Մատչելիության հղումներ

Սիրիահայ ռեժիսորի ֆիլմը ընդգրկված է Բեռլինի կինոփառատոնի ֆորումում


Նա իր բնակարանի պատուհանից, պատշգամբից տարիներ շարունակ նկարահանել է Հալեպի հայկական թաղամասի կյանքը

Բեռլինի միջազգային կինոփառատոնի ֆորումում ընդգրկված է նաև սիրիահայ ռեժիսոր Ավո Կապրիելյանի «Տներ առանց դռների» ֆիլմը։

Նա իր բնակարանի պատուհանից, պատշգամբից տարիներ շարունակ նկարահանել է Հալեպի հայկական թաղամասի կյանքը, հակամարտության տարիները՝ այդ իրադարձությունները կապելով հայերի ցեղասպանության վավերագրական և խաղարկային պատկերների հետ։

Ֆիլմի գովազդային կարճ թրեյլերում հայկական թաղամասի վնասված շենքերն են, դատարկ փողոցներ, փակ խանութներ, մարդկային պատմություններ։

Ֆիլմը ցույց է տալիս հարյուր տարի առաջ Հալեպի Ալ Մայդան թաղամասում ապաստան գտած հայերի սերունդների և հենց իր՝ ռեժիսորի ընտանիքի կյանքի փոփոխությունները։

Ավո Կապրիելյանը մի քանի ֆիլմերի հեղինակ է՝ հիմնականում վավերագրական ժանրի։ 30-ամյա ռեժիսորի մասին 2012-ի նոյեմբերին լուրեր հաղորդվեցին, որ նա ձերբակալվել է և նրա գտնվելու վայրը հայտնի չէ։ Հայաստանցի մի խումբ արվեստագետներ նամակ էին ստորագրել՝ պահանջելով նրան անմիջապես ազատ արձակել։ Նույն ամսվա վերջին փախստականների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կաթոլիկ մի կազմակերպություն հաղորդեց, որ Կապրիելյանը գտնվել է և ազատ է արձակվել։ Նույն տարվա ամռանը նա Երևանում մասնակցել էր «Ոսկե ծիրան» կինոփառատոնին՝ լեգենդար կինովավերագրող Արտավազդ Փելեշյանին նվիրված կարճամետրաժ ֆիլմով։

Նշենք, որ Բեռլինի կինոփառատոնում ընդգրկված է 44 ֆիլմ, որոնց մեծ մասը ցուցադրվելու է առաջին անգամ։ Այս տարի փառատոնի ծրագրում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին։

Հինգշաբթի օրը բացված Բեռլինի կինոփառատոնը շարունակվելու է մինչև փետրվարի 20-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG