Մատչելիության հղումներ

Մետրոպոլիտենի նախկին աշխատակիցները պատրաստվում են դիմել ՄԻԵԴ


Մետրոպոլիտենի աշխատակիցների բողոքի ցույցը, որից հետո երեք հոգի ազատվեց աշխատանքից, 12-ը փետրվարի, 2014թ.
Մետրոպոլիտենի աշխատակիցների բողոքի ցույցը, որից հետո երեք հոգի ազատվեց աշխատանքից, 12-ը փետրվարի, 2014թ.

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ցույցից հետո գործազուրկ դարձած Մետրոպոլիտենի աշխատակիցներ Գագիկ Գալստյանը, Սևակ Հովհաննիսյանը և Անդրանիկ Գևորգյանը պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Վճռաբեկ դատարանը նրանց բողոքը վարույթ չի ընդունել, Վերաքննիչն էլ անցած տարի վճիռ կայացրեց հօգուտ Մետրոպոլիտենի ղեկավարության՝ բեկանելով առաջին ատյանի որոշումը, որը անհիմն էր համարել ավելի քան 15 տարվա աշխատանքային փորձ ունեցող մասնագետներին աշխատանքից հեռացնելու հրամանները:

Մետրոյի նախկին աշխատողների շահերը պաշտպանող փաստաբան Քրիստինե Գևորգյանը պնդում է ՝ եթե հայաստանյան դատարանները չեն պաշտպանում աշխատողի իրավունքները, ուրեմն գործը կհասնի միջազգային ատյաններին:

«Ակնհայտ են տեղի ունեցած դատական սխալները։ Ես կարող եմ ասել, որ արդար դատաքննության տեսանկյունից արդեն իսկ մենք կարող ենք պնդել՝ հնարավոր է, որ միջազգային ատյանները այդ դատական սխալների հիմքով կարողանան իմ վստահորդների օգտին որևէ որոշում կայացնել»,- ասաց փաստաբանը։

Վերաքննիչ դատարանը նաև շարժասանդուղքի մեքենավարներին զրկեց աշխատանքի չվերականգնման դիմաց հատուցում ստանալու իրավունքից: Մետրոյի նախկին աշխատակիցների փաստաբանը պնդում է՝ Վերաքննիչը ամբողջովին աղավաղել է գործի փաստերը:

«Վերաքննիչ դատարանի որոշումը լի էր այնպիսի հակասություններով, աղավաղված փաստերով, որ մենք համոզված էինք՝ Վճռաբեկ դատարանը պետք է անդրադարձ կատարի այդ խախտումներին։ Սակայն Վճռաբեկը գտավ, որ չի հիմնավորվել նյութական և դատավարական նորմերի խախտում»,- ասաց Գևորգյանը։

Փաստորեն Հայաստանի դատարանները ուժի մեջ թողեցին Գագիկի, Անդրանիկի և Սևակի աշխատանքային գրքույկներում դրոշմված հիմնավորումը, թե գործատուն կորցրել է վստահությունը նրանց նկատմամբ։ Երեքն էլ պնդում են՝ նաև այդ ձևակերպման պատճառով արդեն մոտ երկու տարի է՝ չեն կարողանում նոր աշխատանք գտնել:

«Օրինական ոչ մի տեղ չենք կարող մտնել, իսկ անօրինական էլ ոչ մեկը չի համաձայնում մեզ աշխատանքի ընդունել, կամ էլ եթե առաջարկում են, շատ քիչ աշխատավարձով»։ «Շինարարության մեջ ենք ման գալիս հարմար գործ, որ երեքով տեղավորվենք»։ «Ճիշտն ասած՝ շատ դժվար է, անհարմար է, էլի... պայքարում ենք»,- ասում էին նրանք։

Մետրոպոլիտենի իրավաբանը ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում ասել էր, թե բավարարված է դատարանների որոշումներից՝ պնդելով՝ շարժասանդուղքի մեքենավարներին աշխատանքից հեռացրել են թերի աշխատանքի և Մետրոպոլիտենին անդառնալի վնասներ պատճառելու համար՝ այդպես էլ չհստակեցնելով, թե ինչու 15 տարվա ընթացքում նրանից և ոչ մեկին գեթ մեկ նկատողություն չի արվել:

Մինչդեռ նախկին աշխատակիցների փաստաբանը պնդում է՝ մեկուկես տարի շարունակված դատաքննության ընթացքում Մետրոպոլիտենի ղեկավարությունը այդպես էլ չկարողացավ թերի աշխատանքի կամ պատճառած վնասի վերաբերյալ որևէ փաստ ներկայացնել։

«Երեքն էլ աշխատանքից ազատվել են բացառապես պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի դեմ իրենց ձայնը բարձրացնելու համար»,- ընդգծեց Գևորգյանը։

Այս պատմությունը վատ նախադեպ կարող է դառնալ աշխատող-գործատու հարաբերություններում, կարծում է փաստաբան Գևորգյանը՝ ավելացնելով, որ գործազրկության բարձր ցուցանիշ ունեցող երկրում քչերը կհամաձայնեն բարձրաձայնել ոտնահարված իրավունքների մասին՝ դատարանների կողմնակալության և արհմիությունների կաշկանդվածության պատճառով։

«Այս գործը լինելու է այն մեխը, որ հետագայում աշխատողները կարողանան որևէ կերպ պաշտպանված լինել»,- նկատեց փաստաբանը։

XS
SM
MD
LG