Մատչելիության հղումներ

Վիրավոր սպայի մայր․ «Հենց հիմա էլ ասում ա՝ շուտ արեք ամեն ինչ, ես գնում եմ»


Վիրավոր սպա Ազատ Ստեփանյանի մայրը՝ Ժաննա Խուդոյանը:
Վիրավոր սպա Ազատ Ստեփանյանի մայրը՝ Ժաննա Խուդոյանը:

Պաշտպանության նախարարության կենտրոնական հոսպիտալում շարունակում են բուժում ստանալ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վիրավորված 32 զինծառայողներ։

Հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը «Ազատությանը» փոխանցեց, որ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 10 զինծառայողների վիճակում էական փոփոխություն չկա․ նրանցից մի քանիսն այսօր կվիրահատվեն։

Հոսպիտալի բակն այսօր նույնպես մարդաշատ էր։ Ուղղաթիռով երեկ Երևան տեղափոխված լեյտենանտ Ալբերտ Մալումյանի ազգականները եկել էին նրանից լուր ստանալու։ Նրանցից մեկն «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Ծնողներին են թողնում, ինձ չեն թողնում: Իմ տվյալներով, գիտակցությունը կա: Արյուն էր կորցրել: Բերել էին Սիսիանի հոսպիտալ, երեկ էլ տեղափոխել են ստեղ»։

Կոմայից դուրս եկած Հրայր Բաղդասարյանի եղբայրը պատմեց, որ վերջինս գիտակցության է եկել ու վիրահատության է պատրաստվում․ - «Բժիշկները գնահատում են ծանր, բայց դրական շատ լավ փոփոխություններ կան․ մի օրում ինքը հա՛մ սկսեց ինքնուրույն շնչել, հա՛մ կոմայից դուրս եկավ: Սաղիս ճանաչեց, հիշողությունը տեղն ա, ամեն ինչ լավ ա»։

26-ամյա սպա Ազատ Ստեփանյանին այսօր երկրորդ անգամ կվիրահատեն։ Մայրը՝ Ժաննա Խուդոյանը պատմեց, որ որդին բազմաբեկորային վնասվածքներ է ստացել, բժիշկները փորձում են փրկել ոտքը։ Ազատին դեռ մի քանի վիրահատություն է սպասվում։

Մոր խոսքով, սպան շտապում է ապաքինվել, որպեսզի ծառայության վերադառնա․ - «Շատ ուրախ եմ, որ տեսա իրեն, թեկուզ ինքը շատ վնասվածքներ ունի, բայց իրա ոգին տեղն ա․․․ Հենց հիմա էլ ասում ա՝ շուտ արեք ամեն ինչ, ես գնում եմ, իմ զորքը ինձ ա սպասում: Իր եռանդը արդեն մեր ամբողջ ընտանիքին ա համակել»:

XS
SM
MD
LG