Մատչելիության հղումներ

Արթուր Սաքունց. Հանրաքվեի ընթացքում տեղի է ունեցել կազմակերպված հանցագործություն


Ըստ իրավապաշտպանի, «այժմ փորձ է արվում առանձին էպիզոդներով քրեական գործերի միջոցով կոծկել կազմակերպված հանցագործության բնույթը»։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի համոզմամբ, 2015 թվականի դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի ընթացքում տեղի է ունեցել կազմակերպված հանցագործություն, իսկ կազմակերպված հանցագործությունը, «Ազատության» հետ զրույցում ընդգծեց նա, «առանձին էպիզոդիկ դրվագներով չի քննվում»։

Այս օրերին, հիշեցնենք, դատարաններում արագացված կարգով ընտրակեղծիքներին վերաբերող գործեր են քննվում, կարճ ժամանակում վճիռներ են կայացվում։ Դատարանները նույնիսկ չեն փորձում պարզել ընտրակեղծիքների դրդապատճառները։

Իրավապաշտպանի խոսքով, փորձ է արվում առանձին էպիզոդներով քրեական գործերի միջոցով կոծկել կազմակերպված հանցագործության բնույթը։ «Հանցագործություն, որի մեջ մասնակցել են պաշտոնատար անձինք, որի մասին նաև ԺՀՄԻԳ-ն է նշում. խոսքը վերաբերում է նախագահի աշխատակամի ղեկավարին, վերահսկողության ծառայության պետին, վարչապետին, այսինքն՝ մարդիկ, որոնք ի պաշտոնե ներգրավվելով այս գործընթացի մեջ, չէին կարող զերծ մնալ իրենց պաշտոնով տրված լիազորությունների իրականացումից՝ ուղղված հանրաքվեի այսպիսի խայտառակ իրականացմանը», - ասաց Սաքունցը։

ԵԱՀԿ-ի դիտորդները, հիշեցնենք, սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ իրենց վերջնական զեկույցում քննադատել են, մասնավորապես, պաշտոնյաների ներգրավվածությունը քարոզարշավում: «Հանրաքվեի ընթացքում իշխանությունները «Այո» քարոզարշավի համար խոշոր հանրային միջոցներ մոբիլիզացրեցին», - ասված է զեկույցում։

Վլադիմիր Հակոբյան, արխիվ
Վլադիմիր Հակոբյան, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը, երեկ «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագիտական խմբի հնչեցրած քննադատություններին, ասել է, թե նախագահականի պաշտոնյաների մասնակցությունը «Այո»-ի քարոզարշավին չի հակասում օրենքին: Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը և վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, ըստ Հակոբյանի, սահմանադրական բարեփոխումների քարոզարշավի ընթացքում «Այո» նախընտրական շտաբի աշխատանքներին մասնակցել են «աշխատանքից ազատ ժամերին, և նրանց կողմից հանրային միջոցներ չեն օգտագործվել»։

Արթուր Սաքունցը նախագահի խոսնակի պարզաբանումը «իրողությունը կոծկելու հերթական քայլ» որակեց։ «Այդ մարդիկ շարունակել են պաշտոնավարել։ Իսկ ԺՀՄԻԳ-ի տված այս գնահատականներում շատ կարևոր է համարվում ընդհանուր իրավիճակը, որ եթե դուք մինչ այժմ որևիցե առաջարկություն՝ ուղղված ընտրական գործընթացի կատարելագործմանը, չեք կատարել, այսինքն՝ դա վկայում է, որ իրավական մշակույթը և պրակտիկան, ըստ էության, որևիցե փոփոխություն չի գտել կամ չի արվել, այդ պարագայում աշխատանքից հետո անելու կամ մասնակցելու վերաբերյալ պնդումներն ուղղակի ծիծաղելի են և երեխայական պնդումներ են, որովհետև դրանք պատասխանատվությունից խուսափելու, իրողությունը կոծկելու հերթական քայլեր են», - ասաց իրավապաշտպանը՝ պնդելով, որ «ամբողջ իշխանական և վարչական լծակները օգտագործվել են «Այո»-ի քարոզչությունը ապահովելու ուղղությամբ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG