Մատչելիության հղումներ

Փարիզը և Մոսկվան կսերտացնեն գործակցությունը ԻՊ-ի և մյուս ահաբեկիչների դեմ պայքարում


Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպումը Կրեմլում, Մոսկվա, 26-ը նոյեմբերի, 2015թ․
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպումը Կրեմլում, Մոսկվա, 26-ը նոյեմբերի, 2015թ․

Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Վլադիմիր Պուտինը խոսել է նաև Թուրքիայի մասին:

Ֆրանսիան և Ռուսաստանը հետախուզական տվյալներ կփոխանակեն «Իսլամական պետության» (ԻՊ) և այլ զինյալ խմբավորումների վերաբերյալ՝ բարձրացնելու Սիրիայում իրենց օդային հարվածների արդյունավետությունը: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեկ երեկոյան Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո:

Այդուհանդերձ, Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, երկու երկրների ղեկավարների միջև պահպանվում են տարաձայնությունները Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետագա ճակատագրի առնչությամբ:

Խոսելով Կրեմլում Պուտինի հետ աշխատանքային ընթրիքից հետո՝ Օլանդը հայտարարել է, որ իրենք համաձայնության են եկել Սիրիայում միայն «Իսլամական պետություն» և այլ ջիհադիստական խմբավորումներին հարվածներ հասցնելու հարցում:

Արևմուտքը, հիշեցնենք, Մոսկվային մեղադրում է հիմնականում Ասադի դեմ պայքարող և Արևմուտքի աջակցությունը վայելող ապստամբներին հարվածներ հասցնելու մեջ:

«Ինչի շուրջ մենք համաձայնության եկանք, և դա կարևոր է՝ միայն ահաբեկիչներին և «Դաեշ»-ին («Իսլամական պետության»-ը) հարվածելն է ու ահաբեկչության դեմ պայքարող ուժերին չհարվածելը: Մենք տեղեկատվություն կփոխանակենք՝ ում հարվածել և ում չհարվածել», - ասել է Օլանդը Պուտինի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Նա հավելել է, որ Ֆրանսիան կմեծացնի աջակցությունը Սիրիայում «Իսլամական պետության» դեմ կռվող ապստամբներին:

Ռուսաստանի նախագահը, իր հերթին, անդրադարձել է վերջին օրերին ռուս-թուրքական հարաբերությունների սրմանը՝ կապված թուրք-սիրիական սահմանին Թուրքիայի օդուժի կողմից ռուսական ռազմական օդանավի խոցման հետ:

«Մեր մտքով անգամ չի անցել, որ կարող ենք հարված ստանալ այն երկրից, որը համարում ենք մեր դաշնակիցը», - ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Պուտինը:

Նա բացառել է, թե թուրքական կողմը կարող էր չճանաչել ռուսական օդանավը, ինչպես պնդում է Անկարան: «Մենք ելնում ենք նրանից, որ գործող կոալիցիան, Թուրքիան այդ կոալիցիայի անդամ է և պետք է իմանա այն մասին, որ այնտեղ աշխատում է հենց ռուսական օդուժը: Էլ ո՞ր: Ինչ, եթե իմանային, որ դա ամերիկյան օդանավ է, կհարվածեի՞ն ամերիկյանին», - ընդգծել է Պուտինը:

Միաժամանակ, նա վստահեցրել է, որ Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հետ գործակցության: «Բայց, իհարկե, մեր օդանավի ոչնչացման և մեր զինծառայողների զոհվելու նման միջադեպերը բացարձակապես անընդունելի են: Եվ մենք ելնում ենք նրանից, որ դա չի կրկնվելու», - հայտարարել է Պուտինը:

Նա ափսոսանք է հայտնել, որ թուրքական իշխանությունները «չմտածված և հիմարաբար» ավերեցին վերջին տասնամյակում Մոսկվայի հետ ձեռք բերված համագործակցության աննախադեպ մակարդակը: «Մենք Թուրքիան համարում էինք ոչ միայն հարևան, այլև բարեկամական պետություն, համարյա դաշնակից», - ասել է Ռուսաստանի նախագահը:

Խոսելով Սիրիայից ահաբեկիչների նավթի ապօրինի մատակարարումների մասին, Պուտինը հնարավոր համարել է, որ Թուրքիայի բարձրագույն քաղաքական ղեկավարությունը տեղյակ չէ դրան, սակայն հավելել, թե «դժվար է դրան հավատալ»:

«Խոսքը զավթված, ահաբեկիչների զավթած սիրիական տարածքներից նավթի արդյունաբերական մատակարարումների մասին է», - ընդգծել է Ռուսաստանի նախագահը՝ վկայակոչելով ռուսական օդանավերից արված լուսանկարները, որոնցում պատկերված է Սիրիայի տարածքից Թուրքիա նավթ տեղափոխող մեքենաների անվերջանալի շղթան․ - «Դա կարծես կենդանի նավթատար լինի»:

«Եթե Թուրքիայի բարձրագույն քաղաքական ղեկավարությունը ոչինչ չգիտի այդ մասին, թող իմանա», - հայտարարել է Պուտինը:

Նա հաստատել է, որ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերը և սիրիական բանակը ուժեղացրել են հարվածները ռուսական օդանավի կործանման շրջանում, ու դա, Պուտինի համոզմամբ, հիմնավորված է: «Ուրիշ էլ ինչպե՞ս: Այդպես էլ պետք է լիներ», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG