Մատչելիության հղումներ

Կաթոլիկ եկեղեցին կոչ է անում թուրք հետազոտողներին օգտվել Վատիկանում պահ տրված փաստաթղթերից


Վատիկանի գրադարանը, արխիվ
Վատիկանի գրադարանը, արխիվ

Թուրքիայի և Վատիկանի հարաբերությունների ջերմացումը կարծես շարունակվում է:

Անցած շաբաթ Սուրբ աթոռը հանդես եկավ հատուկ հայտարարությամբ` Հայոց ցեղասպանությունն անվանելով «1915 թվականի ողբերգական իրադարձություններ», դրան էլ գումարած՝ դատապարտեց հայկական զինված խմբերի կողմից Վատիկանում Թուրքիայի դեսպանի շուրջ 40 տարի առաջ իրականացված սպանությունը:

Այժմ էլ Կաթոլիկ եկեղեցին հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ` արդեն հումանիտար ասպարեզում: Սուրբ աթոռի գլխավոր գրադարանավար և գաղտնի արխիվի տնօրեն արքեպիսկոպոս Ժան Լուի Բրյուգեն այս շաբաթ Ստամբուլ կատարած այցելության ընթացքում թուրք հետազոտողներին կոչ է արել ակտիվորեն օգտվել Վատիկանում պահ տրված փաստաթղթերից, գրքերից և ձեռագրերից:

Թուրքիայի պաշտոնական Anadolu գործակալության փոխանցմամբ Վատիկանի բարձրաստիճան ներկայացուցիչը Ստամբուլ էր ժամանել «Միմար Սինան» համալսարանի հրավերով` այստեղ կազմակերպված գիտաժողովին մասնակցելու նպատակով: «2015 թվականին հիսուն երկրների շուրջ 1200 հետազոտողներ են օգտվել Վատիկանի արխիվներից: Դրանց թվում Թուրքիայից եկած գիտնականներն առայժմ այնքան էլ շատ չեն: Ես սակայն հուսով եմ, որ իմ այցից հետո Վատիկանի արխիվներում աշխատող [թուրք] հետազոտողների թիվը կաճի»-հայտարարել է բարձրաստիճան կաթոլիկ հոգևորականը` հիշեցնելով, որ այժմ Սուրբ աթոռի արխիվում շուրջ 80 հազար ձեռագրեր և ավելի քան 9000 կտոր հազվադեպ գրքեր են պահվում:

Ի դեպ Սուրբ աթոռի արխիվի ղեկավար Ժան Լուի Բրյուգեի այս հայտարարություններին զուգահեռ Վատիկանում լուրեր են սկսել շրջանառվել Կաթոլիկ եկեղեցու հովվապետի` Հարավային Կովկաս կատարելիք առաջիկա այցի մասին: Ռուսական TACC գործակալության Հռոմի թղթակիցը, Սուրբ աթոռի իրազեկ շրջանակները վկայակոչելով, պնդում է, որ Ֆրանցիսկոս պապը այս տարվա սեպտեմբերին պատրաստվում է այցելել Հայաստան, ինչպես նաև Ադրբեջան և Վրաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG