Մատչելիության հղումներ

Հուսահատ վանաձորցիներն ասում են, թե չեն կարողանում անգամ գոյատևել


Տեսարան Վանաձորից, արխիվ
Տեսարան Վանաձորից, արխիվ

Քաղաքապետ Սամվել Դարբինյանը, մինչդեռ, արտագաղթողներին «թուլամորթ» է համարում՝ մարդկանց հորդորելով «ավելի հայրենասեր լինել» ու «հողն ուրիշի չտալ»:

Վանաձորում օրեցօր ավելանում են փակվող խանութներն ու վաճառվող տարածքները: Միայն քաղաքի կենտրոնում կատարած մեր շրջայցի ընթացքում արձանագրեցինք ավելի քան երկու տասնյակ վաճառքի հայտարարություններ: Ընդ որում, այս պատկերն արդեն տևական ժամանակ է, որ չի փոխվում:

Երեմ Քեշիշյանը քաղաքի կենտրոնում 64 քմ մակերեսով տարածք է վարձակալության տալիս՝ ամսական 60 հազար դրամով: Արդեն 20 օր է, ինչ նախկին վարձակալը հանձնել է տարածքը, և մինչ օրս որևէ մեկը չի հետաքրքրվել դրանով` անգամ գին ճշտելու համար:

«Հայտարարությունը դրած ա, ոչ մեկը չի զանգում, բանուժը (բանվորական ուժը) թողում դուրս ա գալիս, ոչ միայն քաղաքից, այլ հանրապետությունից: Մարդիկ հույս չունեն: Իհարկե, քաղաքապետը, իր կոլեգաներով բանով, գոհ կլինի, իրանք լավ են, բայց հասարակ մարդիկ շատ դժգոհ են»,- ասում է Քեշիշյանը:

Արդեն 15 տարի մանր բիզնեսով զբաղվող այս վանաձորցին ասում է, որ երբեք վիճակն այսչափ տխուր չի եղել: Գործարարները, որպես կանոն, ընդամենը մի քանի ամիս տարածքը վարձակալելուց հետո բանալիները վերադարձնում են՝ պատճառաբանելով, թե բիզնեսն իրեն չի արդարացնում, եկամուտ չեն ստանում:

«Այ սրանից առաջ մեկին տվել էի, մի աֆիցերի, նա էլ եկավ ասավ՝ ձեռք չի տալիս: Համակարգիչների խանութ էր դրել էստեղ: Աշխատեց, ասավ՝ ինչ էլ մնում ա ինձ, տալիս եմ տեղի վարձը, նա էլ գնաց»,- շարունակում է Քեշիշյանը:

Քաղաքապետ Սամվել Դարբինյանը պնդում է, թե ինքն էլ է մտահոգված այս հարցերով, բայց ոչինչ անել չի կարող: Ասում է` քաղաքում մարդիկ գնողունակ չեն, քանի որ ոչ աշխատանք կա, ոչ՝ աշխատավարձ: Կառավարությանն էլ չի մեղադրում: Վստահ է` այն գումարները, որոնք պետք է ուղղվեին աշխատատեղերի ստեղծմանը, օգտագործվում են «ավելի կարևոր խնդրի լուծման»՝ երկրի անվտանգության ապահովման համար:

«Եթե նայում ենք էսօր մեր սահմանների վիճակին, տեսնում ենք, որ անընդհատ պատերազմական գործողություններ են էնտեղ գնում և, բնականաբար, էն գումարները, որ պետք է ծախսվեին աշխատատեղեր ստեղծելու, ասենք՝ սոցիալական խնդիրներ լուծելու համար, բնականաբար, երկրի պաշտպանության վրա պետք է ծախսվի: Սա է հիմնական պատճառը, որ մենք էսօր չենք կարողանում շատ խնդիրներ լուծել»,- ասում է քաղաքապետը:

Հանրապետական քաղաքապետի այս բացատրությունը, սակայն, վանաձորցիներից քչերին է համոզիչ թվում: Գործազրկությունը շատերին է ստիպում արտագնա աշխատանքի մեկնել: Մնացողներն էլ «Ազատության» հետ զրույցում հուսահատորեն նշում էին, թե հազիվ են գոյատևում, միայն օրվա հացի խնդիր են կարողանում լուծել: Նրանցից և ոչ մեկը լավատես չէր ապագայի հանդեպ:

«Մարդ կա, աշխատում ա՝ կոպեկներ ա ստանում, շատերն էլ աշխատում են՝ դա էլ չեն ստանում, ստիպված զզվում, թողում հեռանում են», «ղեկավարությունն իրանց աթոռների համար են կռիվ տալիս, բա մենք ի՞նչ անենք» , «չկա, չկա, երկիր չկա․․․»,- դժգոհում են վանաձորցիները:

Քաղաքապետ Սամվել Դարբինյանը, մինչդեռ, հավատացած է` ամեն ինչ լավ է լինելու: Ավելին, հեռացողներին համարում է «թուլամորթ», հորդորելով ավելի հայրենասեր լինել:

«Ուրեմն, եթե վերցնում ենք, ասենք՝ 1905 կամ 1910 թվականները, էն ժամանակ ավելի լավ ա էղել, քան հիմա՞, բայց էն ժամանակ հայը չի թողել իր տունը, իր հողն ու գնացել: Հիմա թողնում գնում են: Չի կարելի շատ թուլամորթ լինել, լավ ապրելու համար պտի պայքարել, և եթե պետության տեղը նեղ է, պտի մենք մի բռունցք դառնանք, միավորվենք, ամեն ինչ անենք, որ մեր հողը ուրիշի չտանք»,- ուղենշում է Վանաձորի քաղաքապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG