Մատչելիության հղումներ

«Դաշնակցությունը կողմ է գիտակցված «այո»-ին»


Արծվիկ Մինասյան, արխիվ
Արծվիկ Մինասյան, արխիվ

Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանի խոսքով, ՀՅԴ-ի համար դատապարտելի են առանձին բացասական դրսևորումները «քարոզարշավի ողջ գործընթացին վերագրելն ու հանրաքվեն սևացնելու փորձերը»:

Դաշնակցությունը կողմ է գիտակցված «այո»-ին, այսօր «Ազատության հետ զրույցում ասաց դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը, շեշտելով՝ քվեարկությունը պետք է ազատ և արդար անցկացվի:

«Մեզ համար գիտակցված «այո»-ն շատ ավելի թանկ արժի, քան չգիտակցվածը, կամ որևէ այլ ձևերով անցկացնելը։ Որովհետև, եթե երկրում չեղավ համոզվածություն, վստահություն, անիմաստ է խոսել որևէ փոփոխության դրական արդյունքի մասին»,- ասում է նա:

Հենց այդ նպատակով, ըստ Մինասյանի, պետք է մանրամասն քննվեն գործադրվող ճնշումների մասին «Ոչ»-ի ճակատի բոլոր հայտարությունները, ողջ տեղեկատվությունը պետք է ներկայացվի հանրությանը, սակայն, ՀՅԴ-ի համար դատապարտելի են նաև առանձին դրսևորումները ողջ գործընթացին վերագրելն ու հանրաքվեն սևացնելու փորձերը:

«Ես չեմ բացառում, որ «Ոչ»-ի ճամբարից առանձին դեպքերում կարող են լինել նաև սադրանքներ, ինչպես որ «Այո» ճամբարից կարող են լինել արջի ծառայություն մատուցելու փորձ իրականացնող անձինք: Երկուսն էլ հավասարապես դատապարտելի են մեզ համար»,- շարունակում է դաշնակցական պատգամավորը:

«Ոչ»-ի ճակատի պնդումներին, թե իշխանությունները միայն կեղծիքների և ճնշումների միջոցով կարող են դեկտեմբերի 6-ին հասնել «այո»-ի հաղթանակին, քանի որ գիտակցում են՝ ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը «ոչ»-ի կողմնակից է, Արծվիկ Մինասյանն արձագանքեց․ - «Այս պահին գնահատել նման բան, որ՝ «այո»-ն շանս չունի, ես համարում եմ վիրավորանք՝ առնվազն մեր ընտրողների հասցեին»:

Մինասյանն ասում է, որ ժողովրդի հետ իր հանդիպումների ընթացքում և՛ «այո»-ի, և՛ «ոչ»-ի կողմնակիցների է տեսել, սակայն, սահմանադրական փոփոխություններին դեմ տրամադրվածները, ըստ նրա, հաճախ ծանոթ չեն առաջարկվող նախագծին:

«Քաղաքացու հետ կանգնում խոսում ես, ասում է՝ քանի որ իշխանությունն է առաջարկել, ուրեմն «ոչ» պետք է ասենք: Լավ, գործող Սահմանադրությամբ ուրիշ մարմին չկա, որ սահմանադրական փոփոխություններ առաջարկի, այդ փոփոխություններով է, որ եթե դեկտեմբերի 6-ին դրական արդյունք ստանան, հասարակությունն էլ է դառնում փոփոխություններ նախաձեռնելու սահմանադրական սուբյեկտ: «Ոչ» ասելով էս փոփոխություններին, մենք «այո» ենք ասում էսօրվա իրավիճակի պահպանմանը: Իսկ էսօրվա իրավիճակում, կյանքը ցույց է տվել, որ փոփոխությունը սարսափելի բարդ է, դժվար, հաճախ՝ անհասանելի, մինչդեռ կա շանս, հնարավորություն, որ փոփոխություններ լինեն»,- ասում է Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ սահմանադրական փոփոխություններին ընդդիմացողներ կան նաև իշխանության ներսում: «Եթե տպավորություն է ստեղծվել, որ իշխանությունը, էսպես, բետոնի նման ուզում է, որ սա անցնի, սխալ տպավորություն է դա: Իշխանության մեջ կան բազմաթիվ անձինք և դրանք հայտնի այն անձինք են, ովքեր իրենց բիզնեսը, իրենց ոլորտները պահպանելու, իրենց մենաշնորհային որոշումներ կայացնելու իրավասությունը պահելու տեսակետից չեն ուզում էս փոփոխությունները, որովհետև դրանք բերում են կոլեկտիվ որոշումների ընդունմանը, իրական Ազգային ժողովի, ավելի կիրթ, ավելի գրագետ պառլամենտի ձևավորմանը: Բնական է՝ էդ ուժերը դեմ են լինելու: Ինչպես որ դեմ կարող են լինել նրանք, ովքեր, չսիրելով, չընդունելով Սերժ Սարգսյանին, փորձում են էս փոփոխությունները վերագրել միայն իրեն կամ իշխանության վերարտադրության սխեմաներ են փորձում գտնել»:

Փաստարկներին, թե աշխարհաքաղաքական վտանգավոր իրադրության պայմաններում սահմանադրական փոփոխություններին գնալն արկածախնդրություն է, Արծվիկ Մինասյանը համաձայն չէ։ Միշտ էլ նման պատճառ կարող է բերվել, ասում է նա:

«1993, 1994 թվականներին մենք ավելի լա՞վ վիճակում էինք, մենք պատերազմական վիճակում էինք, գտնվում էինք իսկապես սոցիալ-կենցաղային ամենածանր պայմաններում, զանգվածային արտագաղթ կար, բայց Սահմանադրության տեքստ էր մշակվում»,- հիշեցնում է դաշնակցական պատգամավորը:

XS
SM
MD
LG