Մատչելիության հղումներ

Քոչարյան․ Բախումներին արձագանքելիս Ռուսաստանը երկակի կարգավիճակում էր


Շավարշ Քոչարյան
Շավարշ Քոչարյան

Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի հարցը միշտ եղել է և կա Հայաստանի արտգործնախարարության օրակարգում, այսօր լրագրողներին ասաց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

Փոխարտգործնախարարը չմանրամասնեց՝ այդ հարցը պաշտոնական Երևանն ինչպես է ձևակերպում և ինչ պահանջ է դնում։

Քոչարյանը, միաժամանակ, նկատեց, թե՝ վերջին օրերի արյունալի բախումներին արձագանքելիս Ռուսաստանը երկակի կարգավիճակում էր․ - «Մի կողմից՝ որպես միջնորդ Մինսկի խմբում, մյուս կողմից՝ քանի որ գործողությունները ծավալվել են ոչ Հայաստանի դեմ, այլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ապա կարելի է ասել, որ ինքը իրեն պարտավորեցված չի զգացել։ Այդ տեսակետից Ռուսաստանի արձագանքը եղել է՝ որպես միջնորդի։ Համենայնդեպս, ինքն էլ է շատ լուրջ դերակատարում ունեցել այն հարցում, որպեսզի դադարեցվի կրակը»։

Անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մյուս գործընկերների՝ Բելառուսի և Ղազախստանի արձագանքին՝ փոխարտգործնախարարն ասաց՝ նրանցից գոնե չեզոքություն էին ակնկալում։

«Մի դեպքում դրա խախտումը եղել է, մենք դրա մասին տեղեկացրել ենք և հետո իրենք իրենց հայտարարությամբ դա շտկել են։ Խոսքը վերաբերում է Բելառուսին», - նշեց Քոչարյանը։

Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, Հայաստանը չի կարող վստահել կամ հույս դնել ռազմավարական դաշնակիցների՝ ՀԱՊԿ անդամների վրա։

«ՀԱՊԿ-ն երկար լռությունից ու պասիվությունից հետո քննադատեց Ադրբեջանին, բայց ՀԱՊԿ-ի հայտարարությունը խիստ տարբերվում է այդ կազմակերպության առանձին երկրների տեսակետից, ինչպես տեսանք վերջին օրերին», - արձանագրում է քաղաքագետը՝ կարծիք հայտնելով, որ եթե անգամ Հայաստանը դիվանագիտական ջանքեր է գործադրում, որ Ռուսաստանն Ադրբեջանին զենք չվաճառի կամ գոնե չլինի զենքի թիվ 1 մատակարարը, դրանք արդյունք չեն տա, և այս հարցում պետք է մեղադրել ոչ թե Երևանին, այլ Մոսկվային։

«Ռուսաստանը հետևում է սեփական շահերին և շահագրգռված է Ադրբեջանին նույնիսկ ավելի շատ զենք վաճառել», - ասում է Կիրակոսյանը։

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում փոխարտգործնախարարն անդրադարձավ նաև քննադատություններին, թե չնայած սահմանային աննախադեպ լարվածությանը՝ Հայաստանի արտգործնախարարությունը պասիվ է։

«Ուղղակի անհնարին թվարկել, թե ինչքան խոսակցություններ են եղել հենց նախարարի կողմից բազմաթիվ պետությունների նախարարների հետ, Մինսկի խմբի համանախագահների հետ, ինչքան հանդիպումներ են եղել», - հակադարձեց Շավարշ Քոչարյանը։

Հայաստանի նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը չի բացառում, որ գուցե Նալբանդյանի ղեկավարած գերատեսչությունը արդյունավետ աշխատում է, բայց՝ ասում է՝ արդյունքները տեսանելի չեն։

«Դիվանագիտությունը առնվազն մի քանի շերտ ունի՝ երևացող շերտ, ոչ այնքան երևացող շերտ, ընդհանրապես չերևացող շերտ։ Հետևաբար, թե ինչպես է գործել Հայաստանի, և ոչ միայն Հայաստանի, այլ նաև Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարությունը, այս պահին վերլուծել ես չեմ կարող», - նշեց նախկին արտգործնախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG