Մատչելիության հղումներ

Քաղաքական ուժերն արձագանքում են ծավալված ռազմական գործողություններին


Հայաստանի ընդդիմադիր ուժերը հայտարարում են՝ չնայած ներքին տարաձայնություններին, արտաքին վտանգին դիմագրավելու հարցում միասնական են:

Իշխող Հանրապետական կուսակցությունը «ահաբեկչություն» է որակում Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի գործողությունները: Խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Ազատությանն» ասաց՝ Ադրբեջանը հերթական անգամ ցույց տվեց իր արհամարհանքը միջազգային հանրության խաղաղության կոչերի հանդեպ:

«Սա ահաբեկչություն է, որը կատարվել է Ադրբեջանի կողմից, ինձ թվում է, որ միջազգային կառույցները շատ արագ պետք է արձագանքեն սրան և գնահատական տան խաղաղ կարգավորմանը խոչընդոտող կողմին, հանելով հավասարության նշանը, հակառակ դեպքում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բանակը պատրաստակամ են լռեցնելու սադրիչներին»,- ասաց Բաղդասարյանը:

Ըստ նրա, Ղարաբաղյան շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի սկսած աննախադեպ լայնածավալ ռազմական գործողությունների նախադրյալները նկատելի էին: «Ակնհայտ էր, որ Ալիևը պատրաստվում է սադրիչ գործողությունների»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը, կրկնելով՝ միջազգային հանրությունը պետք է հստակ գնահատական տա իրավիրճակին ու հանի կողմերի միջև հավասարության նշանը:

Այսօր հայտարարություններ են տարածել նաև ընդդիամդիր կուսակցությունները, դատապարտելով պաշտոնական Բաքվի գործությունները և վերահաստատելով՝ չնայած ներքին տարաձայնություններին, արտաքին վտանգի դեպքում միասնական են: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասում է՝ քննարկել են իրավիճկը ՀԱԿ վարչության նիստում:

Զուրաբյանի խոսքով՝ իրենց ուղերձը նաև Ադրբեջանին է ուղղված՝ թող չկարծեն, թե ներքին տարաձայնությունները թուլացնում են Հայաստանը: Արտաքին վտանգի դեմ բոլոր ուժերը միասնական են, ասաց նա ու հավելեց՝ «մենք համարում ենք, որ շատ կարևոր է, որ նախ և առաջ մեր զինվորներն իմանան՝ անկախ իշխանությունների հետ ներքաղաքական հարցերում մեր հակասություններից, ամբողջ քաղաքական վերնախավը, բոլոր քաղաքական ուժերը, հասարակությունը, համախմբված են Ադրբեջանին և նրա ագրեսիային հակահարված տալու հարցում»:

Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների վերսկսումը հայտարարությամբ դատապարտել է նաև «Ժառանգություն» կուսակցությունը՝ միջազգային հանրությանը կոչ անելով «միջոցներ ձեռնարկել`զսպելու տարածաշրջանում անկայունություն հարուցելու՝ Ադրբեջանի ագրեսիվ ցանկությունը»:

Ժառանգության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը փոխանցեց՝ քաղաքական ուժերը գալիս և գնում են, փոխում են իրենց տեղերը իշխանության և ընդդիմության շարքերում, սակայն հայրենիքը մեկն է: «Կարծում ենք, որ ադրբեջանական կողմը սկսել է իր հերթական ագրեսիվ գործողությունները, սա 1994 թվականին ստորագրված հրադադարի հերթական խախտում է և, միանշանակ, ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա»,- ասաց Մարտիրոսյանը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքով, կատարավածը սպասելի էր: Ըստ նրա, Ադրբեջանն իր սադրանքներով գնում էր դրան՝ փորձելով դուրս բերել ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Միսնկի խմբի ձևաչափից: «Միանշանակ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ փոխվի կարգավորման ձևաչափը, դա է իր հիմնական խնդիրը: Իհարկե՝ կա նաև այլ հարց՝ հետևելով իր մեծ եղբոր՝ Թուրքիայի մարտավարությանը․․․կապված նրա հետ, որ նախ ստեղծեն միգրացիոն հոսք, այնուհետև՝ դրանից օգտվեն: Այս միգրացիոն ալիքը, որ ամբողջ Եվրոպայով մեկ կա, նրանք ուզում են դրանից օգուտներ քաղել և տապավորություն առաջացնել, որ իր տարածքում դա հետևանք է իբրև թե հայկական ագրեսիայի»,- ասաց Ռուստամյանը:

Իսկ «Բարգավաճ Հայաստանը» կուսակցությունը կոչ է անում միջազգային հանրությանը, մասնավորապես հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի համանախագահող երկրներին, համարժեք ու հասցեական գնահատական տալ փաստացի պատերազմ սանձազերծած Ադրբեջանի գործողություններին՝ հաշվի առնելով, որ աննախադեպ այս իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը նախահարձակ Ադրբեջանինն է:

«Բարգավաճ Հայաստանը» հայտարարում է, որ պատրաստ է ամբողջ ներուժը ներդնել հայկական զույգ պետությունների սահմանների անձեռնմխելիությունն ու ժողովրդի անվտանգությունն ապահովելու գործում»,- ասված է կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG