարցին անդրադարձել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ մամուլի համատեղ ասուլիսում: Իսկ մինչ Լավրովի հետ հանդիպումը, նա Ղարաբաղի խնդիրը քննարկել է նաև ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ:

«Մենք անհանգստացած ենք տարածաշրջանում և Հայաստան-Ադրբեջան սահմանին բռնության աճով: Անհրաժեշտ է աշխատել քաղաքական ղեկավարության հետ»,-ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ ասել նա, հայտնելով նաև, որ այս աշնանը Մինսկի խումբը կայցելի տարածաշրջան՝ շարունակելու Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցությունները:

Իր հերթին, Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ ՀԱՊԿ-ն ու ԵԱՀԿ-ն պայմանավորվել են համատեղ աշխատել Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա:

«Մենք պայմանավորվել ենք համալիր քայլերի շուրջ, որ պետք է համատեղ կատարենք: Մասնավորապես քննարկել ենք հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակն ու քաղաքական քայլերը, որոնք կբացառեն ուժի կիրառման հնարավորությունը և իրական քաղաքական գործընթաց դուրս կբերեն այդ շատ հին, բայց շատ սուր հակամարտության կարգավորման խնդիրը»,- ասել է Բորդյուժան:

ԵԱՀԿ-ի ու ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարները քննարկել են նաև Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակը:

Լամբերտո Զանիերը ասել է, որ Ուկրաինայի արևելքում ԵԱՀԿ-ի գործունեությունը ընդլայնվում է ու նա, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նշել է, որ դա պահանջում է մոնիթորինգային առաքելության ավելի շատ անդամներ, որոնք պետք է վերահսկեն հակամարտության գիծը:

«Մենք նաև վերահսկում ենք ծանր սպառազինությունները դուրս բերելու, պահեստավորելու գործընթացները», - ասել է նա, նշելով, որ մոնիթորինգային խմբի անդամների թիվը կավելացվի մոտավորապես 70 դիտորդով:

Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի բոլոր անդամները կարող են մասնակցել Ուկրաինայի արևելքում ԵԱՀԿ-ի մոնիթորինգային առաքելությանը, ինչը, նրա կարծիքով, կբարձրացնի գնահատման օբյեկտիվությունը:

Սակայն Սերգեյ Լավրովի հետ կայացած մամուլի ասուլիսում Լամբերտո Զանիերը կտրուկ հերքել է Ուկրաինայի արևելքում ՀԱՊԿ-ին ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությունում ներգրավելու հնարավորությունը:

«Ուկրաինայի արևելքում ԵԱՀԿ-ի առաքելության ձևաչափի փոփոխություն չի պլանավորվում և չէր պլանավորվել»,- հայտարարել է նա, նշելով որ առաքելության աշխատանքներին արդեն իսկ մասնակցում են ՀԱՊԿ-ի անդամ երկրների ներկայացուցիչներ:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր հերթին նշել է, որ առաքելության ձևավորման սկզբունքները փոփոխելու մասին երբեք խոսք չի գնացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG