Մատչելիության հղումներ

Դավիթ Բաբայան․ «Լարվածությունը փոքր-ինչ թուլացել է»


Դավիթ Բաբայան, արխիվ
Դավիթ Բաբայան, արխիվ

Նախօրեին իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են ևս երկու հայ զինծառայողների դիեր:

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում կրակոցները դեռ չեն դադարում: ԼՂ պաշտպանության նախարարության փոխանցմամբ, այս գիշեր ևս հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների և 60 միլիմետրանոց ականանետերի կիրառմամբ, խախտել է կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը: Հաղորդագրության համաձայն՝ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից:

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն, այդուհանդերձ, ընդգծեց, որ քառօրյա ռազմական գործողություններից հետո լարվածությունը փոքր-ինչ թուլացել է: «Բայց ամեն ինչ, ներկա դրությամբ, համեմատության մեջ է, համեմատած այն իրավիճակի հետ, որը եղել է ապրիլի 1-ից 4-ը: Մինսկի խմբի համանախագահների այցից հետո, իհարկե, այդ չորս օրվա պատերազմական գործողությունները դադարեցվել են, նույնիսկ՝ մինչ իրենց այցը: Իրենք եկել են, որ էդ ամեն ինչն ամրագրեն: Տեսնենք, թե ինչպես իրավիճակը կզարգանա»,- «Ազատությանն» ասաց Դավիթ Բաբայանը:

Երեկ հակամարտող կողմերի միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել ժամը 15:00- 20:00 ընթացքում շփման գծի հյուսիսային և հարավային ուղղություններում խստորեն ապահովել կրակի դադարեցման ռեժիմն ու սկսել ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից զոհված զինծառայողների մարմինների որոնման աշխատանքները: Հայկական կողմը որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերել է Պաշտպանության բանակի զինծառայողներ` 1996 թ․ ծնված՝ կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանի և 1996 թ․ ծնված՝ շարքային Անդրանիկ Զոհրաբյանի դիերը: Բաբայանի փոխանցմամբ՝ որոնման աշխատանքներն ավարտված չեն: «Ադրբեջանական կողմին էլ մի քանի դիեր են փոխանցվել, եթե չեմ սխալվում՝ 7, այս գործընթացը պետք է որ շարունակվի, տեսնենք»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Որոնման աշխատանքերին մասնակցել է նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն: Կազմակերպության հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Ազատության» հետ զրույցում ասաց, որ աշխատանքերը կարող են փուլային լինել՝ չբացելով այլ փակագծեր ու միայն նշելով, որ մանրամասները բացառապես քննարկում են կողմերի հետ: «Մեր գործողությունների ավարտը կլինի այն ժամանակ, երբ ընտանիքներին փոխանցվեն զոհերի մարմինները, մինչ այդ, որևէ այլ մանրամասն չենք կարող տրամադրել»,- «Ազատությանն» ասաց Կարմիր Խաչի ներկայացուցիչը: Պաշտոնական տվյալներով, այս պահին հաստատված է, որ հայկական կողմն ունի 46 զոհ, 19՝ անհետ կորած:

Անցած գիշեր ու այսօր առավոտյան անհանգիստ է եղել նաև Հայաստան-Ադրբեջան սահմանագծին: Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմը 16 անգամ կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում՝ կիրառելով հրաձգային, այդ թվում՝ խոշոր տրամաչափի զինատեսակներ:

Հաղորդագրության համաձայն՝ նախորդ օրերի համեմատությամբ, խախտումների պարբերականությունը նվազել է, և ադրբեջանական կողմից արձակված կրակահերթերը կրել են անկանոն բնույթ: Հայաստանի ռազմական գերատեսչությունը հայտնում է նաև, որ Զինուժի առաջապահ ստորաբաժանումները պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG