Մատչելիության հղումներ

Զուրաբյան․ Հայաստանում ընտրակեղծիքը դարձել է «պետականորեն կազմակերպված օպերացիա»


ՀԱԿ-ի և ՀԺԿ-ի «Ոչ»-ի համատեղ շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյան
ՀԱԿ-ի և ՀԺԿ-ի «Ոչ»-ի համատեղ շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյան

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, մինչդեռ, պնդում է․ - «Չի կարելի առաջնորդվել մեղավորության կանխավարկածով»:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանի կարծիքով, բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությունը «այո»-ի քարոզչությանը վարչական ռեսուրսի օգտագործում չէ: Հանրաքվեին «ոչ» ասող քաղաքական ուժերի ներկայացուցիչները հակառակ պնդումներն են անում:

«Չի կարելի երբևէ առաջնորդվել մեղավորության կանխավարկածով․ լծակ ունենալը երբեք չի նշանակում դրա չարաշահում, երբեք չի նշանակում դրա վերաբերյալ եզրահանգումներ կամ դատողություններ», - հայտարարեց Մուկուչյանը:

Դիտարկմանը, թե չարաշելու հավանականությունը մեծ է, ԿԸՀ-ի նախագահը հակադարձեց․ - «Դուք կարծում եք՝ հավանականությունը մեծ է, ես կարծում եմ՝ հավանականությունը զրո է, որովհետև այս պահին չունենք որևէ նման փաստ»:

ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյան
ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյան

Մուկուչյանը ծայրահեղությունների գիրկն ընկնելու կողմնակից չէ: Քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք, ըստ նրա, կարող են զբաղվել քարոզչությամբ․ - «Վարչական ռեսուրսի օգտագործումը․․․ եթե, օրինակ, կա ինչ-որ պաշտոնեական կախվածություն, և այդ դիրքը օգտագործելով պարտավորեցվում է որևէ եղանակով մարդուն կատարել այս կամ այն գործողությունը: Այսինքն՝ գործողությունը պետք է գնահատման առարկա դառնա, և ոչ թե սոսկ պաշտոնը՝ ինքնին վերցրած»:

Անդրադառնալով ընդդիմության հայտարարություններին, թե հանրաքվեն կեղծվելու է, Մուկուչյանն ասաց՝ ընտրական գործընթացը չսկսած, դատողություններ են անում, այնինչ փաստեր են պետք, և հավելեց․ - «Այն, ինչ որ ասվում է, դրա վերաբերյալ չեն ներկայացնում թեկուզ վատ կազմված, արձանագրված փաստեր»:

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) և Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) ձևավորած «Ոչ»-ի համատեղ շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով, Հայաստանում ընտրակեղծիքը դարձել է «պետականորեն կազմակերպված օպերացիա», ու վերջին տարիներին որևէ ընտրություն առանց դրա չի անցել․ - «Եթե քարը հարյուր անգամ ընկնում է սարից, ինչո՞ւ մենք հարյուրմեկերորդ անգամը պիտի ենթադրենք, որ այդ քարը չի ընկնելու, այլ օդում է մնալու»:

Նա Մուկուչյանին խորհուրդ տվեց օրենքը չխախտել և իր հայտարարություններով «ավելի հիմնավոր չդարձնել Սահմանադրական դատարան ներկայացվելիք ապագա հայցը»․ - «Նա նման գնահատականներ տալու իրավունք չունի: Որովհետև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մասնակցությունը քաղաքականության մեջ, ընդ որում՝ ընդդիմության հայտարարությունները հերքելու առաքելությամբ, նշանակում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեզոք դիրք չի զբաղեցնում այս ամբողջ գործընթացում»:

2008-ի նախագահական ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկել էր նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը, 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո նրա ղեկավարած քաղաքական ուժը դիմել էր ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով:

Լևոն Զուրաբյանը վստահ է, որ խախտումներն այնքան շատ են լինելու, որ այս անգամ էլ են Սահմանադրական դատարան գնալու․ - «Իշխանությունը հայտնվել է բավականին դժվար վիճակում․ նրան պետք է 700 հազար ձայն, և այս պահին նա չգիտի, թե ինչպես պետք է այդ 700 հազար ձայնը ապահովի: Դրա վկայությունն է այն հապճեպ և մի քիչ հուսահատ որոշումը՝ օրինականացնել նույնականացման քարտերով քվեարկությունը հանրաքվեի ժամանակ, որը դուռ է բացում բազմակի քվեարկողների համար»:

Տիգրան Մուկուչյանի պնդմամբ, մինչդեռ, Ընտրական օրենսգիրքը լիարժեք երաշխիքներ պարունակում է քվեարկությունը վերահսկելու համար:

XS
SM
MD
LG