Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր գործիչ․ «Ոչ»-ի քարոզարշավի հիմնադրամը հանգանակել են շարքային քաղաքացիները


ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակը Երևանում:
ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակը Երևանում:

Սահմանադրական փոփոխությունները պաշտպանող խմբակցությունները 30 անգամ ավելի գումար են ծախսել քարոզարշավի վրա, քան դրանք մերժողները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, նոյեմբերի 26-ի դրությամբ, «այո»-ի օգտին քարոզչության անելու համար Հանրապետականը, «Բարգավաճ Հայաստան»-ն ու Դաշնակցությունը ծախսել են ավելի քան 50 միլիոն դրամ, մինչդեռ Հայ ազգային կոնգրեսն (ՀԱԿ) ու «Ժառանգություն»-ը՝ մոտ 1.5 միլիոն դրամ:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով՝ «ոչ»-ի քարոզարշավի ֆինանսավորմանը ճնշումների պատճառով չեն մասնակցել գործարարները, հիմնադրամի մոտ 2.5 միլիոն դրամը հավաքվել է սովորական քաղաքացիների միջոցներով:

«Ցանկացողներ [գործարարներից] շատ կային, բայց չէին կարողանում որևէ կերպ աջակցել «Ոչ»-ի շարժմանը: Եվ դա էր պատճառը, որ մենք հայտարարեցինք համաժողովրդական դրամահավաք: Մարդիկ 500 դրամ են ներդրել, 1000 դրամ․․․ Հիմնականում այդպիսի ներդրումներից հավաքվեց այն գումարը, որի շնորհիվ մենք հիմա բավականին ագրեսիվ քարոզարշավ ենք տանում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Զուրաբյանը՝ շարունակելով․ - «Պատկերը հետևյալն է․ իշխանությունները փող են թափում՝ ժողովրդին համոզելու նպատակով, հասնում են զրոյական արդյունքի: Երևի եթե այդ գումարները ուղղեին գոնի մի քանի աղքատի օգնությանը, ավելի շատ արդյունք կտար»:

Քարոզարշավի ֆինանսավորման առումով առաջին տեղը զբաղեցնող ուժը՝ իշխող Հանրապետականը, նոյեմբերի 26-ի դրությամբ, հիմնադրամում հավաքված ավելի քան 80 միլիոնից ծախսել է մոտ 47 միլիոն դրամ:

Կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը կառուցողական չի համարում ընդդիմադիրների քննադատությունը․ - «Բայց քարոզչության համար նույնպես կարելի է գումարներ ծախսել, որպեսզի տեղ հասցվի ժողովրդին, որ այն, ինչ կատարվում է, կատարվում է նպատակին և կատարվում է նույնպես սոցիալական խնդիրները հետագայում ավելի քիչ գումարներ ծախսելով նպատակային այդ խնդիրները լուծել: Ես կարծում եմ, որ որևէ մեկի վրա ճնշումներ չեն գործադրվում, և նրանք, ովքեր փորձում են սատարել «ոչ» քարոզողներին, սատարում են»:

Դիտարկմանը, որ «այո»-ի քարոզարշավը մոտ 30 անգամ ավելի ֆինանսավորում ունի, քան «ոչ»-ինը, Մելիքյանն արձագանքեց․ - «Այո»-ի ճամբարի համակիրները շատ ավելի շատ են, քան «Ոչ»-ի ճամբարի համակիրները: Դրա համար էլ նրանց կողմից ստացված ֆինանսները ավելի քիչ են»:

Առայժմ քարոզարշավի վրա Հայ ազգային կոնգրեսից ավելի շատ գումար է ծախսել քաղաքականության հետ կապ չունեցող և մարզերում սպորտի զարգացմանն ուղղված «Սևան» հասարակական կազմակերպությունը: Կազմակերպության խորհրդի նախագահը պատգամավոր Բազմասեր Առաքելյանն է, ով Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո լքեց «Բարգավաճ Հայաստան»-ը:

«Ազատության» հետ զրույցում Առաքելյանն ասաց, թե որոշել են ակտիվորեն մասնակցել «Այո»-ի քարոզարշավին՝ գիտակցելով, որ Մայր օրենքի փոփոխության ժամանակը եկել է․ - «Քարոզում ենք, որ մարզիկները, սպորտաշխարհը իրազեկված «այո» ասի, ոչ թե ինչ-որ պարտադրված․․․ Չենք համոզում, մենք ընդամենը իրազեկում ենք: Սպորտաշխարհը մի միահամուռ բռունցք է՝ եթե որոշում է «այո», ուրեմն՝ «այո», եթե որոշում է «ոչ», ուրեմն՝ «ոչ»: Տվյալ պարագայում մենք որոշել ենք «այո» ասեն, բայց իրազեկվել ենք, նոր որոշել ենք»:

375 հազար դրամ ծախսել են դահլիճներ վարձակալելու և մարզաշխարհի ներկայացուցիչներին սահմանադրական փոփոխությունների կարևորությունը ներկայացնելու համար: Թե ով կամ ինչ կազմակերպություն է տրամադրել այդ գումարը, Բազմասեր Առաքելյանը գերադասեց չբարձրաձայնել՝ շեշտելով միայն, թե ամեն ինչ օրենքի սահմաններում է. - «Բաներ կան, որ ես չեմ ուզում փակագծերը բացեմ, որովհետև ամեն ինչ իր ժամանակն ունի»:

Նրա փոխանցմամբ՝ Գագիկ Ծառուկյանը չի ֆինանսավորում այս քարոզարշավը:

Հարցին, թե ինչու մարզական ուղղվածության հասարակական կազմակերպությունը հարյուր հազարավոր դրամները որոշել է ծախսել ոչ թե սպորտը զարգացնելու, այլ քարոզարշավի վրա, Բազմասեր Առաքելյանը պատասխանեց․ - «Դա արվում է հենց սպորտաշխարհի համար, որ մարդը իրազեկվի»:

Արդյոք խորհրդարանական կառավարումը կնպաստի՞, որ հայաստանցի մարզիկներն ավելի շատ ոսկե մեդալներ նվաճեն․ այս հարցին Առաքելյանը պատասխանեց․ - «Ոսկե մեդալները կապ չունեն քաղաքականության, պառլամենտի, կիսանախագահականի կամ նախագահականի հետ․․․ Մենք բազմիցս ասել ենք, որ սպորտը երբեք քաղաքականության հետ չենք կապում․․․ Հանրաքվեն մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացու, յուրաքանչյուրիս պարտքն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG