Մատչելիության հղումներ

Հայաստանյան իրավապաշտպանները օբյեկտիվ են համարում Human Rights Watch-ի և Freedom House-ի զեկույցները


Ակնհայտ է, որ անպատժելիությունը խորանում է և դրա հետևանքները շատանում են, ասում են նրանք:

Human Rights Watch և Freedom House հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունները անցած շաբաթ հրապարակած իրենց զեկույցներում պնդում են՝ Հայաստանում մարդու իրավունքների վիճակը մնացել է անհարթ, և Հայաստանը շարունակում է մնալ մասամբ ազատ երկիր:

«Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդմանը հյուրընկալված հայաստանյան իրավապաշտպանները անդրադարձան վերոհիշյալ և միջազգային մյուս իրավապաշտպան կառույցների գնահատականներին:

Ավետիք Իշխանյանը, մասնավորապես, ասաց․ - «Արդյոք այդ դեպքերը եղել են, թե չեն եղել, արդյոք օբյեկտիվ է գնահատականը, թե գնահատականը օբյեկտիվ չէ՝ այդ տեսակետից եթե ինձ հարցնեք, ես կարող եմ ասել՝ միանգամայն օբյեկտիվ գնահատականներ են: Որովհետև այդ ամենը, ինչ նկարագրված է այնտեղ՝ և՛ քաղաքական դատավարությունները, և՛ խիստ պատիժները՝ մասնավորապես Շանթ Հարությունյանի և ընկերների, Հայկ Կյուրեղյանի, «Էլեկտրիկ Երևան»-ի հետ կապված դեպքերը՝ բազմաթիվ մարդկանց [նկատմամբ] բռնությունները, լրագրողների նկատմամբ բռնությունները և որևէ պաշտոնյայի պատասխանատվություն չկրելը, սրանք որևէ մեկը, ասենք՝ Հայաստանի բարձրագույն իշխանությունից որևէ պաշտոնյա, ինչպե՞ս կարող է հերքել»:

«Ինչպես միշտ, նրանց ամեն տարի տրված գնահատականները բավականին օբյեկտիվ են՝ ես այսպես կարող եմ նկարագրել», - նշեց Իշխանյանը:

Ժաննա Ալեքսանյանը, իր հերթին, ասաց․ - «Ես արդեն լսել եմ կարծիքներ՝ Հանրապետական կուսակցությունը կամ Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովը ներկայացնող Հովհաննես Սահակյանի կարծիքը հենց «Էլեկտրիկ Երևան»-ի դեպքերի մասին․ ասաց, որ Human Rights Watch-ի զեկույցը օբյեկտիվ չի, քանի որ ցուցարարները չէին լսում ոստիկանության հորդորներին: Այսպիսի հայտարարություն է նա արել, ինչը բացարձակապես չի արտացոլում այդ իրավիճակը՝ բոլորովին չնկատելով, որ բարձրաստիճան ոստիկանները՝ փոխոստիկանապետի մակարդակով, կադրերը կան, տեսանյութերը կան, ինչպես է հրահանգում հավաքել լրագրողների գործիքները և ջարդել՝ ինքը այսպես հայտարարում է»:

«Այն, որ այս ամեն ինչից հետո որևէ արդյունք չկա, որևէ մեկը չի պատժվել, որևէ մեկին պատասխանատվության չեն կանչել, և այն, որ այդ անպատժելիությունը խորանում է, և դրսևորումները դրա, հետևանքները շատանում են՝ սա ակնհայտ է», - շեշտեց Ալեքսանյանը:

«Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդաշարի հունվարի 31-ի թողարկումը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG