Մատչելիության հղումներ

ՊԲ-ն հրապարակել է ապրիլի 2-ից ի վեր զոհվածների անունները


Պաշտպանության բանակի վերջին տվյալներով, անցած յոթ օրերին շփման գծում զոհվել է 44 զինծառայող, 120-ը վիրավորվել է, 21 զինծառայող շարունակում է մնալ անհետ կորած։

Պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ անցած գիշերվա ընթացքում Ադրբեջանը բազմիցս խախտել է կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը։ Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 2000 կրակոց: Զոհվել է պաշտպանության բանակի երկու զինծառայող, կան վիրավորներ:

Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը փոխանցեց, որ Պաշտպանության բանակն ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը՝ հավելելով․ - «Դժբախտաբար, ունենք երկու զոհ, և սա կրկին ողբերգություն է: Ամբողջ Արցախը ողբում է: Գիտենք, որ այդ զոհերը Թալիշում են»:

Պաշտպանության բանակի վերջին տվյալներով, անցած յոթ օրերին շփման գծում զոհվել է 44 զինծառայող, 120-ը վիրավորվել է, 21 զինծառայող շարունակում է մնալ անհետ կորած։

Իսկ Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ զոհվածների մարմինների որոնման ու փոխանակման համար շփման գծում այսօր 15։00-ից մինչև 20։00-ը լռության ժամ է հայտարարվել․ - «Առկա է պայմանավորվածություն խստորեն պահպանել կրակի դադարեցման ռեժիմը Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծի հյուսիսային և հարավային ուղղություններում ու սկսել ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից զոհված զինծառայողների մարմինների որոնման աշխատանքները: Գործընթացը համակարգում են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները»:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ Ադրբեջանի զինված ուժերը անցած գիշերվա ընթացքում կրակել են նաև Գեղարքունիքի ու Տավուշի մարզի սահմանամերձ դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ։

Թթուջուր համանքի ղեկավար Վիգեն Սահակյանն «Ազատությանը» տեղեկացրեց, որ կրակոցները հնչել են ողջ գիշերվա ընթացքում, տուժածներ չկան․ - «Էս պահին ամեն ինչ նորմալ ա՝ խուճապ չկա, մարդիկ իրենց գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղված։ Նորմալ է, ամեն ինչը լավ ա, մարդկային կամ նյութական կորուստներ չկան, փառք Աստծո»։

Կրակոցներ են հնչել նաև Ներքին Կարմիրաղբյուրում։ Գյուղապետարանից փոխանցեցին, որ մարդկային կամ նյութական վնասներ չկան․ - «Կրակոցներ եղել ա, ավտոմատներից հիմնականում: Հիմա խաղաղ ա, ամեն ինչ նորմալ ա»։

Գիշերն անհանգիստ է եղել նաև Սահմանամերձ Բաղանիսում։ Գյուղապետ Նարեկ Սահակյանն ասաց, որ հակառակորդը կրակել է նաև գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ․ - «Կրակոցներն եղել ա 10-ից մինչև 11։40-ը։ Կրակել են հիմնականում գյուղի ուղղությամբ և շրջանցիկ ճանապարհին: Վնասներ նյութական չկան, Փառք Աստծո, տուժածներ էլ չունենք»:

XS
SM
MD
LG