Մատչելիության հղումներ

Գյումրիում ոստիկանները ընտրողներին «ներկա-բացակա» են անում


Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ ոստիկանները Գյումրիում սկսել են թաղից թաղ, տնից տուն շրջել ու ընտրողների հաշվառում իրականացնել: Թեև ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունում նշված է, որ Հայաստանի ոստիկանապետը հոկտեմբերի 10-ին է խորհրդակցություն է անցկացրել ու հանձնարարել հաշվառում իրականացնել, գյումրեցիներից շատերի պնդմամբ իրավապահները դրանից ավելի վաղ են իրենց այցելել:

«Երեք օր առաջ դուռը թակեցին, ներս մտավ ոստիկանության աշխատող, ներկայացավ որպես թաղի տեսուչ, ասաց, որ սահմանադրական էդ բարեփոխում կոչվածի նպատակով է, նստեց ու սկսեց հարցնել՝ ով կա, ով չկա մեզանից», - «Ազատության» հետ զրույցում պատմում էին նրանք:

Ընտրացուցակներում անճշտությունների վերաբերյալ պնդումները նոր չեն, սակայն, գյումրեցիների խոսքերով, ոստիկաններն առաջին անգամ են ընտրողներին ներկա-բացակա անում:

Գյումրիի երկու` իրարից բավական հեռու թաղամասերում բնակվող մարդիկ պնդում էին, որ ոստիկանները անձնական տվյալները ճշտելուց բացի նաև հեռախոսահամար են պահանջել:

Փորձեցինք ճշտել, թե ինչո՞ւ են իրավապահները մինչ ոստիկանապետի հանձնարարականն ու հանրաքվեի նշանակումը արդեն սկսել ընտրողների հաշվառումը: Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աշոտ Ահարոնյանն ասաց, որ դա թաղային ոստիկանների ամենօրյա աշխատանքն է և հիմա, երբ կա հանձնարարական ընտրացուցակների հետ կապված, ավելի ինտենսիվ կզբաղվեն ցուցակներով: Մինչդեռ Գյումրիում այս հաշվառումը ոչ միանշանակ է ընկալվում:

«Բնական է, եթե իրենք «այո»-ին կողմնակից են ու վերջին պահին հասնի, ընտրողները տեսնեն՝ քիչ են կամ գերակշիռ մասը «ոչ» է ասել, բացակա մարդկանցով, կամ մահացածներով, կամ չգիտեմ ինչ միջոցներով կարողանան «այո»-ն ավելի շատ անել, որովհետև բոլորս գիտենք, որ Հայաստանում ընտրությունները ինչպես են անցկացվում», - մեզ հետ զրույցում ասում էր մի գյումրեցի երիտասարդ:

«Ըստ ինձ՝ նորից հերթական ապօրինի ընտրությունը պիտի կատարեն», - ասում էր մեկ այլ գյումրեցի:

XS
SM
MD
LG