Մատչելիության հղումներ

Ֆուտբոլի երկրպագուները կրկին փողոց դուրս կգան Հայրապետյանի հրաժարականի պահանջով


Պայթուցիկներով, ճայթուկներով ու ոստիկանների հետ քաշքշուկներով նախօրեին Երևանում իրարանցում առաջացրած ֆուտբոլի երկրպագուների ՖԱՖ ակումբի անդամները առաջիկա երեքշաբթի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի պահանջով կրկին փողոց դուրս կգան, թեև նախապես բողոքի ակցիայի օր էր հայտարարվել այս ուրբաթ։

«Իմացանք, որ այդ օրը ընդդիմությունը մեծ հանրահավաք ունի նախատեսած, և պատկերացրեք մեզ վրա սկսեցին ինչ-որ բաներ գլորվել հենց ընդդիմության կողմից, որ փորձ է կատարվում շեղել հանրությանը։ Քննարկելով՝ որոշեցինք մեր ակցիան իրականացնել նոյեմբերի 24-ին»,- ասաց ՖԱՖ-ի անդամ Սերգեյ Ջանջոյանը։

Երկրպագուներն Արամ Խաչատրյանի արձանի մոտից կրկին երթով կշարժվեն դեպի ՀՖՖ շենք։ Առայժմ գաղտնի են պահում, թե անհնազանդության ինչ միջոցներ կկիրառեն, սակայն վստահեցնում են՝ եթե իրենց պահանջները չբավարարվեն, բողոքի ակցիաները կտեղափոխեն նաև այլ հարթակներ։

«Մեր անհնազանդությունները ոչ միայն փողոցում կարող են շարունակվել, այլև կարող են մտնել մարզադաշտեր՝ Հայաստանի ֆուտբոլի առաջնության խաղերի ժամանակ բողոքի ակցիաներ իրականացնել»,- նշեց Ջանջոյանը։

«Էսօրվա վիճակով մեզ իր աշխատանքը, ֆեդերացիայի կատարած աշխատանքը չի բավարարում, քանի որ ունենք փաստացի շատ վատ արդյունք։ Այսպիսի արդյունք երբևէ Հայաստանի հավաքականի պատմության մեջ չի եղել»,- հավելեց ՖԱՖ-ի մեկ այլ անդամ Էդգար Պետրոսյանը։

Կրած տասնյակ պարտություններից հետո Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի նոր հրապարակած դասակարգման աղյուսակում նահանջել է միանգամից 36 տեղով և այժմ զբաղեցնում 127-րդ հորիզոնականը՝ իրենից ետ թողնելով միայն Տանզանիային, Վիետնամին, Քուվեյթին, Պաղեստինին և ֆուտբոլում հաջողություններով աչքի չընկնող մի շարք այլ երկրների։

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականից բացի, ուժի մեջ են մնում դեռ մեկ ամիս առաջ ՖԱՖ-ի կողմից առաջ քաշված երեք պահանջները՝ հրավիրել օտարերկրյա մարզիչ, նվազեցնել ֆուտբոլային խաղերի տոմսերի գները և հավաքական հրավիրել աշխարհի առաջատար երկրներում հանդես եկող հայազգի պրոֆեսիոնալ այն ֆուտբոլիստներին, ովքեր, ըստ երկրպագուների, Ռուբեն Հայրապետյանի կամ ֆեդերացիայի այլ պաշտոնյաների քմահաճույքով չեն կրում ազգային հավաքականի մարզաշապիկը։

«Կոմպրոմիսային տարբերակներ չկան։ Առաջին երեք պահանջները անհրաժեշտ և պարտադիր պայմաններ են, որպեսզի մեր ֆուտբոլը դուրս գա էս կոմայի վիճակից։ Մահամերձ վիճակում է ֆուտբոլը»։

«Ունեմ ներքին ինֆորմացիա, որ ֆուտբոլիստներից ոմանք դրական են գնահատում մեր քայլերը»։

Ռուբեն Հայրապետյանը երկրպագուների պահանջներին ծանոթ է, սակայն դրանք բավարարել չի պատրաստվում։ Մոտ տասն օր առաջ հեգնական ոճով արձագանքելով ֆուտբոլասերների բողոքին՝ Հայրապետյանը ՖԱՖ-ն անվանել էր խմբակ և խորհուրդ տվել ազգային հավաքականին երկրպագելու փոխարեն տուրիստական գործունեություն ծավալել։

Վերջին բողոքի ակցիայից հետո, ֆուտբոլի ֆեդերացիան առայժմ հայտարարությամբ հանդես չի եկել, մեր հեռախոսազանգերին էլ այսօր պատասխանող չկար։

«Մեզ համար պարզապես վիրավորական է արհամարհական վերաբերմունքը, որ ընդհանրապես մեր պահանջների վերաբերյալ ոչ մի կոնկրետ պատասխան չենք ստանում և դեռ ավելին՝ ստանում ենք վիրավորական պիտակավորումներ»։

XS
SM
MD
LG