Մատչելիության հղումներ

500 հազար դրամ տուգանք՝ հանրաքվեին ուրիշի փոխարեն քվեարկելու համար


Մհեր Ռշտունին ընդունեց իրեն առաջադրված՝ դիտավորյալ կեղծիք կատարելու մեղադրանքը։

Սահմանադրական հանրաքվեի ժամանակ ուրիշի փոխարեն քվեարկելու համար այսօր 29-ամյա խանութպան Մհեր Ռշտունին դատապարտվեց տուգանքի։ Դատաքննությունը տևեց ընդամենը 30 րոպե։

«Մհեր Ռշտունուն ճանաչել մեղավոր, նշանակել պատիժ՝ տուգանք 500 հազար դրամի չափով։ Մհեր Ռշտունու նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու վերաբերյալ ստորագրությունը թողնել անփոփոխ մինչև սույն դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը», - հայտարարեց դատարանը։

Դեկտեմբերի 6-ին հանրաքվեի օրը Ժենյա Ղասաբօղլյանը, այցելելով Երևանի Նար-Դոսի անվան դպրոցում տեղակայված 10\14 տեղամաս, պարզել էր, որ ընտրացուցակում իր անվան դիմաց մեկ ուրիշն արդեն ստորագրել է։ Քննությամբ պարզվել էր, որ տարեց կնոջ փոխարեն ստորագրել է Մհեր Ռշտունին։ Վերջինս այսօր դատարանում ընդունեց իրեն առաջադրված՝ դիտավորյալ կեղծիք կատարելու մեղադրանքն ու խնդրեց մեղմ պատիժ նշանակել։

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը գործը քննեց արագացված կարգով, վկա Ժենյա Ղասաբօղլյանի բացակայությամբ, այդպես էլ Ռշտունուց չփորձելով պարզել, թե ինչու է որոշել ընտրակեղծիք կատարել, արդյոք հրահանգ է կատարել և ում կողմից։ Դատաքննությունից հետո այս հարցերն ուղղեցինք մեղքն ընդունած քաղաքացուն, սակայն նա հրաժարվեց պատասխանել։

Սահմանադրական հանրաքվեի օրը Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր կուսակցությունն ահազանգել էր, որ 10\14 տեղամասում վստահված անձի և իրենց հանձնաժողովի անդամի ձեռքերը բռնելով տարել են մի կողմ և նրանց աչքի առաջ կատարել լցոնում։ Այս տեղամասում 146 ձայների առավելությամբ հաղթել էր «ոչ»-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG