Մատչելիության հղումներ

Պետությունը 50 միլիոն դրամ է տրամադրում վինդսերֆինգի զարգացմանը


Մինչդեռ, օրինակ, լողի կամ աշխարհի առաջնության ժամանակ բրոնզե մեդալ ապահոված մարմնամարզության զարգացման համար հատկացվում է զգալիորեն պակաս գումար:

Հաջորդ տարի կառավարությունը մտադիր է մոտ 50 միլիոն դրամ հատկացնել Հայաստանում վինդսերֆինգի (հողմասահք) զարգացմանը, ինչը մոտ հինգ անգամ գերազանցում է ավելի մեծ ժողովրդականություն վայելող այնպիսի սպորտաձևերի ֆինանսավորման չափը, ինչպիսին են լողը, թենիսը, ուշուն:

Հայաստանում այս սպորտաձևը համակարգող «Երևանի առագաստային ակումբի» նախագահ Մհեր Թովմասյանը նման ծախսերն արդարացված է համարում՝ ասելով, որ Ռուսաստանում և Հայաստանում կազմակերպվող մրցույթներում հայ վինդսերֆինգիստները բազմաթիվ ոսկե ու արծաթե մեդալներ են ստացել:

«Հպարտանանք, որ մեր պետությունը ֆինանսավորում է երեխաների առողջությանը նպաստող մարզաձև: Մենք ունենք մի հիանալի լիճ՝ Սևանա լիճը, որին նախանձում են անգամ եվրոպական բոլոր առաջատար վինդսերֆինգիստները: Հիանալի երեխաներ ունենք, նրանց պետք է ուղարկել միջազգային մրցումների, արդեն նախապատրաստել օլիմպիադաների: Այդպիսի հնարավորություն մենք չունենք և՛ մարզչական գույքի տեսանկյունից, և՛ ֆինանսական տեսանկյունից»,- ասում է Մհեր Թովմասյանը:

Միջազգային մրցույթներին ավելի շատ մասնակցելու անհրաժեշտության մասին են խոսում նաև հայ լողորդները: Լողի հայկական դաշնության գլխավոր քարտուղար, 25 տարվա մարզիչ Ռաֆայել Վասիլյանը դժգոհում է, որ Եվրոպայի, աշխարհի առաջնություններին ստիպված են մասնակցել փոքր կազմով ու դեռևս միայն «գլխավորը մասնակցությունն է» օլիմպիական կարգախոսով: Ըստ մասնագետի, սպորտաձևի զարգացմանը հատկացված 10 միլիոն դրամը չափազանց քիչ է՝ շոշափելի հաջողություններ արձանագրելու համար:

«Եթե գումարները շատ լինեն, բնական ա՝ չի գնա երկու մարզիկ, կգնա ութ մարզիկ, որը կնպաստի լողի զարգացմանը: Եթե հնարավորություն լինի, միգուցե լողինն էլ կդարձնեն 50 միլիոն, որի համար մենք միայն ուրախ կլինենք»,- ասում է Ռաֆայել Վասիլյանը:

Սպորտի և երիտասարդության նախարարության՝ սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանի պնդմամբ, սպորտին հատկացվող գումարը ֆեդերացիաների միջև բաժանում են ըստ մարզիկների արձանագրած հաջողությունների:

«Գումարը բոլոր ֆեդերացիաներին չի բավականացնում, եթե լինի ոչ թե 8 միլիոն, այլ 80 միլիոն, նորից էլի դժգոհելու են ֆեդերացիաները: Բայց սա պետական աջակցություն է, կողքին պետք է լինեն նաև ֆեդերացիաների ներդրումները, հովանավորների ներդրումները, որ մարզաձևը կարողանա զարգանալ: Եթե մենք տեսնում ենք, որ տարվա ընթացքում ֆեդերացիաները գրեթե ոչինչ չեն արել, միանշանակ այդ ֆեդերացիաների գումարների չափը վերանայվում է»,- պարզաբանում է նախարարության ներկայացուցիչը:

Սակայն, օրինակ, մարմնամարզության ֆեդերացիան, որի ներկայացուցիչն այս տարի աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ բերեց Հայաստանին, վինդսերֆինգին հատկացված միջոցների մոտ կեսն է միայն ստանալու: Հայ երիտասարդ մի հեծանվորդ էլ այս տարի ոսկե մեդալ բերեց Եվրոպայի առաջնությունից, մինչդեռ՝ Հեծանվասպորտի ֆեդերացիայի տարեկան ֆինանսավորումն ընդամենը 13 միլիոն դրամ է կազմում՝ մի քանի անգամ ավելի քիչ վինդսերֆինգին հատկացվող գումարի չափից:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այս համամասնությունը, նախարարությունը պատասխանում է՝ իրենք վինդսերֆինգով չեն զբաղվում, 32 ֆեդերացիաների ցանկում վինդսերֆինգ չկա, գումարներն էլ «Երևանի առագաստային ակումբին» հասել են ոչ իրենց միջոցով:

«Միգուցե նրանք զարգացման ծրագիր են ներկայացրել կառավարությանը, և այդ ծրագիրը հաստատվել է, ես դա չեմ կարող ասել, մենք տեղեկացված չենք»,- ասում է Նարինե Շահբազյանը:

Հայաստանում վինդսերֆինգի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ձևավորվեց 2006 թվականից, այդ մարզաձևի սիրահար՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման օրոք: Այն ժամանակ «Հայաստան» համահայկական հիմնադրամը 257 մլն դրամ հատկացրեց մարզաձևի կենտրոնի կառուցման և տեխնիկական հագեցման համար: Ի դեպ, սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը, արձագանքելով մեր հարցին, հորդորեց «սպորտաձևը այլ բաների հետ չխառնել»:

«Կապված այդ մարզաձևի հետ, համատարած ողջ աշխարհում է ուղղություն վերցված՝ զարգացնելու այդ մարզաձևը, դա ընդհանուր ուղի է, մի խառնեք այլ հարցերի հետ»,- ասաց նախարարը:

«Երևանի առագաստային ակումբի» նախագահ Մհեր Թովմասյանը չի թաքցնում՝ երկրորդ նախագահի գործոնը էական նշանակություն ունի այս սպորտաձևի զարգացման համար:

«Որովհետև վինդսերֆինգի հաճույքն ինքը ստացել է Սևանում և որոշել է, որ միայն ինքը չստանա այդ հաճույքը», - պատմում է Թովմասյանը:

Ի դեպ, Հայաստանի շախմատի ֆեդերացիային, որը գլխավորում է նախագահ Սերժ Սարգսյանը, հաջորդ տարի բյուջեից նախատեսվում է հատկացնել վինդսերֆինգին հատկացվելիք 50 միլիոն դրամից մի փոքր ավելի՝ 57 միլիոն դրամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG