Մատչելիության հղումներ

Քաղաքագետները նահանջ են տեսնում 1994-ի համաձայնագրից


Լեռնային Ղարաբաղ – Հրետակոծություններից տուժած Մարտակերտի շրջանը, 4-ը ապրիլի, 2016
Լեռնային Ղարաբաղ – Հրետակոծություններից տուժած Մարտակերտի շրջանը, 4-ը ապրիլի, 2016

Փորձագիտական շրջանակները վտանգավոր են համարում Ստեփանակերտի բացակայությունը կրակի դադարեցման շուրջ բանակցություններում:

Արևելյան գործընկերության քաղհասարակության ֆորումի անդամ Հովսեփ Խուրշուդյանը հիշեցնում է` Ռոբերտ Քոչարյանի օրոք Ստեփանակերտը դուրս մնաց բանակցային սեղանից, հիմա էլ կասկածի տակ է դրվում Լեռնային Ղարաբաղի ստորագրությունը 1994-ին կնքված հրադադարի համաձայնագրի տակ:

«Եթե նոր հրադադար կնքվի առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության, Ադրբեջանը կարող է ասել, որ իր նպատակին հասավ: Այսինքն` այն զոհերը, այն կորուստները, որ մենք ունեցանք և այն հաջողությունները, որ մենք ունեցանք ռազմի դաշտում մեր զինվորի քաջության, մեր ժողովրդի ոգեղենության շնորհիվ, էլի դիվանագետները մսխում են` տուրք տալով ադրբեջանական պահանջներին: Ես վստահ եմ, որ Ադրբեջանն է պահանջել, որ Լեռնային Ղարաբաղը չպետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ», - ասում է Խուրշուդյանը:

Արտգործնախարարության ՆԱՏՕ-ի բաժնի նախկին ղեկավար Մարթա Այվազյանը տարակուսած էր` այս օրերի պատերազմը հնարավորություն էր ստեղծել վերջապես ուղղել դիվանագիտական սխալը` Լեռնային Ղարաբաղի իշխանություններին ասպարեզ բերել, բայց տեղի է ունենում հակառակը. - «Լեռնային Ղարաբաղն է այս ամեն ինչի տերը և դա իրենց բախտն է որոշվում: Ես, համենայնդեպս, զգացի միանշանակ աջակցություն Արևմուտքի կողմից նրա, որ Լեռնային Ղարաբաղը ավելի շատ հնչի և Լեռնային Ղարաբաղը նորից վերադառնա բանակցությունների սեղան: Միջազգային լրատվամիջոցները շատ տեղ տվեցին հենց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին` և՛ արտաքին գործերի նախարարին, և՛ խոսնակին: Այնպես որ, այս ամենի ֆոնի վրա, երբ Հայաստանը գնում և բանակցում է առանց ներգրավելու Լեռնային Ղարաբաղին, ես համարում եմ դա բացարձակ սխալ»:

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն ուշադրություն է հրավիրում, որ հենց Մոսկվայում հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ղեկավարները. - «Ռուսաստանը շահագրգռված է մնում կառավարելի շիկացման մոդելի հարցում, երբ թույլ է տալիս, որպեսզի լարվածությունը հասնի գագաթնակետին, որից հետո հանդես է գալիս այսպես ասած միջնորդական և խաղաղապահական առաքելություններով»:

Փորձագետներն ասում են` 22 տարի առաջ կնքված եռակողմ զինադադարից հետո դիվանագիտական նահանջի հետ գործ ունենք, Ռուսաստանն էլ իր հերթին մեծացրեց ազդեցությունը:

«Փաստորեն` Ռուսաստանի հովանու ներքո մենք ունեցանք այդ կորուստը: Այսինքն` Ռուսաստանի միջնորդությունը ի վնաս մեզ է: Հաջորդ քայլը ի՞նչ է լինելու Ռուսաստանի` ևս մի 4 միլիարդի Ադրբեջանին զե՞նք մատակարարի, թե՞ պահանջի Հայաստանից ինչ-որ տարածքներ ազատել, Ադրբեջանին հանձնել ինչ-ինչ ռուս-ադրբեջանական պայմանավորվածությունների հասնելու համար, օրինակ` Ադրբեջանին ԵՏՄ մտցնելու կամ ռուսական խաղաղապահներ մտցնելու դիմաց», - հարցնում է Հովսեփ Խուրշուդյանը:

Նախկին դիվանագետ Մարթա Այվազյանը չի բացառում Երեւանի վրա հնարավոր ճնշումները, բայց հարցնում է` իշխանություններն ամեն անգամ դրանո՞վ են արդարանալու. - «Եթե մեր իշխանությունները այդքան թույլ են, այս դեպքում այլ հարց է ծագում` արդյոք մենք կարիք ունենք նման իշխանությունների»:

Մեկնաբանելով, թե ինչու մոսկովյան բանակցություններին ներկայացված չէր Ստեփանակերտը` Սեյրան Օհանյանը երեկ հայտարարեց, թե «Պաշտպանության բանակի շտաբի պետի մասնակցությունը այնքան էլ նպատակահարմար չէր մարտական գործողությունների այս դժվարին պայմաններում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG