Մատչելիության հղումներ

Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է 2015-ի բյուջեի կատարման հաշվետվությունը


Քաղաքապետարանը նախորդ տարի ծախսել է 72 միլիարդ դրամ

Երևանի քաղաքապետարանը նախորդ տարի մայրաքաղաքում ծախսել է շուրջ 72 միլիարդ դրամ. տարեվերջյան հաշվետվության մեջ քաղաքային իշխանությունը խոսում է բակերի նորոգման, ստորգետնյա անցումների, գրադարանների ու կանաչ տարածքների ավելացման մասին։

Երևանի ավագանու ընդդիմադիր «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, կատարվածը բավարար գնահատելով, պնդում է՝ հնարավոր էր անել ավելին․ - «Երբ այս հաշվետվությունը համեմատում ես զարգացման ծրագրով նախատեսված գործառույթներին, տեսնում ես, որ այն, ինչ 2015 թվականի համար նախատեսված է եղել, թերի է՝ մեղմ ասած»:

Տրանսպորտը` թիվ 1 խնդիր

Քաղաքի թիվ 1 չլուծված խնդիրը, ըստ ավագանու անդամի, տրանսպորտի հարցն է։ Համակարգի բարելավման մասին խոսվում է և՛ քաղաքի զարգացման ամենամյա, և՛ քառամյա ծրագրերում, սակայն առաջընթաց այդպես էլ չկա:

«Գուցե քաղաքային իշխանությունների ներսո՞ւմ կան մարդիկ, ովքեր շահագրգռված չեն», - հարցնում է Բախշյանը, - «Որպեսզի տրանսպորտի խնդիրը լուծվի, պիտի հիմնովին վերանայեն թե՛ երթուղիները, թե՛ փողոցները, թե՛ շատ-շատ բաներ, որոնք պիտի ստիպեն ներդրողին՝ գծի տիրոջը, լուրջ վերանայել իր ներդրումը, բիզնեսը, որը, բնականաբար, չեն ուզում երկուստեք ձեռք տալ»:

Փոխքաղաքապետ Վահե Նիկոյանն ասում է՝ քաղաքային իշխանությունն էլ գիտի՝ համակարգը պետք է հիմնովին փոխվի:

«Արդյունքները բավարար չեն նաև քաղաքապետարանի համար, և այդ առումով քաղաքապետի հանձնարարությամբ մենք գլոբալ հիմնախնդիրը լուծելու ուղղությամբ աշխատանքներ ենք իրականացնում: Մասնավորապես, աշխատանքները իրականացնում ենք նոր երթուղային ցանցի ստեղծման համար», - ասում է Նիկոյանը:

Քաղաքապետարանում տեխնիկական առաջադրանքը մշակել են, կհայտարարեն միջազգային մրցույթ, կընտրվի ընկերություն, որը կմշակի նոր երթուղային ցանցի ծրագիր, հետո կմտածեն՝ ինչպես իրագործել այդ ծրագիրը։ Ժամկետների մասին խոստումներն առայժմ հստակ չեն․ - «Սա այն ոլորտներից է, որտեղ, եթե պարզ լինի ծրագիրը և պարզ լինի դոնորը, կարծում եմ շատ կարճ ժամանակում իրագործելի է լինելու»:

Մանկապարտեզների վարձակալություն

«Բարև Երևան»-ին հուզող ու տարիների ընթացքում այդպես էլ վերջնական լուծում չստացած հաջորդ հարցը քաղաքին պատկանող գույքի, մասնավորապես՝ մանկապարտեզների վարձակալությունն է։ Անահիտ Բախշյանը հիշեցնում է դեռ 2010 թվականի զարգացման ծրագիրը, որտեղ իշխանությունները խոստացել էին քաղաքին վերադարձնել վարձակալության տրված 47 մանկապարտեզների տարածքները։ Բախշյանն ասում է՝ 2015-ին Կենտրոնի մեկ մանկապարտեզի տարածք վերադարձվել է, ու սկսել է գործել, իսկ թե մնացած 4 տասնյակից ավելի վարձակալության տրված տարածքներից որո՞նք են վերադարձվել վերջին տարիներին՝ քաղաքապետարանը չհստակեցրեց։

Փոխքաղաքապետն ասում է՝ գործընթացը երկարաժամկետ է. - «Արդեն իսկ նախաձեռնվել են հստակ միջոցառումներ, որպեսզի ժամկետը ավարտելուց հետո դրանք չերկարացվեն կամ, որը հնարավոր է, վաղաժամկետ լուծվեն»:

Աուդիտը` «լիրիկական զեկույց»

Անդրադառնալով 2015-ի բյուջեի կատարողականին՝ ավագանում ընդդիմադիր «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը պնդում է՝ ոչ իրենք են վերահսկում բյուջեի ծախսերը, ոչ էլ աուդիտին են վստահում, որի վրա վերջին 2 տարում ծախսվել է 6 միլիոն դրամ․ - «Այս տարվա ավագանու նիստում ցույց տվեցի և՛ նրանց կազմած հաշվետվությունը, որը, ըստ էության, լիրիկական զեկույց էր այն մասին, որ բարո՛վ եք ծախսել, ճի՛շտ եք ծախսել ամեն ինչ, և այդ զեկույցը չի արտացոլում նույնիսկ Վերահսկիչ պալատի կողմից այս տարիների ընթացքում արված բացահայտումները, որոնք առկա էին բյուջետային միջոցների ծախսման ուղղությամբ»:

Փոխքաղաքապետը հստակեցում է՝ օրենքն է պահանջում աուդիտ անող ընկերության առաջ դնել ոչ թե կատարված աշխատանքի որակը, այլ ֆինանսական փաստաթղթերը ստուգելու առաջադրանք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG