Մատչելիության հղումներ

Խադիջա Իսմայլովա․ «Օբամա, հարցրու Ալիևին...»


The Washington Post հեղինակավոր պարբերականը հրապարակել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետաքննող լրագրող Խադիջա Իսմայլովայի նամակը:

«Թույլ մի տվեք նրան օգտագործել Ադրբեջանի քաղբանտարկյալներին»,- անդրադառնալով Իլհամ Ալիևի վաշինգտոնյան այցին` բանտից գրում է լրագրողը:

«Արդարությունը չհաղթեց»

«Այս նամակը ես գրում եմ Բաքվի բանտից. ես 7.5 տարվա ազատազրկման եմ դատապարտվել մի շարք հանցանքների համար, որոնք երբեք չեմ արել: Ես լրագրող եմ և իմ միակ «հանցանքը» եղել է Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի, ինչպես նաև կառավարության կոռուպցիայի փաստերը հետաքննելը: Ալիևը կառավարությանը ժառանգություն է ստացել հորից՝ 2003 թվականին: 2009-ին նա փոխել է Սահմանադրությանը, որպեսզի իշխի անսահմանափակ ժամկետով: Միջազգային կազմակերպությունները նրան համարում են «մամուլի թշնամի»: Նա նաև խախտել է այլ հիմնարար ազատություններ և մարդիկ իրավունք ունեն իմանալու ճշմարտությունը», - գրում է Իսլմայլովան:

«Այս շաբաթ Ալիևը մասնակցում է Վաշինգտոնում ընթացող Միջուկային անվտանգության գագաթնաժողովին»,- ամերիկյան պարբերականին ուղարկած նամակում հիշեցնում է լրագրող Իսմայլովան` շարունակելով. - «Բարաք Օբամայի հրավերը ստանալու համար Ալիևը ստիպված էր ազատ արձակել մի քանի քաղբանտարկյալների: Նրանք ազատ արձակվեցին, սակայն նրանց արգելվում է մեկնել երկրից: Այդպիսով` արդարությունը չհաղթեց»:

«Այդ հրավերի համար Ալիևը թանկ գին է վճարել: Նա տարիներով չէր ընդունում միջազգային քննադատությունն ու ճնշումները, միշտ պատասխանում էր, թե Ադրբեջանում քաղբանտարկյալներ չկան: Դեկտեմբերին կոնգրեսական Քրիստոֆեր Սմիթը ներկայացրեց «Ադրբեջանում ժողովրդավարության ակտ»-ը և կոչ արեց ընդունել, որ Ադրբեջանում մարդկանց ազատություններն ու իրավունքները խախտվում են և պետք է պատժել առանձին պաշտոնյաների: Այդ նախագիծը պետք է ընդունվի»:

«Ես խաղալիք չեմ»

«Ինչո՞ւ քաղբանտարկյալները հանկարծ ազատ արձակվեցին, ի՞նչ է փոխվել: Ալիևին պետք էր ազատ արձակել այդ քաղբանտարկյալներին, որպեսզի սեղմի Օբամայի ձեռքը և Համաշխարհային բանկից վարկ ստանա իր կաղացող տնտեսության համար՝ այն բանից հետո, երբ նավթի գները անկում ապրեցին և տարադրամը արժեզրկվեց: Ալիևն առանց ամոթի օգտագործում է քաղբանտարկյալներին որպես առևտրի առարկա իր արտաքին քաղաքականության համար: Ես երջանիկ եմ որոշ քաղբանտարկյալների ազատության համար, սակայն ո՛չ նրանց, և ո՛չ էլ իմ պայքարը ավարտված չէ: Ես խաղալիք չեմ, որին կարելի է փոխանակել դիվանագիտական նվաճումների համար Բաքվի և Վաշինգտոնի միջև, որպեսզի պաշտոնյաները ձևացնեն, թե իբր ոչնիչ չի պատահել: Մենք շարունակում ենք գերության մեջ մնալ բանտերում: Ազատությունը իմ համապարփակ և սահմանադրական իրավունքն է, սակայն Ալիևը որպես նախագահ չի կարողացել այն պաշտպանել: Ես երբեք համաներում չեմ խնդրի հանցագործության համար, որը երբեք չեմ արել: Նույնիսկ հիմա և այստեղ՝ բանտում, ես ազատ եմ և իմ ազատությունը չի վաճառվում»:

«Հարցրու...»

«Այդպիսով, նախագահ Օբամա, խնդրում եմ, խնդրիր նախագահ Ալիևին դադարեցնել անկախ մամուլի և քաղաքացիական հասարակության դեմ ճնշումները: Հարցրու նավթային միլիարդներից, որոնք ծախսվել են «սպիտակ փիղ» նախագծի վրա՝ հանուն մի քանի հոգու շահերի: Հարցրու՝ ե՞րբ է անցկացնելու ազատ և արդար ընտրություններ: Հարցրու՝ ե՞րբ է ազատ արձակելու բոլոր քաղբանտարկյալներին: Հարցրու՝ ե՞րբ է դադարելու հիմնարար ազատությունները իր ձեռքում որպես նվեր պահելը և ե՞րբ են այդ ազատությունները իրավունք դառնալու: Ես հարցրել եմ և հայտնվել բանտում: Դրանք կարևոր հարցեր են և չպետք է անպատասխան մնան: Մենք պայքարելու ենք մինչև վերջնական հաղթանակ՝ մինչև չհաղթի արդարությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG