Մատչելիության հղումներ

Հունաստանի ընդդիմությունը պահանջում է կրթության նախարարի հրաժարականը


Հունաստանի կրթության նախարար Նիկոս Ֆիլիս, արխիվ
Հունաստանի կրթության նախարար Նիկոս Ֆիլիս, արխիվ

Հունական ընդդիմությունը պահանջում է երկրի կրթության նախարար Նիկոս Ֆիլիսի հրաժարականը: Պատճառը Ֆիլիսի` երկու օր առաջ հունական Star հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունն է, որով երկրի կրթական համակարգի ղեկավարը կասկածի տակ առավ Պոնտոսի հույների` Օսմանյան կայսրությունում իրագործված ցեղասպանության փաստը:

«Ես իհարկե ընդունում եմ, որ Պոնտոսի հույները բազմաթիվ տառապանքներ ու զրկանքներ են կրել, այն արյունահեղությունը, որ տեղի ունեցավ [20-րդ դարի սկզբին], ինձ էլ է շատ վշտացնում: Դրա հետ մեկտեղ, ես համոզված եմ, որ այն, ինչ թուրքերն արել են Պոնտոսի հույների հետ, ոչ թե ցեղասպանություն էր, այլ էթնիկ զտում: Եթե մենք հարցը դիտարկենք զուտ գիտական տեսանկյունից, ապա տեղի ունեցածը դժվար է ցեղասպանություն անվանել: Ընդհանրապես, հարկավոր է հստակ սահմանազատում դնել ցեղասպանություն երևույթի և էթնիկ զտումների միջև», - հայտարարեց Հունաստանի կրթության նախարարը:

Նշենք, որ հունական աղբյուրների համաձայն՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին և դրան հաջորդած շրջանում թուրքական իշխանությունների ձեռնարկած գործողությունների հետևանքով առնվազն 370 հազար պոնտոսցի հույներ են զոհվել: 1994 թվականին Հունաստանը դարասկզբի իրադարձությունները պաշտոնապես ճանաչեց որպես ցեղասպանություն` մայիսի 19-ը հռչակելով հիշատակի օր: Հունաստանից բացի Պոնտոսի հույների ցեղասպանությունը խորհրդարարանների մակարդակով ճանաչել են Կիպրոսը, Հայաստանը, Ավստրիան, Շվեդիան և Նիդերլանդները:

Այս ֆոնին պատահական չէ, որ Հունաստանի կրթության նախարարի հայտարարությունը վրդովմունքի լուրջ ալիք բարձրացրեց երկրում:

Ընդդիմադիր «Նոր ժողովրդավարություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Մակիս Վորիդիսը, օրինակ, երեկ հայտարարում էր․ - «Վարչապետ Ցիպրասը պարտավոր է պաշտոնանկ անել կրթության նախարարին, քանի որ Ֆիլիսի հայտարարություններն արդեն իսկ սկսել են օգտագործվել ի շահ թուրքական կողմի: Դա էլ, իր հերթին, ուղղակի հարված է Հունաստանի կողմից վարվող արտաքին քաղաքական կուրսին»:

Սրան կառավարության խոսնակ Օլգա Գերովասիլին հակադարձեց, թե «ձախ ուժերի ներկայացուցիչներից կազմված կառավարությունում կարծիքների բազմազանությունն ընդունելի է»: Բացի այդ, ըստ նրա, կրթության նախարարը արտահայտել է ոչ թե կառավարության, այլ իր անձնական տեսակետը:

Կառավարության խոսնակի հայտարարությունները ընդդիմության ներկայացուցիչների համար առանձնապես համոզիչ չէին: Հույն ազգայնականներին միավորող «Ոսկե արևածագ» կուսակցությունն արդեն իսկ խոստացել է պաշտոնապես դիմել իրավապահներին` կրթության նախարարին պատասխանատվության ենթարկելու պահանջով:

Հարկ է նկատել, որ ազգայնական կուսակցությունն ունի նման քայլի դիմելու բոլոր իրավական հիմքերը: Մոտ մեկ տարի առաջ՝ 2014 թվականի սեպտեմբերին, Հունաստանի խորհրդարանը քրեականացրեց ցեղասպանությունների ժխտումը` նման գործողության համար 5-ից մինչև 20 հազար եվրոյի տուգանք սահմանելով: Գործող պաշտոնյաների դեպքում, ի դեպ, տուգանքի չափը կարող է հասնել 25 հազար եվրոյի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG