Մատչելիության հղումներ

Պարտադիր զինծառայությունը Վրաստանում հաջորդ տարվանից կարող է վերացվել


Վրաստան - Զորահանդես Թբիլիսիում, 26-ը մայիսի, 2015թ․
Վրաստան - Զորահանդես Թբիլիսիում, 26-ը մայիսի, 2015թ․

Վրաստանը կարող է հրաժարվել պարտադիր զինվորական ծառայությունից: Իրավական հարցերով խորհրդարանական հանձնաժողովը արդեն հավանություն է տվել «Զինվորական պարտականությունների և ծառայության մասին» օրենքի փոփոխությանը, և խորհրդարանի լիագումար նիստում դրա ընդունվելու դեպքում 2016 թվականի հունվարի 1-ից Վրաստանը կանցնի միայն պայմանագրային զինծառայության:

Օրենսդրական փոփոխությունը ընդունելու նպատակով խորհրդարանը այն քննարկելու է դեկտեմբերի 5-ին: Օրինագծի նպատակներից է նաև պարտադիր զինծառայության վրա ծախսվող գումարներն ուղղել պրոֆեսիոնալ զինվորական ծառայության զարգացմանը և Վրաստանի պաշտպանական համակարգի ամրապնդմանը:

Նախաձեռնության հեղինակ պատգամավոր, «Նոր քաղաքական կենտրոն» միավորման ներկայացուցիչ Զուրաբ Ջափարիձեի խոսքով, պետությունը հիմա նորակոչիկներից մեկ տարի է խլում՝ չվճարելով երիտասարդների աշխատանքի դիմաց: Նա նաև հիշեցրել է, որ պարտադիր զինծառայությունից հրաժարվելը ՆԱՏՕ-ին անդամակցելու պայմաններից է:

Վրաստանում բոլորը չէ, որ միանշանակ կողմ են առաջարկվող փոփոխությանը: Մասնավորապես, ռազմահետազոտական «Արսենալ» ամսագրի գլխավոր խմբագիր Իրակլի Ալադաշվիլիի կարծիքով՝ պարտադիր զինծառայությունից հրաժարվելը կարող է խարխլել երկրի պաշտպանունակությունը:

«Հարավային Կովկասում և մասնավորապես Վրաստանում իրավիճակը ցավոք անհանգիստ է, և ոչ ոք չգիտե, թե այն ինչ ազդեցություն կունենա Վրաստանի վրա: Օրինակ, վերցնենք Ուկրաինան․ 2013-ին այնտեղ հրաժարվեցին պարտադիր զինծառայությունից, բայց հիմա վերադառնում են դրան: Նույնը տեղի ունեցավ և մերձբալթյան երկրներում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են, վերադառնում են նախկին համակարգին», - նշել է Ալադաշվիլին:

Օրինագծով առաջարկվում է նաև թույլատրել օտարերկրյա քաղաքացիներին ծառայել Վրաստանի զինված ուժերում: Ըստ նախագծի, օտարերկրյա քաղաքացիները Վրաստանի վարչապետի թույլտվությամբ կարող են զինվորական ծառայության անցնել երկրում․ նրանք զինվորական երդում չեն տալու, բայց գրավոր պարտավորվելու են հավատարիմ մնալ Վրաստանին և հարգել երկրի օրենքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG