Մատչելիության հղումներ

«Քաղաքացի դիտորդ»-ը լեգիտիմ չի համարում սահմանադրական փոփոխությունները


«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչները
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչները

Սահմանադրության փոփոխությունները լեգիտիմ չեն, ամփոփիչ զեկույցում հայտարարում է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը՝ պնդելով, որ հանրաքվեի արդյունքները մեծամասամբ պարտադրված ու կեղծված են և չեն արտացոլում Հայաստանի քաղաքացիների կամքը:

Չորս հասարակական կազմակերպություններ միավորող այս դաշինքը դեկտեմբերի 6-ին շուրջ 1000 դիտորդ է ունեցել հայաստանյան 2000 տեղամասերից ավելի քան 500-ում: Մեծաթիվ դիտորդական առաքելությունը քվեարկության օրն արձանագրել է «լայնածավալ, վերջին տարիների համար աննախադեպ և, կարծես թե, մոռացված կոպիտ խախտումներ ու կեղծիքներ», այդ թվում՝ ընտրակաշառք, ահաբեկում ու բռնություններ, քվեատուփի լցոնումներ, կրկնակի քվեարկություններ, հաշվարկի ընթացքում արդյունքների նենգափոխում և այլն:

Տարատեսակ խախտումների վերաբերյալ «Քաղաքացի դիտորդ»-ը հարյուրավոր դիմումներ է ներկայացրել թե՛ ընտրական հանձնաժողովներին, և թե՛ իրավապահներին, վիճարկել դրանք դատական ատյաններում ու եզրակացրել, որ կեղծիքների համընդհանուր և միատիպ լինելը, ինչպես նաև դրանց նկատմամբ նույնանման արձագանքը կամ պատշաճ արձագանքի բացակայությունը վկայում են՝ հանրաքվեն կեղծվել է համակարգված և մեկ կենտրոնից կազմակերպված: Իսկ իրավապահները, դատարաններն ու հանձնաժողովները, ըստ դիտորդական առաքելության, քաղաքական պատվեր են կատարել՝ ցանկություն կամ հնարավորություն չունենալով գործել օրենքով:

100 էջանոց զեկույցի հեղինակները հայաստանյան ընտրական գործընթացներում չեն արձանագրում ոչ մի առաջընթաց՝ ընդգծելով, որ 2013-ի ընտրություններից հետո տարբեր միջազգային կառույցների լավատեսական գնահատականները «անհիմն են և մտացածին»:

Հասարակական կազմակերպությունների դաշինքը նկատում է, թե «․․․չնայած միջազգային պարտավորությունների պահպանման տարբեր իմիտացիաներին ու արտասահմանյան՝ հատկապես ֆինանսական աջակցության շարունակական սպառմանը, իշխանությունները, «անհրաժեշտության» դեպքում, պատրաստ են օգտագործել խախտումների և կեղծիքների ողջ զինանոցը»:

Դիտորդներն ամփոփիչ զեկույցում ընտրակեղծիքներին տալիս են քաղաքական գնահատական, թե այսպիսի «կենաց-մահու» պայքարը հաստատեց՝ Սահմանադրության փոփոխությունների նպատակն էր ապահովել Սերժ Սարգսյանի և նրա ղեկավարած Հանրապետականի «տևական վերարտադրության հիմքերը»:

Թեև զեկույցի հեղինակները քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն են, բայց նպատակը, իշխող Հանրապետականի համոզմամբ, քաղաքական է։

«Իրենց տերերի ասելով են անում ամեն ինչ։ Փորձում են քաղաքական շահարկումներով իբր ցեխ շպրտել իրականացված համապետական քվեարկության վրա»,- ասում է Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։

Հրապարակված կոշտ գնահատականներին Մելիքյանը հակադրում է իրավապահների գործողությունները.- «Ուսումնասիրություններ, հետաքննություն ոստիկանության կողմից իրականացվում է, որոշակի քրեական գործեր արդեն իսկ հարուցվել են։ Ընդհանուր առմամբ՝ հանրաքվեն անցել է միջազգային բոլոր ձևաչափերին համապատասխան։ Այն թերությունները, խախտումները, որոնք տեղի են ունեցել, վերջնական արդյունքի վրա որևէ ազդեցություն չէին կարող ունենալ։ Եվ հանրաքվեն արտահայտում է ժողովրդի կամը»։

Ընդդիմադիր Զարուհի Փոստանջյանն ասում է՝ եթե բողոքներին իսկապես ընթացք տրվեր, քվեարկության արդյունքները անվավեր կճանաչվեին։ «Կեղծված ընտրությունները մնացել են անպատիժ»,- համոզված է նա։

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ամփոփիչ զեկույցում քաղաքական կամքից զատ տեսնում է օրենսդրական բարելավման կարիք՝ սկսելով քվեարկությանը մասնակցած մարդկանց ցուցակների գաղտնազերծումից․ - «․․․Ոչ մի գործընթաց կամ մեխանիզմ չի կարող համարվել դրական, քանի դեռ քաղաքացիներին հնարավորություն չի ընձեռվել անձամբ վերահսկել իրենց, իրենց հարազատների և ծանոթների մասնակցությունը քվեարկությանը»,- ընդգծում են իրավապաշտպանները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG