Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ հանձնաժողովը հավանություն տվեց Ղարաբաղի վերաբերյալ վիճահարույց զեկույցին


Բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթեր, արխիվ
Բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթեր, արխիվ

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական հարցերով հանձնաժողովը հավանության արժանացրեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերտառությամբ վիճահարույց զեկույցի նախագիծը, որը կոչ է անում Հայաստանին «դուրս բերել հայկական զինուժը Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից, հաստատել այդ տարածքներում Ադրբեջանի լիակատար ինքնիշխանություն»:

Բանաձևի նախագծում, ըստ հանձնաժողովի տարածած պաշտոնական հաղորդագրության, Մինսկի խմբին է կոչ արվում պլենար նիստ անցկացնել և Լեռնային Ղարաբաղին տալ միջանկյալ կարգավիճակ, որը կերաշխավորի ինչպես անվտանգությունը, այնպես էլ ներքին ինքնակառավարումը, ինչպես նաև համաձայնեցված միջանցք բացել Հայաստանի և ԼՂ-ի միջև ու վստահության ամրապնդմանն ուղղված այլ քայլեր կատարել, այդ թվում՝ դեպի Նախիջևան մուտքի թույլտվություն։

Հանձնաժողովը անհրաժեշտ է համարում ԵԱՀԿ-ին կից միջազգային խաղաղարար ուժերի ստեղծումը, «ինչը կամրապնդի ԼՂ-ի և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքների անվտանգությունը»։ Կոչ անելով զերծ մնալ բռնություններից՝ նախագծում առաջարկ է հնչում նաև հրադադարի ռեժիմի խախտումները հետաքննող մեխանիզմի ստեղծման վերաբերյալ։

Զեկույցի նախագիծը ԵԽԽՎ քննարկմանը կներկայացվի 2016 թվականի ձմեռային նստաշրջանին։ ԵԽԽՎ զեկույցները ունեն խորհրդատվական բնույթ և պարտադիր կատարման ենթակա չեն:

Հիշեցնենք, բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած զեկույցը կազմվել է ադրբեջանական կողմի հետ համագործակցության արդյունքում. հայկական կողմը, ի սկզբանե համաձայն չլինելով զեկույցի վերնագրին, հայտարարել է, թե Ուոլթերն այդպիսով արդեն իսկ կողմնակալ կեցվածք է դրսևորում։ Մասնավորապես, պաշտոնական Ստեփանակերտը հայտարարել է, թե խոչընդոտ են տեսնում բրիտանացի զեկուցողի հետ համագործակցության հարցում։

«Զեկույցի վերնագիրը արտացոլում է հակամարտության միայն մեկ կողմի՝ Ադրբեջանի դիրքորոշումը, ինչը կանխորոշում է զեկույցի բովանդակությունը և եզրակացությունները։ Մեր կարծիքով, նման մոտեցումը խախտում է Եվրոպայի խորհրդի զեկույցների պատրաստման հիմնական սկզբունքները, որոնք են՝ անկողմնակալությունն ու չեզոքությունը»,- «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարել էր Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը։

Ռոբերտ Ուոլթերը 2013-ին Ադրբեջանի նախագահական ընտրություններում գլխավորում էր ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը։ Նա թերևս արևմտյան այն եզակի դիտորդներից էր, ով պնդել էր, թե Ադրբեջանի նախագահն ընտրվել է ազատ ու թափանցիկ ընտրությունների արդյունքում։ Ուոլթերի գնահատականը կասկածի տակ դրեց հատկապես հեղինակավոր «Գարդիան» պարբերականը՝ պնդելով, թե եվրոպացի պատգամավորների Բաքու գործուղումը մի իսկական արձակուրդ էր։

«Արքայավել ընդունելության արժանանալուց հետո նրանք վերադարձան թանկարժեք նվերներով՝ խմիչքներ, խավիար, մետաքսե գորգեր և գումարներ»,- ասվում է «Գարդիան»-ի հոդվածում։

Ուոլթերը նաև «Խավիարային դիվանագիտություն. ինչպես է Ադրբեջանը լռեցնում Եվրոպայի խորհրդին» հայտնի զեկույցի գլխավոր հերոսներից մեկն է, և ինչպես «Եվրոպական կայունություն» նախաձեռնությունն էր փաստել՝ Ադրբեջանի գլխավոր քարոզիչը միջազգային ասպարեզում։

XS
SM
MD
LG