Մատչելիության հղումներ

Մեկնարկում է Հայաստանի մարզերում մշակութային զբոսաշրջության զարգացման ծրագիրը


«Իմ Հայաստան» խորագիրը կրող ծրագրի մեկնարկն այսօր Մատենադարանում ազդարարեցին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն ու Սմիթսոնյան ինստիտուտը:

Միացյալ Նահանգների կառավարության և Սմիթսոնյան ինստիտուտի կողմից առաջիկա 4 տարիներին իրականացվելիք և 5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ նորարարական այս ծրագիրը միտված է ոչ միայն խթանելու զբոսաշրջության զարգացումը Հայաստանում, այլև նպատակաուղղված է պահպանելու ազգային մշակույթը՝ զբոսաշրջության զարգացման միջոցով:

Ծրագրի մեկնարկին ներկա էին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կառավարության անդամներ և այլ բարձրաստիճան անձինք:

Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի խոսքով, նրանց ներկայությունն արդեն իսկ խոսում է ծրագրի կարևորության մասին:

«Հայաստանը մշակութային մեծ ժառանգություն ունեցող երկիր է, և եթե երբևէ որևէ մեկը այցելել է Հայաստան, չի կարող չհամաձայնել ինձ հետ, որ այն չափազանց գրավիչ է թե՛ մշակութային առումով, թե՛ իր հրաշալի բնությամբ, բնապատկերներով, մարդկային ջերմությամբ», - նշեց դեսպանը՝ շարունակելով․ - «Ես հավատում եմ, որ այս ծրագիրը կհրապուրի ճանապարհորդներին, զբոսաշրջիկներին: Ավելին՝ այս ծրագիրը նաև խթան կհանդիսանա գյուղական համայնքների զարգացման համար, որովհետև դրա շրջանակներում իրականացվող տուրիստական նոր հոսքերի համար ավելի մեծ անհրաժեշտություն կզգացվի հյուրանոցների, ռեստորանների ու սրճարանների, տաքսիների, հուշանվերների և այլ խանութների, ենթակառույցների զարգացման համար»։

«Զբոսաշրջությունը այսօր համաշխարհային տնտեսության գերակա ճյուղերից է և մեծ ազդեցություն ունի թե՛ համաշխարհային տնտեսության կառուցվածքի և ընդհանուր իրավիճակի, թե՛ տարբեր երկրների ու տարածաշրջանների տնտեսությունների վրա: Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջությունը զարգացման տեմպերով և արդյունքներով առավել դինամիկ զարգացող ճյուղերից է: 2014 թվականին Հայաստան է այցելել մոտ 1 միլիոն 204 հազար զբոսաշրջիկ, ինչը 11.3 տոկոսով ավել է 2013 թվականի ցուցանիշից», - նշեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ Հայաստանում կատարվող ներդրումների շնորհիվ զգալիորեն ակտիվացել է հյուրանոցաշինությունը․ ներկայումս գործում են 340 հյուրանոցային համալիրներ, որոնցից 20-ը կառուցվել են վերջին երեք տարիներին:

Հովիկ Աբրահամյանը հույս հայտնեց, որ այս ծրագրի իրականացման շնորհիվ զբոսաշրջությունը Հայաստանում է՛լ ավելի կզարգանա․ - «Մենք կարևորում ենք Հայաստանի կառավարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջև ձևավորված համագործակցությունը: Այդ գործակալության կողմից իրականացված և իրականացվող այս և նմանատիպ այլ ծրագրերը տնտեսական աճի ապահովման, ժողովրդավարության և կառավարման, առողջապահության, սոցիալական պաշտպանության ոլորտներում կարևորվում են մեր պետության կայուն զարգացման տեսանկյունից: Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստ է շարունակել համագործակցությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ և աջակցել ցանկացած ծրագրերի և նախաձեռնությունների իրագործմանը, որոնք բխում են մեր երկրի ու ժողովրդի շահերից»:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը լրագրողների հետ զրույցում ասաց․ - «Այս ծրագրի իրականացման նպատակը հստակ է՝ մենք ուզում ենք, որ Հայաստանը լինի զբոսաշրջության առաջնակարգ կենտրոն»:

Ծրագիրը, Հիլիարդի փոխանցմամբ, նախատեսում է զբոսաշրջային մեկ ընդհանրական երթուղու մեջ ընդգրկել Հայաստանի հյուսիսում և հարավում գտնվող բնակավայրերը, պատմամշակութային հուշարձանները:

«Պատմամշակութային ժառանգության ոլորտում մենք ակնկալիք ունենք, որպեսզի հուշարձանները, որ մտել են այդ ծրագրի մեջ, կբարեկարգվեն և, ամենակարևորը՝ կստեղծվեն ենթակառուցվածքները, որոնք պետք է հուշարձանները սպասարկեն: Որովհետև այսօր, ցավոք սրտի, մենք կարողանում ենք ինչ-որ չափով իրականացնել վերականգնումները, բայց ենթակառուցվածքների առումով միշտ մենք ունենք խնդիրներ», - լրագրողների հետ զրույցում ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG