Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը վստահեցնում է, որ «Ոչ»-ի ճակատում պառակտում չկա


«Ոչ»-ի ուժերը համաժողով են անցկացնում, 12-ը սեպտեմբերի, 2015թ.
«Ոչ»-ի ուժերը համաժողով են անցկացնում, 12-ը սեպտեմբերի, 2015թ.

Րաֆֆի Հովհաննիսյանի և Ժիրայր Սեֆիլյանի նախաձեռնած ընդդիմադիր ճակատին չմիանալով հանդերձ՝ Հայ ազգային կոնգրեսը պնդում է, որ ավելի վաղ ձևավորված «Ոչ»-ի ճակատում պառակտում չկա:

Լևոն Զուրաբյանը վստահեցնում է, թե ոչ էական տարաձայնությունները չեն խանգարելու շարունակելու միասնական պայքարը.- «Բնական է, որ կան տարբերություններ, մենք հստակ պայմանավորվել ենք՝ քանի որ բոլորս էլ հավատում ենք նույն նպատակին, քանի որ բոլորիս ուզածը նույնն է, ուրեմն որտեղ կարողանում ենք համաձայնել իրար հետ, անցկացնում ենք համատեղ ակցիաներ, ինչպիսիք են, օրինակ, հանրահավաքները, համատեղ հայտարարությունները և այլն։ Որտեղ համաձայնություն չկա, ամեն քաղաքական ուժ անում է այն, ինչ համարում է ճիշտ»։

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը երեկ հայտարարեց, թե արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների պահանջով է դուրս գալիս պայքարի՝ չհամաձայնելով Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Կոնգրեսի հետ, թե հանրաքվեին պետք է մասնակցել ու «ոչ» ասել: Ժիրայր Սեֆիլյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը համոզված են, որ դա բավարար չէ, պետք է մինչև հանրաքվեն հասնել իշխանափոխության։

«Մենք միասնական ենք»,- կրկին վստահեցրեց Լևոն Զուրաբյանը.- «Մենք մերժում ենք այս սահմանադրական փոփոխությունները, մենք, այո՛, համարում ենք, որ պետք է երկրում կատարել իշխանափոխություն, և վստահ ենք, որ այս սահմանադրական գործընթացը կարելի է օգտագործել այդ նպատակով»։

«Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը ևս ներգրավված չէ երեկ ստեղծված ընդդիմադիր շտաբում. Արմեն Գրիգորյանը բացատրեց ինչու.- «Իրենք ասում են՝ «մենք ուզում ենք ավելի ռադիկալ պահանջ դնենք, դա իշխանափոխությունն է, էս պահին եկեք իրականացնենք», մենք գտել ենք, որ այս պահին չունենք նման ռեսուրս նման աշխատանք կատարելու, դրա համար մենք գնում ենք այլ ճանապարհով, դա սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասելն է ու նաև ազդել, որ ընտրական պրոցեսը վերահսկվի»։

Սահմանադրական փոփոխությունները տապալելու շուրջ ձևավորված «Չե՛ք անցկացնի» շարժումը միաժամանակ չի բացառում, որ հարթվեն մարտավարական տարաձայնությունները, օրինակ, տեսնելով, որ մինչև հանրաքվեն իշխանափոխության ծրագիրը դառնում է իրատեսական։

«Ոչ»-ի ճակատը կկիսվի, եթե մի մասը դառնա «այո», մյուսը մնա «ոչ»»,- օրինակ բերեց Գրիգորյանը։

Իսկ «Նոր Հայաստան» ճակատին միացած «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությունը այսօր ավարտեց շուրջ 80 օր տևած բողոքի ակցիան Հանրապետության հրապարակում։

«Համարում ենք, որ այս փուլում մեր կարգախոսներից մեկը՝ պահանջ ընդդիմադիր ուժերին միավորվել մեր երկրում ժողովրդի վստահության կառավարություն ձևավորելու ուղղությամբ, կատարված է»,- հայտարարեց Անդրիաս Ղուկասյանը։

Մոտ երեք ամիս չհաջողելով ճեղքել ոստիկանական պատնեշն ու նստացույց սկսել հրապարակի կենտրոնում՝ հիմա Անդրիաս Ղուկասյանը համոզված է, որ երեկ հռչակված շարժումը միավորելու է ընդդիմադիր բոլոր ուժերին՝ սահմանադրական հանրաքվեից էլ կարևոր գործով.- «Արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների օրակարգը պիտի հաղթի, և բոլորը պիտի միավորվեն այն գաղափարի շուրջ, որ ՀՀԿ-ն առհասարակ իրավունք չունի մեր երկրում Սահմանադրության փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես գալ»։

XS
SM
MD
LG