Մատչելիության հղումներ

Freedom House․ Նավթի ցածր գները լուրջ սպառնալիք են դարձել Եվրասիայի ավտորիտար ռեժիմների համար


Իրավապաշտպան կազմակերպությունը նախազգուշազնում է Եվրոպայում ավտորիտարիզմի աճի մասին:

Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր «Անցումային շրջանում գտնվող երկրներ-2016» վերտառությամբ զեկույցը և նախազգուշացրել՝ Եվրոպայում աճում է ավտորիտարիզմը:

Փաստաթուղթը ներկայացնում է ժողովրդավարության իրավիճակը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, Բալկաններում և Եվրասիայում:

«Ազատական սկզբունքներին հակասող քաղաքականության տարածումը դարձել է Եվրոպայի ժողովրդավարության ամենալուրջ խնդիրներից մեկը», - կարծում են ԱՄՆ-ում տեղակայված կազմակերպության իրավապաշտպանները:

Միգրանտների ճգնաժամը, տնտեսական լուրջ խնդիրները և Ռուսաստանի վերադարձը ավտորիտար ռեժիմին սպառնում են Եվրոպական Միության պահպանությանը և Եվրասիայի կառավարությունների կայունությանը, այս եզրահանգմանն են եկել Freedom House իրավապաշտպան կազմակերպության հեղինակները նոր զեկույցում:

«Նորացված ազգայնական գաղափարները, ազատ տեղաշարժի հնարավորությունների սահմանափակումները և այլ հիմնարար սկզբունքներ սպառնում են Արևելյան Եվրոպայում ժողովրդավարության ամրապնդմանը, եվրոպական նախագծին ընդհանուր առմամբ», - նշում է փաստաթղթի ղեկավար Նեյթ Շենքքանը:

«Նախկին Խորհրդային միության տարածքում իրավիճակի վատթարացման ամենամեծ պատճառը Ռուսաստանն է, որը Պուտինի նախագահության տարիներին հայացքով շրջվեց դեպի ավտորիտարիզմ»,- պնդում են զեկույցի հեղինակները:

Փաստաթղթում նշվում է, որ նախկին խորհրդային միության 15 երկրներից 7-ը կառավարվում են բռնակալների կողմից, որոնք իշխանությունն իրենց ձեռքում են պահում առնվազն 10 տարի շարունակ, սակայն նավթի ցածր գները լուրջ սպառնալիք են դարձել այդ երկրների ռեժիմների կայունության համար:

«Այնպիսի երկրներում՝ ինչպիսիք Ռուսաստանն է, Ղազախստանը, Թուրքմենստանը և Ադրբեջանը, տնտեսությունը ստեղծվել է ավազի վրա», - նկատում է Շենքքանը՝ շարունակելով․ - «Քանի դեռ պահպանվում էին նավթի բարձր գները, եկամուտները մտնում էին կոնկրետ պաշտոնյաների գրպաններ, ովքեր կապեր ունեին իրենց երկրների նախագահների հետ: Այժմ այդ երկրները քաղում են տարիների ընթացքում չդիվերսիֆիկացված տնտեսության, ոչ թափանցիկ ու անպատասխանատու պետական կառավարման համակարգի պտուղները: Սա իր հերթին մեծացնում է սոցիալական բողոքների հավանականությունը»:

«Ազատության» հետ զրույցում Շենքքանը նշում է, որ անցումային երկրներում ի պատասխան տնտեսական դժվարությունների իշխանությունները ձգտում են խստացնել վերահսկողությունը բոլոր ոլորտների նկատմամբ: Ռուսաստանում, օրինակ, Շենքքանի խոսքերով, կտրուկ ուժեղացել է Պուտինի ավտորիտարիզմը և այդ ֆոնին ընդլայնվում են հատկապես քաղաքացիական հասարակության դեմ ուղղված հարձակումները:

Զեկույցի հեղինակի կարծիքով՝ Ուկրաինան մնում է Եվրասիայում ժողովրդավարության հաստատման գլխավոր հնարավորությունը: - «Այդ երկրի կառավարությունը որոշակի առաջընթաց է արձանագրել հետհեղափոխական բարեփոխումների գործում, սակայն Ռուսաստանի կողմից Ղրիմի և Դոնբասի օկուպացիան, ինչպես նաև Մայդանի ժամանակ տեղի ունեցած հանցագործությունների անպատժելիությունը խոչընդոտներ են ստեղծում առաջընթացի ճանապարհին», - նշում է իրավապաշտպան կազմակերպությունը:

«Ընթացիկ տարին Ուկրաինայի համար շրջադարձային է այն առումով, որ պայքար է մղվում կոռուպցիայի և անպատժելիության դեմ: Ուկրաինայի կողմնակիցների համբերությունը հատվում է»,- շեշտում է նախագծի հեղինակը:

Freedom House-ը նշում է, որ Եվրոպայի ժողովրդավարության ամենամեծ մարտահրավերը ազատական գաղափարներին հակասող քաղաքականության տարածումն է:

2015 թվականին Կենտրոնական Եվրոպայի մի շարք առաջնորդներ, հետևելով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի օրինակին, Միգրանտների նկատմամբ այլատյացություն պարունակող հռետորաբանությամբ սկսեցին հանդես գալ:

Հայտարարություններն այն մասին, թե իբր Եվրոպային մահմեդականացում է սպառնում, Եվրոպայի քաղաքական գործիչների և կուսակցությունների համար դարձել են առօրյա խոսակցական թեմաներ: Նման ելույթները խարխլում են ժողովրդավարությունը՝ անտեսելով դրա հիմնարար սկզբունքներից մեկը՝ օրենքի առջև մարդկանց հավասարությունը:

«Ատելություն պարունակող նման խոսակցությունները փոքրամասնությունների և փախստականների հանդեպ բռնությունների կարող են հասցնել», - զգուշացնում է իրավապաշտպան կազմակերպությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG