Մատչելիության հղումներ

Սարգսյան-Ալիև հանդիպումից ակնկալիքներ կլինեն, եթե Ադրբեջանը հրաժարվի «ամեն ինչ, կամ ոչինչ» մոտեցումից


Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյան
Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյան

Դեկտեմբերին սպասվող Սարգսյան-Ալիև հանդիպումից կարող են ակնկալիքներ լինել, եթե ադրբեջանական կողմը հրաժարվի «կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ» մոտեցումից, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

«Ակնկալիքներ կարող են լինել մի դեպքում, եթե ադրբեջանական կողմը վերջ դնի իր այդ «կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ» և ուժի դիրքերից իր համար ավելի նպաստավոր լուծում կորզելու մոտեցումներից։ Դա անհնարին է։ Քանի դեռ Ադրբեջանում դա չի երևում, ես լուրջ ակնկալիքներ չունեմ։ Մյուս կողմից դա չի նշանակում, որ նման հանդիպումները պետք չեն։ Նույնիսկ պատերազմող երկրների դեպքում լինում են հանդիպումներ, բանակցություններ»,- ասաց Քոչարյանը։

Իշխող Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը մոտ մեկ շաբաթ առաջ հայտարարեց՝ հավանական է, որ հաջորդ ամսվա սկզբին կայանա Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, հանդիպման վայրի վերաբերյալ ու այլ մանրամասներ չնշվեցին։

Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը վերջին անգամ հանդիպել էին ավելի քան մեկ տարի առաջ՝ Փարիզում, թեև անցած ամիսները առանձնացան հայ-ադրբեջանական սահմանին, շփման գծում լարվածության, զոհերի թվի կտրուկ աճով, ինչն աննախադեպ էր 1994 թվականի զինադադարից ի վեր:

Շավարշ Քոչարյանը նաև նշեց՝ չի բացառվում, որ այսօր Թբիլիսիում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները: Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը Վրաստանի մայրաքաղաքում են՝ մասնակցելու Եվրամիության Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

Փոխարտգործնախարարից հետարքրքվեցին՝ ռուս-թուրքական ճգնաժամը ի՞նչ անդրադարձ կարող է ունենալ Հայաստանի վրա: «Սա այն խնդիրն է, որ վերաբերում է, մի կողմից, մեր դաշնակցին, մյուս կողմից՝ մեր անմիջական հարևանին։ Դրա համար մենք պետք է ուշի ուշով հետևենք այդ բոլոր զարգացումներին»,- ասաց նա։

Հարցին՝ Հայաստանը ի՞նչ դիրքորոշում կորդեգրի, եթե ռուս-թուրքական հարաբերությունների սրացման պատճառով Մոսկվան առաջարկի գործի դնել Գյումրիի 102-րդ ռազմակայանը, Քոչարյանն արձագանքեց.- «Ռուսական ռազմաբազան այստեղ գտնվում է շատ պարզ նպատակներով, որոնք արտացոլված են համապատասխան պայմանագրում։ Այն Հայաստանի զինված ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի անվտանգությունը։ Երբ որ գործը հասնի Հայաստանի անվտանգությանը, դա պետք է համաձայնեցվի հայկական կողմի հետ»։

Շավարշ Քոչարյանը նաև ողջունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի շրջանառումը Ռուսաստանի խորհրդարանում:

Թուրքական օդուժի կողմից ռուսական ինքաթիռի կործանումից հետո՝ երեկ հաղորդվեց, որ Պետդումայի «Սպրավեդլիվայա Ռոսիա» («Արդար Ռուսաստան») խմբակցության պատգամավորները առաջարկում են պատիժ սահմանել՝ մինչև երեք տարվա ազատազրկում կամ 300 հազար ռուբլու տուգանք՝ «Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրությունում 1915-1922թթ․ հայ ժողովրդի ցեղասպանության փաստը հերքելու» համար:

«Դա Ռուսաստանի Պետդումայի գործն է, մենք ողջունում ենք, որ Ռուսաստանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Ընդհանուր առմամբ, մենք միշտ նաև կողմ ենք եղել, որ քրեականացում լինի, որը այս պահին միայն չորս պետությունում է իրականացվում։ Այնպես որ տեսնենք ինչպիսին կլինեն զարգացումները»,- ասաց Հայաստանի փոխարտգործնախարարը։

XS
SM
MD
LG