Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյան․ Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարը կավարտվի «ժողովրդի մի հատվածի հիասթափությամբ»


Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը (ձ) և ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մասնակցում են Վենետիկի հանձնաժողովի նիստին: Վենետիկ, 23-ը հոկտեմբերի 2015 թ․
Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը (ձ) և ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մասնակցում են Վենետիկի հանձնաժողովի նիստին: Վենետիկ, 23-ը հոկտեմբերի 2015 թ․

Սերժ Սարգսյանի նախաձեռնության դեմ երկու դաշինք է ձևավորվել՝ «Նոր Հայաստան»-ը և «Ոչ»-ի ճակատը:

Րաֆֆի Հովհաննիսյանի և Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած «Նոր Հայաստան»-ում կարծում են, որ գործընթացը պետք է տապալել մինչև հանրաքվեն՝ անհնազանդությունների միջոցով: Իսկ «Ոչ»-ի ճակատում Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հանրաքվեին մասնակցելու ու «ոչ» ասելու կողմնակից է:

Երկու նախաձեռնություններին միավորում է իշխանափոխության պահանջը․ դրանց ներկայացուցիչները նաև պնդում են՝ պառակտում չկա:

Գալուստ Սահակյանի կարծիքով, սակայն․ - «Կռիվ է՝ մենք ամենալավ ընդդիմությունն ենք, մենք ամենալավ «ոչ»-ն ենք: Մի մասը ասում է՝ չեմ կարդալու, չեմ մասնակցելու, մյուս մասն ասում է՝ իշխանափոխություն, մյուս մասն ասում է՝ սպասենք, հլա տեսնենք ինչ է լինում, դրանից հետո իշխանափոխության հարց լուծենք առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Այսինքն՝ կարծիքների տարափ է, որը անհանգստություն կպատճառի ժողովրդին, որից մի քանի տասը հազար հավատավոր ժողովուրդ նորից կգնան տուն, կմտածեն, որ ոչինչ հնարավոր չէ անել»:

Ազգային ժողովի նախագահը կարծում է, որ հասարակությունը հիմնականում դրական վերաբերմունք ունի սահմանադրական փոփոխությունների նկատմամբ, ուստի իրենց քարոզն արդյունք կտա․ - «Նաև մեր ընդդիմախոսները ասում են, որ ժողովուրդը պատրաստ չի: Ես դրան պատասխանում եմ, որ 95 թվականին ամբողջ ժողովուրդը՝ հարյուր հազարավոր, ոտքի կանգնեց և ասաց՝ Սահմանադրություն ենք ուզում»:

Անցած շաբաթավերջին Հանրապետական կուսակցությունը հրապարակեց քարոզչական շտաբի պետի, նրա տեղակալների անունները: Թեև իր անունն այդ ցանկում չկա, Սահակյանը պնդեց․ - «Ես ամենամեծ դերակատարումներից մեկն ունեմ: Նախ, որ Ազգային ժողովի նախագահն եմ և, բնականաբար, ոչ թե միայն օրենսդրական ճանապարհով, այլ ցանկացած խնդրով աջակցելու եմ»:

Սերժ Սարգսյանի մասնակցության ձևը քարոզչությանը, ըստ Սահակյանի, դեռ կորոշվի․ - «Նախագահը իր լիազորությունների շրջանակներում կամ դրանից դուրս, բնականաբար, ամենակարևորագույն ուղղորդող անձն է: Որովհետև հեղինակը հենց հանրապետության նախագահն է»:

Անդրիաս Ղուկասյանի նախաձեռնած «Ոտքի՛, Հայաստան»-ը երեկվանից պատգամավորներից պահանջում է քննարկել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը: Գալուստ Սահակյանն ասաց, թե պատրաստ է յուրաքանչյուրի հետ խոսել ցանկացած հարցի շուրջ, այդուհանդերձ անիմաստ է համարում խորհրդարանի շենքի մոտ նստացույցը․ - «Նախագահը բավականին լուրջ թիմ ունի և բավականին լուրջ նպատակադրում, այնպես որ նման գործունեությունը, կարծում եմ, ոչ թե տապալված է, այլ պարզապես անիմաստ է: Այ, եթե ուզում են, որ նման խնդիրներ այսուհետև Հայաստանում առաջ գնա, պիտի պաշտպանեն Սահմանադրությանը, որովհետև Սահմանադրությունը այդ ամեն ինչը նախատեսում է»:

Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG