Մատչելիության հղումներ

Շարապովայի «ազնիվ սխալի» առիթով ակադեմիկոսը դիմում է հակադոպինգային կազմակերպությանը


Թենիսիստուհի Մարիա Շարապովան Լոս Անջելեսում ասուլիսի ժամանակ, 7-ը մարտի, 2016թ․
Թենիսիստուհի Մարիա Շարապովան Լոս Անջելեսում ասուլիսի ժամանակ, 7-ը մարտի, 2016թ․

Ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովայի շուրջ սկանդալի առիթ հանդիսացած «Մելդոնիում» դեղամիջոցի ստեղծողը՝ Լատվիայի Օրգանական սինթեզի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Իվար Կալվինշը «քաղաքական» է որակել ստեղծված իրավիճակը և հայտարարել, որ պատրաստվում է դիմել Հակադոպինգային համաշխարհային կազմակերպությանը: Ակադեմիկոսը մտադիր է պահանջել բացատրություն, թե ինչու է իր ստեղծած դեղամիջոցը հայտնվել արգելվածների շարքում:

Ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը մեջբերում է Կալվինշի խոսքը․ - «Մելդոնիումի արգելքը մարզիկների համար՝ հիմարություն է և ամբողջությամբ անհեթեթություն: Դա դոպինգ չէ, դեղ է, որը մարզիկներին պաշտպանում է ծանրաբեռնվածության դեպքում, երբ սկսում են մահանալ սրտի բջիջները և մկանների բջիջները: Մենք ուրախ ենք, որ մարդիկ ընդունում են այն՝ տարեկան 2 միլիոն մարդ, այդ թվում՝ նրանք, ովքեր տարբեր մակարդակներով սպորտով են զբաղվում»:

Ակադեմիկոսը մելդոնիումը ստեղծել է 1976 թվականին: BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում նա ասել է, որ դեղամիջոցը գրանցվել է 1984-ին:

Ըստ Կալվինշի, Հակադոպինգային համաշխարհային կազմակերպությունը որևէ գիտական ապացույց չի ներկայացրել, որ այդ միջոցը խթանիչ է: Նա նաև ասել է, որ 250 միլիգրամ դեղամիջոցը կարելի է գնել առանց դեղատոմսի, այն նախընտրում են ուսանողները, նաև ինքը, երբ գիտի, որ ծանրաբեռնված է աշխատելու: Իսկ 500 միլիգրամանոցը, լատվիացի ակադեմիկոսի խոսքով, սրտի հիվանդություն ունեցող մարդկանց համար է:

Ամերիկյան Forbes հանդեսը, մինչդեռ, նկատում է, որ դեղամիջոցը ազատ չի վաճառվում Եվրոպայում և Միացյալ Նահանգներում:

Լատվիացի ակադեմիկոսի դեղամիջոցը հայտնվել է առաջատար լրատվամիջոցների և մարզաշխարհի ուշադրության կենտրոնում մարտի 7-ից, երբ Մարիա Շարապովան Լոս Անջելեսում հայտարարեց, որ թենիսի Ավստրալիայի 2016 թվականի բաց առաջնությունից առաջ դոպինգ թեստը դրական արդյունք է ցույց տվել: Շարապովան խոստովանեց, որ իր օրգանիզմում հայտնաբերվել է մելդոնիում:

«Ես պետք է ստանձնեմ պատասխանատվություն դրա համար: Քանի որ դա իմ մարմինն է, ես եմ այն օգտագործել և չեմ կարող մեղադրել որևէ մեկին՝ իմ փոխարեն: Շատ կարևոր է շուրջդ ունենալ լավ թիմ, մարզիչներ, բժիշկներ, բայց ինչ դու ես անում՝ դու ես պատասխանատու», - ասել է թենիսիստուհին:

Նա նշել է, որ վերջին 10 տարիներին առողջական խնդիրներ է ունեցել, այդ պատճառով է ընդունել մելդոնիում՝ որպես օրգանիզմի ֆիզիկական և նյարդահոգեբանական դիմացկունությունն ապահովող միջոց:

Մելդոնիումն արգելված է 2016 թվականի հունվարի 1-ից: Արգելված դեղամիջոցների ցուցակում փոփոխությունների մասին Շարապովային տեղյակ են պահել դեկտեմբերի 22-ին, սակայն, իր խոսքով, փոփոխված ցուցակը նա չի կարդացել:

Շարապովայի մասնակցությունը մրցումներին արգելված է մարտի 12-ից:

«Ազնիվ սխալ»

Շարապովայի խոստովանությանը արձագանքելով՝ թենիսի աշխարհում շրջանառության մեջ է դրվել «ազնիվ սխալ» բնորոշումը:

Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը հայտարարել է. - «Քանի որ Մարիան ասել է, որ պատրաստ է ամբողջությամբ ստանձնել պատասխանատվությունը, ես կարծում եմ՝ դա ցույց է տալիս շատ մեծ քաջություն, շատ մեծ սիրտ, և ես կարծում եմ՝ նա միշտ ցույց է տվել քաջություն և հոգի՝ ամեն ինչում, ինչ արել է»:

Ռուսաստանի սպորտի նախարարության կայքում հրապարակվել է տեղեկություն, ըստ որի՝ պաշտոնական մարմինները ձեռնպահ են մնում մեկնաբանություններից, քանի դեռ շարունակվում է հետաքննությունը:

Շարապովայի աղմկահարույց հայտարարությունից հետո շվեյցարական Tag Heuer ժամացույցների արտադրությամբ զբաղվող ընկերությունը, ինչպես նաև գերմանական Porsche-ը հայտարարել են, որ մինչև հետաքննության ավարտը խզում են թենիսիստուհու հետ գովազդային բոլոր պայմանավորվածությունները: Ավելի վաղ նման հայտարարությամբ էր հանդես եկել Շարապովայի ամենախոշոր հովանավորը՝ Nike ընկերությունը:

Շարապովան, ինչպես նշում են սպորտային մեկնաբանները, կանգնել է տարեկան 30 միլիոն դոլարի եկամուտ կորցնելու հնարավորության առջև:

Ռուսական մամուլում կան տեղեկություններ, ըստ որոնց՝ մելդոնիում է հայտնաբերվել նաև գեղասահորդուհի Եկատերինա Բոբրովայի, չմշկավազորդ Սեմյոն Ելիստրատովի և այլ մարզիկների արյան մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG