Մատչելիության հղումներ

Համո Սահյանի տուն-թանգարանի բացումը ձգձգվում է


Համո Սահյանի պոեզիայի կենտրոնի ղեկավար Նաիրի Սահյանը:
Համո Սահյանի պոեզիայի կենտրոնի ղեկավար Նաիրի Սահյանը:

Բանաստեղծի ծննդավայրում՝ Սիսիանի շրջանի Լոր գյուղում թանգարանի շենքը կառուցված է, սակայն անավարտ են ներքին հարդարման աշխատանքները:

Անցյալ տարի ապրիլին նշվեց մեր լավագույն բանաստեղծներից Համո Սահյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը․ հրատարակվեց Սահյանի ստեղծագործությունների քառահատոր ժողովածու, տեղի ունեցավ հոբելյանական հանդիսավոր երեկո:

Պիտի բացվեր նաև բանաստեղծի տուն-թանգարանը նրա ծննդավայրում՝ Սիսիանի շրջանի Լոր գյուղում, բայց թանգարանի շենքը կառուցված է, իսկ թանգարանը չի գործում:

Երևանում՝ Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի թանգարանների երկհարկանի շենքում դեռ տարիներ առաջ տարածք հատկացվեց և մեկ սենյակում Շորս Դավթյանի կողմից հիմնադրվեց Համո Սահյանի պոեզիայի կենտրոնը, որն այսօր ղեկավարում է բանաստեղծի որդին՝ Նաիրի Սահյանը:

«Ազատության» հետ զրույցում նա ցավով ու ափսոսանքով էր խոսում, որ շուրջ մեկուկես տարի ձգձգվում է տուն-թանգարանի բացումը: Թանգարանը, նրա փոխանցմամբ, կառուցվել է Համո Սահյանի 100-ամյակի կապակցությամբ ստեղծված հոբելյանական հանձնաժողովի որոշմամբ․ - «Հայաստանի զարգացման գրասենյակ կա: Արեցին մարդիկ, երկհարկանի տուն սարքեցին: Այնտեղ հարդարման աշխատանքներ մնացին, որ պիտի անեին, չհասցրեցին երևի կամ ինչ պատճառով չվերջացրին․․․ Թանգարանը բաց չի, տնօրեն չունի, ոչ մի բան չկա: Դիմեցի մարզպետին: Նա ասաց, որ Մշակույթի նախարարությանը փող է տրամադրել: Հետո զանգահարեցի․ նախարարը՝ տիկին Պողոսյանը հեռախոսը չի վերցնում․․․ Օգնականից իմացա, ասեց՝ գումար ա պակասում, պիտի հայթայթեն: Թե ինչքան ժամանակ կհայթայթեն էդ մարդիկ, չեմ կարող ասել: Ինչ վերաբերում է պետականորեն օգնությանը, ոչ մի բան չկա»:

Տարիներ շարունակ Համո Սահյանը որդիների ու տիկնոջ հետ ապրել է Կասյան 3 շենքում, որի վրա փակցված էր բանաստեղծի ցուցատախտակը: Նաիրի Սահյանի խոսքով, քաղաքային իշխանությունների նախաձեռնած շենքերի մաքրման և վերականգնման աշխատանքների ժամանակ ցուցատախտակը վնասվել է: Իսկ քաղաքային իշխանությունները ցայսօր չեն վերանորոգել այն:

«Երբ դիմեցի, հրաժարվեցին, որ իրենք են արել․․․ Ես ուղղակի խնդրում եմ, եթե չեն օգնում, գոնե չխանգարեն, թույլ տալ, որ մենք մեր ուժերով ինչ կարող ենք, անենք», - ասաց նա:

Նաիրի Սահյանն անչափ դառնությամբ է խոսում այն ամենի մասին, ինչ այսօր տեղի է ունենում մեր երկրում՝ ցավով շեշտելով, որ ղեկավարները անկախության տարիների ընթացքում երկիրն ու ժողովրդին հասցրին ահա այսպիսի մի հանգրվանի․ - «Իրենք ունեն մի նպատակ․ դա շուկայական հարաբերություններն են: Այսինքն շուկայական մարդը ի՞նչ պիտի լինի․ էժան առնի, թանկ ծախի․․․ Սա է սրանց հոգեբանությունը: Սարսափելի բան է․․․ Ժողովուրդը լքում ա հայրենիքը, ընտանիքը՝ մի կտոր հացի համար, որ երեխաները սոված չմնան: Սրանից ավել էլ ի՞նչ պիտի լինի․․․ Կդատարկվի, կմնան իրենք՝ Հանրապետական կուսակցությունը: Իրենք իրենցով կմնան, հետո իրար կուտեն, կպրծնի-կգնա»:

Նա տեղին համարեց հիշեցնել Համո Սահյանի հետևյալ քառատողը․ Ես ձեր խիղճն եմ, ինձ մի խաբեք, / Ձեր թևերն եմ, ինձ մի կապեք, / Ինձ մի կտրեք, ձեր երակն եմ, / Ձեր արյունն եմ, ինձ մի թափեք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG