Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունների մեծ մասը «Ընտրական օրենսգրքի նախագծում իրացված է»


Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, արխիվ:
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, արխիվ:

«Երբեք Հայաստանը չի անում ինչ-որ բաներ՝ միայն ինչ-որ կառույցների հաճոյանալու կամ նրանց պահանջով: Այդ ամբողջը մեզ է պետք», - այսօր հայտարարեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:

Սահմանադրական հանրաքվեն, եվրոպացի դիտորդների կարծիքով, մարտահրավեր էր՝ նետված ստանձնած պարտավորություններին: Հանձնարարականների թվում 2015-ի դեկտեմբերի 6-ին Հայաստան ժամանած փորձագետները կրկին հիշեցրել էին ընտրողների ցուցակների ճշգրտման, քարոզարշավի ընթացքում հանրային միջոցների չարաշահումը կանխարգելելու, բողոքարկման մեխանիզմներն ավելի արդյունավետ դարձնելու մասին:

Հրայր Թովմասյանը, ով ընդգրկված է նոր Ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքներում, արձագանքելով Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) սահմանադրական հանրաքվեի փորձագիտական խմբի վերջնական զեկույցին, լրագրողների հետ զրույցում ասաց․ - «Հայաստանը ինքիշխան պետություն է և․․․ այդ բոլորը, ինչ որ ասում են, դրանք գործընկերային հարաբերությունների մեջ են: Երբեք Հայաստանը չի անում ինչ-որ բաներ՝ միայն ինչ-որ կառույցների հաճոյանալու կամ նրանց պահանջով: Այդ ամբողջը մեզ է պետք»:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը չորս հոգանոց խումբ էր Հայաստան գործուղել: Ըստ Թովմասյանի, եթե լայնամասշտաբ դիտարկում չի իրականացվում, օբյեկտիվ գնահատական տալը դժվար է․ - «Որոշակի ընդհանրացում անելը այս դեպքում, կարծում եմ, այդքան էլ հիմնավոր չէ»:

ԱԺ աշխատակազմի ղեկավարը կարծում է, որ Հայաստանում ընտրական գործընթացների նկատմամբ վստահությունը պատշաճ մակարդակի վրա չէ: Դրա բարձրացման համար նոր Ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքներում ներգրավված Թովմասյանը այսօր կոչ արեց չբոյկոտել նախագծի քննարկումները․ - «Հաշվի առնելով նախորդ փորձը՝ ես ուղղակի կոչ եմ անում, որ լինի շահագրգիռ քննարկում և բոյկոտելու տարբերակներ չլինի: Որովհետև հենց սկզբից, անկախ ամեն ինչից, եթե որևէ կուսակցություն, որևէ քաղաքական ուժ չի մասնակցում այդ քննարկումներին, սա կարող է այն նպատակը, ինչին մտադրված ենք գնալու՝ վստահության բարձրացմանը, կարող է դրան խոչընդոտել»:

Իշխանությունը, ինչի մասին վկայում են բազմաթիվ հայտարարությունները, քվեարկությունը վերահսկելու տարբեր միջոցներ է քննարկում․ չեն բացառում նաև էլեկտրոնային քվեարկության ներդրումը:

Թեև Ընտրական օրենսգրքի նախագիծը Ազգային ժողով պետք է ներկայացվի մինչև մարտի 1-ը, ըստ Թովմասյանի, դեռ հստակ չէ՝ արդո՞ք քվեարկության ողջ ընթացքն է անցնելու էլեկտրոնային եղանակով․ - «Էլեկտրոնային եղանակով անձը պետք է նույնականացվի․․․ սա առաջին փուլն է: Երկրորդ փուլը բուն քվեարկությունն է: Կան տերմինալներ, մոտենում ես, թեկնածուների անուններն են, կամ կուսակցությունների, հպում ես մատով, դա նշանակում է, որ արդեն քվեարկել ես: Եվ երրորդ փուլը, դրանք, այսպես ասած՝ խելացի քվեատուփերն են, որոնք, երբ որ քվեարթերթիկը պետք է մուտք արվի արկղ, այդ դեպքում ինքը նաև ավտոմատ հաշվում է, թե ում օգտին է քվեարկած: Այսինքն այս երկրորդ և երրորդ համակարգերի ներդրումը պայմանավորված կլինի բացառապես այն հանգամանքներով, թե որքանով այդ համակարգերը անցած կլինեն միջազգային աուդիտ, պատրաստված կլինեն հեղինակավոր կազմակերպության կողմից, և հնարավոր կլինի հանրությանը շատ հստակ ներկայացնել այդ համակարգերը՝ որ վերջիններս անձեռնամխելի են ցանկացած խակերի համար: Եթե այս համակարգերը չեղավ, ապա գրանցումը կկատարվի միգուցե էլեկտրոնային, մնացածը՝ թղթային եղանակով»:

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանի կարծիքով, իշխանությունը խոսում է էլեկտրոնային քվեարկության ներդրման մասին՝ «Արևմուտքին դուր գալու համար»․ - «Դեկտեմբերի 6-ի հանրաքվեն ցույց տվեց, որ իշխանությունները բնավ էլ նպատակ չունեն այլևս արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնել: Ընդամենը ցանկություն կա եվրոպացիներին ցույց տալ, որ Հայաստանի իշխանությունները իրոք մտադրություն ունեն Հայաստանում նոր Ընտրական օրենսգրքի շրջանակներում վստահություն վայելող ընտրություններ անցկացնել: Եվ այդ ընտրությունների համար պետք է էլեկտրոնային քվեարկություն կիրառվի»:

Իրազեկ քաղաքացիների միավորման անդամ Դանիել Իոնիսյանը կարծում է, որ էլեկտրոնային քվեարկությունը կարող է օգտագործվել ընտրողների վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար․ - «Եթե ընտրողը քվեաթերթիկը քվեարկելուց հետո ոչ թե դնի ծրարի մեջ և գցի քվեատուփի մեջ, այլ բաց քվեաթերթիկը տանի և դնի սքաների մեջ, ինքը չի ունենա վստահություն, որ ոչ մեկը չիմացավ, թե ինքը ինչպես է քվեարկում: Իսկ այդ դեպքում ընտրողները կարող են արդեն տեղի տալ ընտրակաշառքներին, ճնշումներին, վարչական լծակներին, խնամի-ծանոթ-բարեկամներին և նմանատիպ այլ մեխանիզմներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG