Մատչելիության հղումներ

Շավարշ Քոչարյանը «զավեշտալի և անբարոյական» է որակում Ալիևի հայտարարությունը


Նա հիշեցրեց՝ Միացյալ Նահանգների Կոնգրեսի և պետքարտուղարության զեկույցներում նշվել է, որ Ադրբեջանը ծառայում է որպես միջազգային ահաբեկչական խմբավորումների մատակարարման և տարանցման հենակետ:

Փարիզյան ահաբեկչություններից հետո Ադրբեջանի նախագահի կողմից Հայաստանին մեղադրանքներ ներկայացնելը, ըստ Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի, «զավեշտալի և անբարոյական է»:

Քոչարյանը նախ պնդեց, որ ղարաբաղյան պատերազմում ադրբեջանական կողմից մեծ թվով ահաբեկիչներ են մասնակցել, ապա, «Ազատության» հարցին ի պատասխան, արձագանքեց Մեծ քսանյակի գագաթնաժողովում Հայաստանի հասցեին Իլհամ Ալիևի հնչեցրած մեղադրանքին․ - «Դա անհաջող փորձ է շեղելու միջազգային հանրության ուշադրությունը Ադրբեջանի և տարբեր ահաբեկչական ցանցերի միջև ավանդաբար գոյություն ունեցեղ անմիջական կապերից»:

Նրա խոսքով՝ կան բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են, որ ահաբեկչական կազմակերպությունները, մասնավորապես՝ «Ալ-Ղաիդա»-ն, կապեր ունեն Ադրբեջանի հետ, իսկ Միացյալ Նահանգների Կոնգրեսի և պետքարտուղարության զեկույցներում նշվել է, որ Ադրբեջանը ծառայում է որպես միջազգային ահաբեկչական խմբավորումների մատակարարման և տարանցիկ հենակետ․ - «Հարյուրավոր Ադրբեջանի քաղաքացիներ ակտիվորեն ներգրավված են Սիրիայում և Իրաքում ահաբեկչական գործողություններ իրականացնող խմբավորումներում, այդ թվում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական ցանցում, որն իր վրա է վերցրել վերջերս Փարիզում իրականացված զարհուրելի ահաբեկչությունների պատասխանատվությունը»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի անձնական հրավերով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Անթալիայում մասնակցում է Մեծ քսանյակի գագաթնաժողովին: Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Էրդողանի անունից գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված աշխատանքային ճաշի ընթացքում Ադրբեջանի նախագահը ելույթ է ունեցել և հայտարարել, որ իր երկիրը ևս տուժում է ահաբեկչությունից, և «այդ ահաբեկչությունը Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի օկուպացիոն քաղաքականության բաղկացուցիչ մասն է կազմում»:

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը հիշեցնում է․ տարիներ առաջ, երբ Մեծ քսանյակի հերթական գագաթնաժողովը կրկին Թուրքիայում էր, Ալիևը նմանատիպ ելույթ ունեցավ, սակայն դա զրոյական ազդեցություն ունեցավ, և հիմա էլ պետք չէ ճաշի ընթացքում կատարված ելույթին կարևորություն տալ․ - «Սա նոր տրենդ չէ Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ, և բնական էր, ու Իլհամ Ալիևը փորձելու է ահաբեկչության դեմ պայքարի նոր ալիքի տակ տեղավորել նաև Հայաստանը: Հիշենք, որ այդպիսի փորձեր Ալիևն արեց նաև 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո, բայց հաստատապես Ադրբեջանը որևէ արդյունքներ չարձանագրեց»:

Իր ելույթում հերթական անգամ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հարցով պաշտոնական Բաքվի դիրքորոշումը՝ Ալիևը նշել է, թե «հակամարտությունը պետք է լուծվի միայն միջազգային նորմերին համապատասխան և Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա»:

Սաֆարյանը նկատում է, որ Ալիևի ելույթի մասին տեղեկությունները հիմնականում հասանելի են ադրբեջանական լրատվամիջոցներից, և դժվար է ասել՝ արձագանք եղե՞լ է, թե՞ ոչ: Մեծ քսանյակում են Մինսկի խմբի համանախագահ երկրները, իսկ նրանք, քաղաքագետի հիշեցմամբ, բազմիցս են նշել, որ միայն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա ղարաբաղյան հարցը չի կարող լուծվել․ - «Կարող էին արձագանքել, որ ահաբեկչության հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը որևէ առնչություն չունի: Առավել ևս, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է: Ինչու են լռել՝ թողնում եմ իրենց խղճին»:

Քաղաքագետ Մանվել Սարգսյանն ասում է, որ Հայաստանը որևէ ռեսուրս չուներ Մեծ քսանյակի գագաթնաժողովին Ալիևի մասնակցության վրա ազդելու, իսկ այս օրերին գերտերությունների հիմնական վեճն է, թե ում կոչել ահաբեկիչ և ում՝ ոչ․ - «Բնական է, որ այդ հարցի շուրջ պետք է հստակեցում մտցվի: Ալիևն էլ ուղղակի օգտագործել է պահը՝ ասելով, թե հայերն էլ են, Հայաստանն էլ ահաբեկչական կազմակերպություն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG